Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արարատի մարզում նախորդ տարվա ընթացքում գրանցվել է 730 արտակարգ դեպք

Արարատի մարզում նախորդ տարվա ընթացքում գրանցվել է 730 արտակարգ դեպք

ԱՐՏԱՇԱՏ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում 2014 թվականի ընթացքում գրանցվել է 730 արտակարգ դեպք, որից 332-ը տեխնածին են, 398-ը` սոցիալ-կենցաղային բնույթի: Արտակարգ դեպքերի հետեւանքով զոհվել է 17, մարմնական վնասվածքներ ստացել` 376 մարդ: 2013 թվականի համեմատ արտակարգ դեպքերի քանակը մարզում աճել է 31-ով, որոնց հետեւանքով զոհերի թիվը եղել է 22: Այս մասին զեկուցումով եւ նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկավ Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքապետեր: Մարգարյանն իր խոսքում անդրադարձավ բնակչության իրազեկության նպատակով մարզային փրկարարական վարչության կողմից անցկացված հրամանատարաշտաբային, շտաբային ուսումնավարժանքներին, տարբեր կազմակերպություններում անցկացված դասախոսություններին: Նախորդ տարվա ընթացքում 30 համայնքներում անցկացվել են շտաբային ուսումնավարժություններ, 10 կազմակերպություններում` օբյեկտային վարժանքներ եւ դասախոսություններ: Իսկ Փրկարարի օրվա կապակցությամբ մարզի տարբեր տարածաշրջանների դպրոցներում անց կացվել են վարժանքներ, տարհանման միջոցառումներ:Ի թիվս փրկարարների ձեռք բերած հաջողությունների, մարտունակության եւ մասնագիտական ունակությունների բարձրացման աշխատանքների, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից գարնանը կազմակերպված պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական առաջնությանն Արարատի մարզի պատանի փրկարարները նվաճել են երրորդ տեղը: Մարզային փրկարարական վարչության կողմից պարբերաբար անցկացված ստուգումների թվում է նաեւ Արարատի ոսկու կորզման գործարանի անվտանգության լիցենզիայով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը, որի վերաբերյալ տվյալները ներկայացվել են ՏԿԱԻՆ բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչություն: Հաշվետվության ավարտին ելույթով հանդես եկավ մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը: Նա բարձր գնահատեց մարզի փրկարարական վարչության կատարած աշխատանքները: «Ձեր կառույցի դերն օրեցօր ավելի է կարեւորվում: Նրա դերը բարձրանում է նաեւ միջազգային ասպարեզում, քանի որ համատարած աղետներ են, պատերազմներ, բնության արհավիրքներ»,- նշեց նա: Մարզպետի տեղակալն ընդգծեց , որ ինչպես ՀՀ-ն, այնպես էլ Արարատի մարզպետարանը մշտապես նպաստում է մարզի փրկարարական վարչության զարգացմանն ու առաջընթացին: Աստվածատուր Պետրոսյանը եւս  բարձր գնահատեց Արարատի մարզի փրկարարների աշխատանքը, նշելով, որ նրանք միշտ աչքի են ընկել մարտունակությամբ, պատրաստականությամբ, ինչպես նաեւ մասնագիտական կարողությոնների բացարձակ դրսեւորմամբ:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]