1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արեւմուտքն ու Արեւելքը պետք է միավորվեն ու ջարդեն այդ նորածին հրեշին` «Իսլամական պետությանը». քաղաքագետ

Արեւմուտքն ու Արեւելքը պետք է միավորվեն ու ջարդեն այդ նորածին հրեշին` 
«Իսլամական պետությանը». քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի վերադարձը Ռուսաստանին եւ Իսլամական պետության ստեղծումը քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը նախորդ տարվա ամենակարեւոր միջազգային իրադարձություններն է համարում: Դրանք ոչ միայն մի շարք հարցերում ընթացք են փոխել, այլեւ լուրջ առնչություն ունեն Հայաստանի հետ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետն ասում է, որ դեռ 7 տարի առաջ ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է, որ Ղրիմը երբեք Ուկրաինայինը չի լինելու: «Ասացի` այն լինելու է կամ Ռուսաստանինը, կամ Թուրքիայինը եւ եթե Ուկրաինան եւ ՌԴ-ն վիճեն Ղրիմի համար` կշահի Թուրքիան եւ լավ կլինի` հանրաքվեի միջոցով Ուկրաինան վերադարձնի Ղրիմը ՌԴ-ին, առանց որեւէ թշնամության եւ հարաբերությունները խզելու»,- ասում է քաղաքագետը` հավելելով, որ սկզբում իր խոսքերի իմաստը ուկրաինացի լրագրողները չեն ընկալել, սակայն վերջին իրադարձություններից հետո կապվել են Մելիք-Շահնազարյանի հետ եւ նշել, որ վերջինս ճիշտ էր: Քաղաքագետի գնահատմամբ` Ղրիմը քաղաքական մեծ նշանակություն ունի եւ եթե Թուրքիան ձգտեր ու կարողանար քաղաքական եւ ռազմական եղանակով վերցնել Ղրիմը` դա նշանակում է, որ Հայաստանը կհայտնվեր ամբողջական շրջափակման մեջ: «Մեր բոլոր ճանապարհները, բոլոր ուղղությամբ կփակվեին, իսկ Թուրքիան երբեք չի կորցնում առիթը Հայաստանին ամբողջովին շրջափակելու` հատկապես եթե կարողանա անել առանց պատերազմի»,- ասում է Մելիք-Շահնազարյանը` հավելելով, որ Հայաստանին ավելի ձեռնտու է Ղրիմը տեսնել Ռուսաստանի կազմում:

Միջազգային մակարդակի երկրորդ կարեւորագույն իրադարձությունը Իսլամական պետության ձեւավորումն է: «Այն շատ վտանգավոր է: Իրականում մենք ապրում ենք 7-րդ դարում: Այդ դարում ծնվեց Իսլամը. շատ ագրեսիվ կերպով ծնվեց եւ տարածվեց: Այն, ինչ կատարվում է այժմ` նախորդի կրկնությունն է: Ներկայիս դահիճները պահպանում են 7-րդ դարի իսլամը, նրանք զրոյի են հավասարեցնում 1400 տարվա քաղաքակրթությունը, գաղափարախոսություններն ու փիլիսոփայությունը, ինչը շատ գրավիչ է բազմաթիվ մուսուլման հավատացյալների համար»,- ասաց Մելիք-Շահնազարյանը` հավելելով, որ ԻԼԻՊ-ը վտանգավոր է ամբողջ աշխարհի եւ հատկապես քրիստոնյա ժողովրդի համար: Նա վստահ է, որ մոտ ապագայում Մերձավոր Արեւելքում քրիստոնյա բնակչություն չի մնալու:

«Դա կհանգեցնի խոշոր կրոնական պատերազմի: Այսօր Արեւմուտքն ու Արեւելքը պետք է միավորվեն ու ջարդեն այդ նորածին հրեշին, հակառակ դեպքում վաղը ուշ կլինի»,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ արշավը դեպի Եվրոպա արդեն սկսվել է, եւ նրանց համար եվրոպական երկրներն առաջնային թիրախում են:

Ըստ քաղաքագետի, եթե այսօր չբռնեն «Իսլամական պետության» ձեռքը, վաղը կրոնական պատերազմը կարող է գալ նաեւ Հարավային Կովկաս. այդ ժամանակ իրավիճակը կլինի պայթյունավտանգ առանց այդ էլ խիստ լարված մեր տարածաշրջանում:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]