Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայոց Ցեղասպանության փաստի՝ որոշ երկրների չդատապարտվածության տխուր օրինակը հանգեցրեց Հոլոքոստին. ՀՀ-ում հրեական համայնք

Հայոց Ցեղասպանության փաստի՝ որոշ երկրների չդատապարտվածության տխուր օրինակը հանգեցրեց Հոլոքոստին. ՀՀ-ում հրեական համայնք

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության փաստի՝ որոշ երկրների կողմից չդատապարտվածության և չճանաչվածության տխուր օրինակը հանգեցրեց Հոլոքոստին և նոր ցեղասպանությունների: Այդ մասին նշված է Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի (Ֆելլեր), Հայաստանի գլխավոր րաբբի Գերշ Մեյեր Բուրշտեյնի և «Մենորա» հրեական մշակութային կենտրոնի նախագահ Վիլլի Վայների հայտարարության մեջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` դրանում մասնավորապես ասված է.  «Հրեաների մեկ-երրորդի կործանման և այլ ազգությունների ներկայացուցիչներից անթիվ զոհերի հանգեցրած Հոլոքոստը բոլոր ազգերի համար ընդմիշտ ծառայելու է որպես նախազգուշացում այն վտանգներից, որոնք իրենց մեջ պարունակում են ատելությունը, ֆանատիզմը, ռասիզմը և կանխակալությունը»,- նշված է ՄԱԿ ԳԱ բանաձևում:

Վերջին շրջանում մենք ականատես եղանք նացիզմի, հակասեմիտիզմի վերածննդին, ահաբեկչության և բռնության տարածմանը:

Հովել Մարգարեի Գրքում (1,2-3) ասվում է.

«Լսեցե´ք այս, ո´վ ծերեր, և ականջ դրե´ք, ո´վ երկրի բոլոր բնակիչներ. այսպիսի բան եղե՞լ է արդյոք ձեր կամ ձեր հայրերի օրոք։

Սորա մասին պատմեցե´ք ձեր որդկանցը, և ձեր որդիքն իրանց որդկանցը, և նորանց որդիքը ուրիշ սերունդի…»:

Մենք պատասխանատու ենք մեր զավակների ապագայի համար և պարտավոր ենք ամեն ջանք գործադրել` դաստիարակելու երիտասարդությանը հանդուրժողականության, միջմշակութային և միջկրոնական երկխոսության ոգով:

Գիտակցելով երկու բախտակից ժողովուրդների տխուր պատմական ժառանգությունը` մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի պատմության հրեշավոր փաստերը երբեք չկրկնվեն: Միջազգային հանրության անընդունելի լռությունը և անտարբերությունը` մարդկության և, ընդհանրապես, քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործության հանդեպ, աշխարհում ցանկացած ցեղասպանության փաստի չճանաչումը և միտումնավոր ժխտողականությունը միշտ հող է պատրաստում ազգային և կրոնական հողի վրա նոր բռնության առաջացման համար:

Անկախ աշխարհաքաղաքական և այլ բնույթի շահերից` միջազգային հանրությունը պետք է բացարձակ համերաշխություն ցուցաբերի բոլոր ցեղասպանությունների ընդունման, դատապարտման և կանխարգելման հարցում: Մինչդեռ այսօր երկակի ստանդարտների քաղաքականությունը և այդ հարցում համերաշխության բացակայությունը հանգեցրին նրան, որ աշխարհի տարբեր երկրներում մենք մշտապես ականատես ենք լինում բռնությունների նոր ալիքի, անհամերաշխության և այլատյացության գործնականում բոլոր ձևերի դրսևորմանը:

Սարսափեցնում են Եվրոպայում ահաբեկիչների բարբարոսությունը և Իսրայելում ՀԱՄԱՍ-ի անմարդկային գործողությունները:

Ցեղասպանության կանխարգելումն իրենից ներկայացնում է մարդու իրավունքների, մարդու ապրելու իրավունքի պաշտպանության համակարգային մեխանիզմի մի մաս:

Լինելով եվրոպական ժողովրդի մի մաս` մենք դիմում ենք բոլորին, ով ողբում է մեզ հետ միասին` կիսելու մեր Ցավն ու Բողոքը.

«Մարդկության դեմ ցանկացած հանցագործության զոհերի հիշատակության օրերը` Շոան (Հոլոքոստ), Հայոց ցեղասպանությունը (Մեծ Եղեռն), Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի զոհերի հիշատակի օրերը, ինչպես նաև բռնության և ահաբեկչական այլ գործողությունների զոհերի օրերը պետք է լինեն հիշատակության օրեր ոչ միայն հենց զոհերի ժառանգների համար, այլև նրանց ժառանգների համար, ովքեր իրականացրել են այդ հանցագործությունները»:

 

 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]