Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայերն ու հրեաները, որոնք միավորված են անցյալի վերքով, այսօր էլ շարունակում են մնալ հակասեմիտիզմի և հայատյացության թիրախ. Panorama.it

Հայերն ու հրեաները, որոնք միավորված են անցյալի վերքով, այսօր էլ շարունակում 
են մնալ հակասեմիտիզմի և հայատյացության թիրախ. Panorama.it

ՀՌՈՄ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական panorama.it-ն հոդված է հրապարակել` նվիրված Հայոց ցեղասպանությանը, և անդրադարձել Հոլոքոստի պատմությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոդվածում ներկայացվում են 1915 թվականի իրադարձությունների պատմական փաստեր և հայերի ու հրեաների միանման պատմության որոշ էջեր:

«Եկրորդ աշխարհամարտի ժամանակ իր դաշնակիցներից մեկն Ադոլֆ Հիտլերին զգուշացրեց, որ միլիոնավոր հրեաների ոչնչացումն աննկատ չի մնա: Դրան ի պատասխան Հիտլերն ասաց. «Իսկ ով է այսօր հիշում հայերի բնաջնջումը»: Սակայն Հիտլերը սխալվեց, քանի որ ոչ ոք չի կարող բնաջնջել մի ողջ ժողովուրդ և նրա հիշատակը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն այսօր վառ է պահվում»,- ընդգծել է հոդվածագիրը:

Հեղինակը միաժամանակ փաստում է, որ նույն Գերմանիայում այսօր հիշում և ոգեկչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, և հիշեցնում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի հայտարարությունը, ըստ որի` գերմանական կառավարությունը տեղի հայ համայնքի հետ պատրաստվում է կազմակերպել 1915-ի դեպքերին նվիրված միջոցառումներ: Հոդվածում ընդգծվում է նաև, որ գերմանական կողմը տեղյակ է եղել 1915-ին երիտթուրքերի ծրագրած քաղաքականությանը և պատմականորեն նաև Հայոց ցեղասպանության մեղսակիցներից կարող է համարվել:

Անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքանությանը` հոդվածագիրն ընդգծում է, որ նրանք ամեն ինչ անում են Հայոց ցեղասպանության մասին պատմող բոլոր հետքերը թաքցնելու և վերացնելու համար:

Հոդվածում նշվում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ այսօր հնչում են նաև հրեական ձայներ, մասնավորապես, ազգությամբ հրեա գրողներ Ֆուլվիո Կորտեսը և Ֆրանչեսկո Բերտին հրատարակել են Հայոց ցեղասպանության մասին պատմող հուզիչ մի գիրք` «1915. Ժամը երիտթուրքերի ձեռքին» խորագրով:

«Կան բազմաթիվ փաստեր, այդ թվում` լուսանկարներ, որոնք ներկայացնում են հայ մայրերի, հայրերի, երեխաների, ծերերի, տղաների, աղջիկների, մի ողջ ժողովրդի ոնչնչացումը: Այսօր Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց դուք չեք կարող փակել ձեր աչքերը, և, իսկապես, մեր պարտքն է դրանք բաց պահել, քանի որ հայատյացությունը, որով առաջնորդվում են Ադրբեջանը և Թուրքիան, ազդանշան են, որ Ցեղասպանությունը դեռևս կարող է կրկնվել:

Հրեաներն ու հայերը, որոնք միավորված են հիշողությամբ և անցյալի վերքով, այսօր էլ շարունակում են մնալ հակասեմիտիզմի և հայատյացության թիրախ»,- նշել է հոդվածագիրը:   

Հոդվածում հիշատակվում է նաև Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման օրվա կապակցությամբ հղված` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  ուղերձը:

Վերջում հոդվածի հեղինակը շեշտում է, որ 20-րդ դարում հայերը, հրեաները և ռուանդացիներն անցել են ցեղասպանության դժոխքի միջով, սակայն այսօր էլ պահպանում են հիշողությունն այնպես, որպեսզի նմանատիպ ողբերգություններն այլևս չկրկնվեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]