Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեր բանակը ընդամենը 23-ամյա երիտասարդ է, սակայն հասուն է, ինչպես պատկառելի տարիք ունեցող իմաստունը. ՀՀ ԱԺ նախագահ

Մեր բանակը ընդամենը 23-ամյա երիտասարդ է, սակայն հասուն է, ինչպես
պատկառելի տարիք ունեցող իմաստունը. ՀՀ ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 27-ին Ազգային ժողովում ընդունել է մի խումբ զինծառայողների: Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահը ՀՀ ԱԺ պատվո մեդալով է պարգևատրել ՀՀ պաշտպանության նախարարի զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանին: Մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պատվոգրերով և անվանական ժամացույցներով:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր երախտագիտությունն է հայտնել օրենսդիր մարմնի ղեկավարին և պատգամավորներին՝ բանակը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և բանակին աջակցելու համար:

ՀՀ ԱԺ նախագահն իր ելույթում նշել է. 

«Հարգելի պարոն նախարար, 

հարգարժան զինծառայողներ եւ ներկաներ,

Վաղը, հունվարի 28-ին, լրանում է հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը:Մեր բանակը թեեւ ընդամենը 23-ամյա երիտասարդ է, սակայն հասուն է, ինչպես պատկառելի տարիք ունեցող իմաստունը: Իմաստությունն ու հսկայական փորձը հայկական բանակը ձեռք է բերել դժվարությամբ՝ արձանագրելով մեծ հաջողություններ ու, ցավոք, նաեւ ծանր կորուստներ: Բազմիցս եմ ասել, որ հայկական ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը հենց հայոց բանակն է, իսկ երիտասարդները՝ մեր երկրի ապագան կերտողները: Ինչպես բազմաթիվ առիթներով համոզվել ենք, այս 23
տարիների ընթացքում մեր բանակը կանգնած է ամուր, այն հաղթած ու հաղթող բանակ է, ինչի վառ վկայությունն է մեր բանակի հաղթանակներով լեցուն մարտական ուղին:
Հայոց բանակի զինվորների եւ հրամանատարների ջանքերով ու նվիրումով, այսօր երաշխավորված է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների բնակչության խաղաղությունը: Այսօր մեր անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը վստահելի ձեռքերում են` հայոց բանակի ապահով ձեռքերում: Արդեն փաստ է, որ մեր 23 տարեկան բանակը ժամանակակից է, ունի բարձր պատրաստվածություն, համալրված է ամենաարդիական զինտեխնիկայով, ամենաբարձրակարգ մասնագետներով եւ հագեցված է նորագույն տեխնոլոգիաներով:
Հայոց բանակն այսօր, բացի հայրենիքի պաշտպանության սուրբ պարտականությունից, բազմաթիվ երկրներում հաջողությամբ իրականացնում է նաեւ միջազգային խաղաղապահ առաքելություն:

Հարգելի զինծառայողներ,
Ցավով պիտի նշեմ, որ հայկական բանակի տոնին նախորդող օրերն առաջին գծի զինվորական հենակետերում լարված էին, եւ, ցավոք, դեռեւս շարունակում է պահպանվել լարվածությունը: Բոլորս գիտենք լարվածության հիմնական մեղավորին`
մեր հակառակորդ պետության բարձրագույն իշխանությանը, որին թվում է, թե իր դիվերսիոն կամ այլ նենգ գործողություններով կկարողանա արդյունքի հասնել:
Ինչպես համոզվեցինք այս մի քանի օրերի ընթացքում, Ադրբեջանի ղեկավարության անառողջ երեւակայությունը չի կարող գրանցել որեւէ դրական արդյունք. դրանք սոսկ հետեւանքներ են, որի ծանրությունը զգում է յուրաքանչյուր ադրբեջանցի՝ ունենալով մարդկային կորուստներ:
Հայոց բանակի զինվորը երբեք չի տառապում ռազմատենչությամբ, բայց ի զորու է արժանի պատասխան տալ  նման հոխորտանքի յուրաքանչյուր դրսեւորման: Հայոց բանակի զինվորը երբեք չի հարձակվել ուրիշի տան վրա ու միշտ նվիրումով, հաճախ էլ՝ կյանքի գնով, պաշտպանում է իր երկրի՝ իր տան անվտանգությունը:
Այս օրերին էլ հայկական բանակի մի խումբ սպաներ ու զինվորներ հակառակորդի դիվերսիոն գործողությունները կասեցրին իրենց կյանքի գնով եւ ընկան հերոսաբար:
Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր հերոսների հիշատակը…Շնորհակալություն:

Հարգելի բարեկամներ,
Ի դեմս այսօր Ազգային ժողովում հյուրընկալված զինվորների ու սպաների` Բանակի օրվա գալիք տոնի առթիվ շնորհավորում եմ բանակի բոլոր զինծառայողներին՝ անկախ նրանց կոչումից ու զբաղեցրած պաշտոնից: Առանձնահատուկ շնորհավորում եմ նրանց, ովքեր հենց այս պահին դիտակետում եւ խրամատում իրականացնում են մարտական հերթապահություն: Շնորհակալ եմ ձեր նվիրումի, հայրենասիրության ու քաջության համար:

Երախտագիտությունս եմ հայտնում մեր զինծառայողների ծնողներին: Թող ամեն բացվող օր նրանք դիմավորեն ժպիտով ու իրենց զավակներից կամ նրանց մասին լսած բարի լուրով:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում եմ առողջություն, խաղաղություն եւ անվտանգ ծառայություն, իսկ մարտական հերթապահության ընթացքում վիրավորված զինծառայողներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]