Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չորս դպրոցականներ Հնդկաստանի ուղեգրեր ստացան

Չորս դպրոցականներ Հնդկաստանի ուղեգրեր ստացան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Հանրապետության օրվա 65-ամյակին նվիրված միջոցառում կազմակերպվեց Երևանում: Հայ հասարակական, քաղաքական և մշակութային գործիչները հունվարի 26-ին մասնակցեցին տոնին նվիրված հատուկ արարողությանը: Միջոցառման ընթացքում ամփոփվեց «Հնդկաստանն իմ երևակայության մեջ» խորագրով շարադրությունների և նկարների մրցույթը, ներկայացվեց նոր հրատարակություն՝ Հնդկաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունների մասին:


ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Սուրեշ Բաբուն միջոցառման մեկնարկին նշեց. «Շնորհակալ եմ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հնդկաստանի Հանրապետության Նախագահին այս օրվա առթիվ շնորհավորելու համար: Մենք այսօր տոնում ենք մեր ժամանակակից պատմության մեջ շատ կարևոր իրադարձություն: Հնդկաստանն ունեցել է մեծ առաջընթաց արտաքին քաղաքականության ոլորտում վերջին վեց ամսվա ընթացքում՝ շնորհիվ նոր վարչապետի: Հնդկաստանի դեսպանությունը Հայաստանում կազմակերպել է մի շարք իրադարձություններ, և մեր բոլոր ջանքերն ուղղված են ավելի կայուն դարձնել մարդկանց միջև առկա փոխհարաբերությունները»:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանը ներկայացրեց նաև «Հնդկաստան. Նոր տեսլական, նոր եռանդ» հայերեն-անգլերեն հատուկ հրատարակությունը՝ նվիրված Հնդկաստանին և երկկողմ հարաբերություններին:

«Դեսպանության ամենամեծ նախաձեռնություններից էր «Հնդկաստանն իմ երևակայության մեջ» խորագրով շարադրությունների և նկարների համահայկական մրցույթը, որն անցկացվեց Հայաստանի դպրոցականների շրջանում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ: Այսօր մենք արդեն գիտենք այդ մրցույթների հաղթողներին»,- նշեց դեսպանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորեց դեսպանին և հնդիկ ժողովրդին՝ իրադարձության կապակցությամբ:

«Հարկավոր է շեշտել այն տպավորիչ առաջընթացը, որ ապրում է Հնդկաստանի Հանրապետությունը` վերջին տարիներին ցուցադրելով ոչ միայն բացառիկ մշակութային արժեքներ, այլև տպավորիչ տնտեսական աճ և ռազմական ներուժ: Այսօրվա ժամանակակից Հնդկաստանը նորագույն տեխնոլոգիաների, որակյալ կրթության, բարի և ջերմ մարդկանց երկիր է: Խորհրդանշական է, որ անցյալ տարի մենք նախաձեռնեցինք մի մրցույթ, որն անսպասելիորեն դարձավ ամենազանգվածային մրցույթներից մեկը ՀՀ դպրոցականնների համար: Հարյուրավոր հայ աշակերտներ` սիրելով Հնդկաստանը, հաղորդեցին իրենց ջերմությունը՝ նվիրելով իրենց նկարներն ու շարադրությունները հնդիկ ժողովրդին: Հուսանք, որ կկազմակերպենք մրցույթ Հնդկաստանում, և հարյուրավոր հայ աշակերտների կողքին կկանգնեն հազարավոր հնդիկ աշակերտներ»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը՝ շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախորդ տարի դեկտեմբերի 1-ին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ԿԳ նախարարության, Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի միջև` մրցույթը կազմակերպելու վերաբերյալ: Հուշագիրը նպատակ ուներ ամրապնդել Հայաստանի և Հնդկաստանի Հանրապետության միջև համագործակցությունը և իրազեկել հայ դպրոցականներին Հնդկաստանի վերաբերյալ:

«Հնդկաստանն իմ երևակայության մեջ» խորագրով շարադրությունների և նկարների մրցույթի արդյունքներով չորս դպրոցականներ՝ Նանե Պետրոսյանը և Վիկտորյա Թորոսյանը                       /շարադրություն/, Սիրանուշ Մխիթարյանը և Ալվարդ Բաղդասարյանը /նկարչություն/ ստացան ուղեգրեր դեպի Հնդկաստան:

Հնդկաստանը Հայաստանի Հանրապետությունը անկախությունը ճանաչել է 1991թ. դեկտեմբերի 26-ին: ՀՀ և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. օգոստոսի 31-ին: 2009թ. նոյեմբերի 20-ից Հնդկաստանում ՀՀ դեսպանն է Արա Հակոբյանը: ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանն է Սուրեշ Բաբուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]