1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՅԴ-ն վերահաստատել է հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծմանը նվիրվելու հանձնառությունը

ՀՅԴ-ն վերահաստատել է հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծմանը 
նվիրվելու հանձնառությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը իր 125-ամյակի առիթով վերանորոգում է հանձնառությունը՝ բոլոր ուժերով նվիրվելու Հայաստանի ու հայության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, տարածաշրջանում ազդեցիկ գործոն դառնալու, ազգային արժանապատությունը պահպանելու, ինքնիշխանութունը ամրապնդելու եւ համահայկական ներուժի ամբողջական կազմակերպումն ու հզորացումը իրականացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել, որում ներկայացրել է կուսակցության 32-րդ ընդհանուր ժողովի արդյունքները:  

Ժողովն  արձանագրել է որ Հայաստանն ու հայությունը դիմագրավում են լուրջ մարտահրավերներ՝ Հայաստանի եւ Արցախի անկախ հանրապետությունները ամրապնդելու, արդյունավետ կառավարում ապահովելու, համահավաք ուժերով գործելու, ժողովրդի ինքնադրսեւորման համար բարենպաստ, ազատ պայմաններ երաշխավորելու առումով։

ՀՅԴ-ն Հայաստանի ներքաղաքական հիմնական հարցերն է համարում  իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգի կայացումը, բիզնեսի եւ քաղաքականության իրական տարանջատումը, ժողովրդի ազատ կամարտահայտությամբ նոր որակի իշխանության ձեւավորումը, ընկերային արդարության հաստատումը, քաղաքացիների իրավունքների լիարժեք պաշտպանությունը։

Ըստ հայտարարության` Հարավային Կովկասում եւ, ընդհանրապես, տարածաշրջանում, սաստկացել է մեծապետական ուժերի մրցապայքարը՝ ազդեցության գոտիների ընդլայնման կամ ամրապնդման նպատակով։  Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը Հայաստանին կանգնեցրել է ռազմավարական նոր մարտահրավերների առջեւ, իսկ Ադրբեջանը նոր թափ է հաղորդել իր ռազմապաշտ քաղաքականությանը՝ զինադադարի գրեթե ամենօրյա խախտումներ կատարելով եւ լայն ծավալի առճակատման վտանգ ստեղծելով։ 

ՀՅԴ 32-րդ ընդհանուր ժողովն արձանագրել է նաև, որ Թուրքիան կիրարկում է ագրեսիվ քաղաքականութուն իր երբեմնի կայսերապետական դիրքերը վերականգնելու նպատակով, որի թիրախներից են հայրենամերձ գոտիների հայկական գաղութների կազմալուծումն ու ֆիզիկական վտանգի ենթարկելը։ 

ՀՅԴ ընդհանուր ժողովը որոշել է, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հետամուտ պետք է լինի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգի արմատական փոփոխությանը՝ սահմանադրական բարեփոխումների ճանապարհով եւ ընկերային արդարության հաստատումով,  Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման եւ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման ջանքերը շարունակելով, հայության ուժերի մեկտեղման միջոցով` դիմակայել Հայրենիքի անվտանգությանը սպառնացող վտանգներին:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը նկատելով որպես Հայ Դատի պայքարի վերանորոգման հանգրվան՝ ՀՅԴ-ն Հայ դատի ռազմավարական նպատակ է դիտում Թուրքիայից հողային պահանջատիրութունը,  Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը:

ՀՅԴ-ն գերնպատակ է համարում նաև Ջավախքի հայության իրավունքների պաշտպանությունը՝ Ջավախքի հայկական ինքնության պահպանումը համարելով  հայ-վրացական հարաբերությունների սերտացման գրավական:  

Ժողովի արդյունքներով` նպատակ է դրվել  ամբողջական զորակցություն եւ հետեւողական օժանդակութուն ցուցաբերել սիրիահայության ինքնապահպանման պայքարին՝ քաղաքական, նյութական եւ բարոյական բոլոր ուղղություններով, ինչպես նաև համախմբել Սփյուռքի ուժերը` ի խնդիր հայկական գաղթօջախների կենսունակության եւ Հայրենիք-Սփյուռք համագործակցության ընդլայնման։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը իր ամբողջական զորակցութունն է հայտնում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների անկախության գլխավոր երաշխավոր հայոց բանակին, զինված ուժերի ողջ անձնակազմին, որոնք օրնիբուն, հակառակ բոլոր վտանգների, պաշպանում են Հայրենիքի անվտանգությունն ու մեր ժողովրդի անդորրն ու խաղաղությունը։

Իր աշխատանքների ավարտին, ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովը ընտրել է նոր Բյուրո՝ հետեւյալ կազմով.

Վիգեն Բաղումյան (Իրան), Վիգեն Յակուբյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Հակոբ Խաչերյան (Լիբանան),  Հրանտ Մարգարյան (Հայաստան),  Կիրո Մանոյան (Հայաստան), Խաչիկ Մուրադյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ),  Բենիամին Պչաքչյան (Լիբանան),  Հակոբ Տեր- Խաչատուրյան (Կանադա),  Արմեն Ռուստամյան (Հայաստան),  Սպարտակ Սեյրանյան (Հայաստան),  Մուրադ Փափազյան (Ֆրանսիա):

ՀՅԴ Բյուրոն իր առաջին նիստին, Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրել Հրանտ Մարգարյանին եւ քաղաքական ներկայացուցիչ` Արմեն Ռուստամյանին:

Հայ Յեղափոխական Դաշնակցության 32-րդ Ընդհանուր ժողովը գումարվել է 2015 թվականի հունվարի 16-24-ը Դիլիջանում։ Ժողովին մասնակցել են կուսակցության կազմակերպական շրջանների պատգամավորներ եւ խորհրդակցական ձայնով հրավիրյալներ։ Ժողովը քննարկել եւ արժեւորել է կուսակցության անցնող հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումներն ու բացթողումները, ապա լրամշակման ենթարկել առաջիկա քառամյակի համար ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը, արտաքին եւ ներազգային ճակատներում գործունեությունն ու դիրքորոշումները` իր համահայկական եւ Հայաստանակենտրոն աշխարհայացքի հիման վրա։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]