Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքագետն առաջարկում է մեծ հնչեղությամբ նշել նաեւ Վանի հերոսմարտի100- ամյակը

Թուրքագետն առաջարկում է մեծ հնչեղությամբ նշել նաեւ Վանի հերոսմարտի100-
ամյակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ոչ միայն ներկայացնել Ցեղասպանութան անցքերը, այլեւ մեկ քայլ առաջ գնալ եւ զոհի ու տուժածի կերպարին զուգահեռ ներկայացնել նաեւ հայի պայքարող տեսակը: Թուրքագետ Արտակ Շաքարյանը կարեւորում է, որ մեծ հնչեղություն ստանա ոչ միայն ապրիլի 24-ը, այլեւ մայիսի 3-ը` Վանի հերոսամարտը:

«Մենք պետք է կարողանանք ազատվել զոհի բարդույթից, այն տեսակի բարդույթից, որ առանց դիմադրության հանձնել է իր երկիրը: Այս պահին, երբ մենք կարեւորագույն անցում ենք կատարում Հայոց ցեղասպանության հարցում` ճանաչումից դեպի պահանջում, շատ կարեւոր է, որ զոհի կերպարից էլ անցնենք դիմադրություն ցույց տված ազգի կերպարին: Հետեւաբար, շատ կարեւոր է, որ մեծ հնչեղություն ստանա նաեւ մայիսի 3-ը` որպես Վանի հերոսամարտի օր, օր, որ մեր պատմության կարեւորագույն էջերից է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 26-ին կայացած հանդիպմանն ասաց Արտակ Շաքարյանը` հավելելով, որ թյուր են այն կարծիքները, թե հերոսամարտը ներկայացնելով կարող ենք վնասել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նա օրինակ է բերում Հոլոքոստը`շեշտելով, որ հրեաները Վարշավայում լուրջ ապստամբություն են բարձրացրել, դրա մասին խոսվել է, եւ փաստը որեւէ կերպ չի անդրադարձել միջազգային հանրության կողմից հրեաների ցեղասպանության դատապարտմանը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության տարելիցին Հայաստանի պատրաստվածությանը, Շաքարյանը շեշտում է, որ մի քանի հաստափոր գրքի հրատարակումը, կամ ֆիլմի նկրահանումը, որն այդպես էլ դրսում արձագանք չի ստանալու, չի կարող համարվել բավարար եւ արդյունավետ: Ըստ նրա, հրաշալի կլիներ, եթե աշխարհի մի քանի խոշորագույն քաղաքներում Հայոց ցեղասպանության թանգարաններ բացվեին, եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների պատմության դասագրքերում 1915թ. մասին գլուխ հայտնվեր: «Անկեղծ ասած, ծրագրին ծանոթ չեմ եւ տեղյակ չեմ, թե ինչ միջոցառումներ են նախապատրաստվում: Հիանալի անակնկալ կլիներ, եթե նման ծրագրեր իրականացվեին»,- ասաց Շաքարյանը:

Հայաստանին զուգահեռ Թուրքիան էլ է նախապատրաստվում Հայոց ցեղասպանության տարելիցին, եւ թուրքագետին չի զարմացնում Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակը ապրիլի 24-ին նշելու Էրդողանի որոշումը: Նման որոշում Թուրքիան կայացրել էր դեռեւս 2013թվականին` նպատակ հետապնդելով այդ կերպ լռեցնել Հայոց ցեղասպանության առնչությամբ միջազգային արձագանքը: «Էրդողանի հրավերը 102 երկրների նախագահներին, Գալիպոլիի ճակատամարտի մասին Ռասել Քրոուի խեղաթյուրված ֆիլմը ԱՄՆ-ում ապրիլի 24-ին էկրան բարձրացնելը մեկ նպատակ ունեն` լռեցնել ապրիլի 24-ը: Սակայն ես հույս ունեմ, որ Հայոց ցեղասպանության տարելիցը միայն մեկ օր չի ոգեկոչվի»,- ասաց Շաքարյանը` հավելելով, որ այս տարի ապրիլի 23-ին Էրդողանը կրկին հանդես կգա հայ ժողովրդին ուղղված իր ցավակցությամբ եւ կրկին մեջ կբերի ընդհանուր ցավի մասին իր թեզը:

«Թուրքիայում Էրդողանի պատվերով սոցոլոգիական հարցում էր անցկացվել` պարզելու հասարակության վերաբերմունքն իր ցավակցությանը ուղղված հայերին: Հարցվածների մեծ մասը շեշտել էին, որ հայերին պետք է ցավակցել` առանց ցեղասպանություն բառն արտաբերելու: Հետեւաբար, Էրդողանը կանի այնպես, ինչպես ցանկանում է ժողովրդի մեծամասնությունը: Դա պայմանավորված է նաեւ նրանով, որ Էրդողանին անհրաժեշտ է հասարակության աջակցությունը հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու համար: Հետեւաբար, Թուրքիայի դիրքորոշման արտահայտություններում եւ գործողություններում որեւէ փոփոխություն այդպես էլ չի արձանագրվի»,- ասաց Շաքարյանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ին ի թիվս 102 երկրների առաջնորդների նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է հրավիրել Թուրքիա` մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակին: ՀՀ նախագահը պատասխան նամակով հիշեցրել է, որ Գալիպոլիի ճակատամարտում Թուրքիայի համար պայքարող հայ զինվորների ծնողները ենթարկվել են տարհանման եւ սպանվել թուրք զինվորների կողմից: Էրդողանը նման քայլի դիմեց այն ժամանակ, երբ ՀՀ նախագահը 2014թ. մայիսին Թուրքիայի նախագահին հրավիրել էր Հայաստան` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչելու համար: Ավելի ուշ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ նամակը հանձնեց Թուրքիայի նախագահին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Ծիծեռնակաբերդում ոգեկոչելու մասին բազմիցս հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նախատեսվում է, որ այդ օրը Երեւանում կլինեն նաեւ Հռոմի պապը, մի շարք այլ երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]