Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանին չի հաջողվում հանրությունից թաքցնել բանակում իր կորուստները. եւս 3 զոհ, 2 վիրավոր

  Ադրբեջանին չի հաջողվում հանրությունից թաքցնել  բանակում իր կորուստները. 
եւս 3 զոհ, 2 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւի հրամանագրով այդ երկրում կասեցվել է սեփական զինուժին վերաբերող ցանկացած բացասական, առավել եւս` շփման գծում ձախողումներին վերաբերող տեղեկատվության հրապարակում, այդուհանդերձ, այդ երկրի մամուլ նոր տեղեկություններ են թափանցել վերջին օրերին ադրբեջանական բանակի կրած կորուստների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքի կայքը հայտնել է, որ Ադրբեջանի բանակի 3 զինվոր զոհվել եւ 2-ը վիրավորվել են Գեդաբեկի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում` իբրեւ թե  «հակառակորդի իրագործած գործողության» արդյունքում:

Meydan TV-ին հայտնում է, որ Facebook-ի իր էջում այսպիսի գրառում է կատարել Գերմանիայում բնակվող բլոգեր Հաբիբ Մունթազիրը: Նա նշել է նաեւ զոհված զինծառայողների անունները` Զաքաթալայի շրջանից Էլշան Էֆենդիեւ, Դեւեչիի շրջանից ենթասպա Սանան Իսաեւ եւ Հաջիգաբուլի շրջանից զինվոր Վյուգար Գասըմով. նրանք զոհվել են հունվարի 24-ին: Վիրավորվել են կապիտան Իլգար Ասադովը եւ ենթասպա Անար Ալիեւը, որոնք տեղափոխվել են զինվորական հոսպիտալ: Հ.Մունթազիրը նշել է, որ զոհվածները հողին են հանձնվել հունվարի 25-ին:

Հ. Մունթազիրն իր բլոգում գրառել է. «Հուղարկավորության մասնակիցներին խստորեն հանձնարարվել է բջջայինով եւ այլ միջոցներով լուսանկարներ չանել: Պաշտպանության նախարարությունը հասարակությունից թաքցնում է բոլոր այս լուրերը: Ճակատային գոտում արդեն մի քանի օր է` իրադրությունը շատ վատ է»:

Meydan TV հեռուստաալիքը փորձել է այդ առնչությամբ պարզաբանումներ ստանալ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Դերգահլըից, սակայն, վերջինս չի պատասխանել հեռուստաալիքի հեռախոսազանգերին:

Զոհված ենթասպա Սանան Իսաեւի քրոջ ամուսինը` Սադիգ Ալիեւը հեռուստաալիքի հետ զրույցում հաստատել է փաստը: Նա հայտնել է, որ 33-ամյա Սանան Իսաեւի զոհվելու մասին տեղեկացել են հունվարի 24-ին, որին հունվարի 25-ին հուղարկավորել են Դեւեչիի շրջանի Աղդաշ գյուղում: 

Facebook-ի իր էջում «Զաքաթալա Ազերբայջան» էջը տեղադրել է զոհված Էլշան Էֆենդիեւի լուսանկարը եւ արել հետեւյալ գրառումը. «Զաքաթալայի շրջանի Յուխարը Չարդախլար գյուղի բնակիչ Էֆենդիեւ Էլշան Էլչին օղլուն զոհվել է զինծառայությունը կատարելու ժամանակ: Նա կրում էր հայրենիքի համար զոհված իր քեռու` Էլշանի անունը»:

Անունը հրապարակել չցանկացած մի աղբյուր Meydan TV-ին տեղեկացրել է հունվարի 23-ին Նիզամի Շամիլ օղլու Բաբաշովի զոհվելու մասին:

Հունվարի 23-ին ադրբեջանական Qafqazinfo լրատվական կայքը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնել էր, որ պայմանագրային 26-ամյա զինծառայող Ֆիզուլիի շրջանի Արազ-Զարգար գյուղի բնակիչ Նիզամի Շամիլ օղլու Բաբաշովը զոհվել է ինքնաձիգից «անզգուշաբար կրակ բացվելու» հետեւաքով:         

ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր, որ իր տրամադրության տակ եղած միջոցների կիրառմամբ պարզվել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում նախահարձակ հակառակորդը` ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել է առնվազը 15 զոհ եւ 20-ից ավելի վիրավոր, կորցրել է մեկ հրամանատարական եւ մեկ զինվորներ տեղափոխող «Սադկո» տիպի մարդատար ավտոմեքենա:

Այսպիսով` 2015 թվականի առաջին օրերից մինչ այժմ ՀՀ եւ ԼՂՀ սահմանների վրա ադրբեջանական բանակի իրագործած դիվերսիոն գործողությունների արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը նվազագույնը 28 զինծառայող են կորցրել եւ տվել առնվազն 27 վիրավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]