Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի ԱԽ-ն արտահերթ հանդիպում կանցկացնի Ուկրաինայում իրադրության սրվելու կապակցությամբ

ՄԱԿ-ի ԱԽ-ն արտահերթ հանդիպում կանցկացնի Ուկրաինայում իրադրության սրվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ հանդիպում կանցկացնի Ուկրաինայում կտրուկ սրված իրադրությունը քննարկելու համար: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են ՄԱԿ-ին առընթեր Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչությունում, նիստը պլանավորված է Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 24:00-ին), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հանդիպումն անցկացնելու պահանջով հանդես է եկել Լիտվան, որն ԱԽ-ի ոչ մշտական անդամ է:

Սպասվում է, որ նիստի ընթացքում, որն արդեն 29-րդը կդառնա Ուկրաինայում ճգնաժամի սկսվելուց ի վեր, հիմնական ուշադրությունը կդարձվի հունվարի 24-ի առավոտյան Մարիուպոլի բնակելի թաղամասերի գնդակոծման հետ կապված միջադեպին: Նույն օրը Անվտանգության խորհրդի անդամները չեն կարողացել համաձայնեցնել միջադեպի վերաբերյալ հայտարարությունը, որի հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 30 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, եւս 95-ը վիրավորվել են:

ԵԱՀԿ-ի դիտորդների հաշվետվության համաձայն՝ Մարիուպոլի արեւելյան արվարձանների ուղղությամբ կրակ է բացվել հյուսիսարեւելյան եւ արեւելյան ուղղություններից՝ Օկտյաբր եւ Զայչենկո բնակավայրերից: Նախնական գնահատմամբ՝ կիրառվել են «Գրադ» եւ «Ուրագան» համալիրներ:

Կիեւը եւ աշխարհազորայինները գնդակոծման պատասխանատվությունը բարդել են միմյանց վրա:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը հունվարի 25-ը սգո օր էր հայտարարել, քաղաքի գնդակոծումը որակել է «ոչ թե պարզապես ահաբեկչական գործողություն», այլ «հանցագործություն մարդկության դեմ»:

ԵՄ-ի արտաքին գործերի նախարարներն այս շաբաթ հանդիպում կանցկացնեն Ուկրաինայի արեւելքում իրադրության սրվելու կապակցությամբ: Այդ մասին հայտնել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Ինչպես եւ ԱՄՆ-ը, ԵՄ-ի երկրները գնդակոծման պատասխանատվությունը դրել են աշխարհազորայինների վրա, ինչպես նաեւ վերստին Ռուսաստանին մեաղադրել են Ուկրաինայի արեւելյան տարածաշրջանների անկախությունը հռչակածներին աջակցելու մեջ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մարիուպոլի գնդակոծումը գնահատել է «հրադադարի ակնհայտ եւ բացարձակապես չարդարացված խախտում»: Հունվարի 25-ին Մերկելն առանձին հեռախոսազրույցներ է անցկացրել Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հետ: Կանցլերը կոչ է արել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կանխել Ուկրաինայում բռնության հետագա սաստկացումը:

Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ Եվրամիության ղեկավար Դոնալդ Տուսկի հետ: Ելիսեյան պալատի հաղորդագրության համաձայն՝ Օլանդը «լուրջ մտահոգություն է հայտնել» Ուկրաինայի արեւելքում բռնության սաստկանալու վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]