Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դինքի մահվան տարելիցը, Դողու Փերինչեքի դատավարությունն ու հայկական գույքի վերադարձը. Թուրքիայի շաբաթն ամփոփ

Դինքի մահվան տարելիցը, Դողու Փերինչեքի դատավարությունն ու հայկական 
գույքի վերադարձը. Թուրքիայի շաբաթն ամփոփ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարյան նախավերջին շաբաթը Թուրքիայում աչքի ընկավ տարատեսակ դեպքերով, միջոցառումներով և թուրք պաշտոնյաների հայտարարություններով, որոնց զգալի մասն անուղղակիորեն անդրադառնում էր նաև Հայաստանին ու հայերին: «Արմենպրես»-ն ամփոփել է անցնող շաբաթվա  իրադարձությունները՝ առանձնանցնելով դրանցից առավել ուշագրավները:

Այս շաբաթը սկսվեց Հրանտ Դինքի մահվան ութերորդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքով, որոնց մեկնարկը տրվեց սպանության օրվանից՝ հունվարի 19-ից դեռևս մի քանի օր առաջ և շարունակվեց արդեն դրան հաջորդող օրերին:

Դինքի հիշատակին տարբեր միջոցառումներ կազմակերպվեցին Թուրքիայի մի շարք քաղաքներում, ինչպես, օրինակ, Ստամբուլում, Անկարայում, Մալաթիայում, Ադանայում, Ամասիայում, Դիարբեիքրում, Շըրնաքում, Այնթապում և այլն: Ամենաբազմամարդ ցույցը կայացավ Թուրքիայի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում, որին մասնակցեցին հարյուր հազարավոր մարդիկ: Մասնակիցները պահանջեցին առերեսվել Դինքի սպանության և Հայոց ցեղասպանության հետ: Նրանք ընդգծեցին, որ Դինքի իրական մարդասպանները չեն պատժվել և շարունակում են ազատությունը վայելել:

Արարողությանը մասնակցած ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները, ովքեր, ի դեպ, Ստամբուլի քաղաքապետարան առաջարկ էին ներկայացրել Դինքի անունով անվանակոչել Շիշլիի թաղամասի փողոցներից մեկը, իրենց նման պահվածքի համար խսիտ քննադատության արժանացան մյուս կուսակցականների կողմից: Պոլսահայ մտավորականի մահվան տարելիցի միջոցառումները չանցան առանց միջադեպերի: Դինքի ծննդավայր Մալաթիայում կազմակերպված արարողության ժամանակ անհայտ անձը զենք էր հանել և ուղղել էր հավաքվածների վրա: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ էր կիրառել Դինքի տարելիցին նվիրված քայլերթի մասնակիցների վրա՝ ձերբակալելով 20 մարդու: Իսկ Ամասիայում հիշատակի արարողությանը մասնակցելու և ելույթ ունենալու պատճառով Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Միթհաթ Չելիքը կանչվել էր հարցաքննության:

Դինքի մահվան 8-րդ տարելիցին հայերին ուղղված կոչով հանդես եկավ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով Հրանտին անվանեց «Անատոլիայի՝ հայերի ու թուրքերի համատեղ ապագան կառուցելու համար ճանապարհներ փնտրող թանկ մտավորական»: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ վարչապետը շեշտել էր, որ անհրաժեշտ է նոր մեկնարկ տալ դրանց: Դավութօղլուի նման հայտարարությունը հայ թուրքագետները որակեցին որպես պարզունակ և արդեն հայտնի մեթոդներով թուրքական խորամանկություն:

Հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ թուրքական դատարանը չեղյալ է հայտարարել Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարելու «Էրգենեքոն» դատական գործով 6 տարի ազատազրկման պատիժ կրելուց հետո Դողու Փերինչեքի նկատմամբ ընդունված երկրից դուրս գալու արգելքը: Այսպիսով Թուրքիայի Աշխատավորական կուսակցության հայատյաց առաջնորդ Դողու Փերինչեքը կկարողանա ներկա գտնվել հունվարի 28-ին ՄԻԵԴ-ում կայանալիք դատավարությանը, որտեղ որպես ներգրավված կողմ Շվեյցարիայից բացի հանդես կգան նաև Հայաստանն ու Թուրքիան: Փերինչեքն ու նրա փաստաբանական պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնեն հունվարի 27-ին:

Ի դեպ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այս շաբաթ կայացրեց հերթական որոշումն ընդդեմ Թուրքիայի: Թուրքական պետությունը ՄԻԵԴ-ում պարտվեց իր իսկ երկրի ազատազրկված քաղաքացիներին:

Շաբաթը զերծ չմնած նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ թուրք պաշտոնյաների անհարկի մեկնաբանություններից և հայտարարություններից: Իսլամական համագործակցություն կազմակերպության հարթակից ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ խոսեց թուրքական մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքը, ով կրկնեց խնդիրը հօգուտ Ադրբեջանի կարգավորելու ադրբեջանաթուրքական զառանցանքը` եւս մեկ անգամ փաստելով, որ  Թուրքիան ԼՂ հարցում անկողմնակալ լինել չի կարող:

Հայոց ցեղասպանության տարիներին հայկակական ընտանիքներից խլված գույքը հետ վերադարձնելու նպատակով հայերի նախաձեռնած իրավական պայքարի մասին տեղեկություններն այս շաբաթ լրջորեն անհանգստացրին թուրքական հասարակությանը: Հայերի սկսած իրավական պայքարի մասին «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածը սկսեց յուրատեսակ արագությամբ արտատպվել թուրքական ԶԼՄ-ներում: Վերջիններս արձանագրեցին, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայերն իրավական ակտիվ պայքարի անցնելու ազդանշաններ են տալիս:

Շաբաթվա վերջին հայտնի դարձավ թուրքական պետության կողմից հայկական մշակութային հուշարձանների և կոթողների պղծման հերթական դեպքի մասին: Պոլսահայ ականավոր ճարտարապետ Կարապետ Պալյանի կորած գերեզմանաքարը հայտնաբերվեց Ստամբուլի քաղաքապետարանին պատկանող տարածքի փլուզված շենքերի շինհրապարակում: Այն մասին, թե ինչպես էր շիրմաքարը հայտնվել այդտեղ, Ստամբուլի քաղաքապետարանը հրաժարվել էր որևէ պատասխան տալ:

Արաքս Կասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]