Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հատուկ կարիքավոր մարդիկ կկարողանան երթևեկել քաղաքային տրանսպորտով

Հատուկ կարիքավոր մարդիկ կկարողանան երթևեկել քաղաքային տրանսպորտով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքը սպասարկող 10 ավտոբուս համալրվել է հատուկ վերելակներով, որոնք հնարավորություն կտան շարժասայլակներով տեղաշարժվող անձանց երթևեկել քաղաքային տրանսպորտի օգնությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հունվարի 23-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ավտոբուսները կներդրվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները կենտրոնի հետ միացնող երթուղիներում:

«Շատ սպասված նորամուծություն է: Երկար տարիներ աշխատում էինք Երևանի քաղաքապետարանի հետ, որը ցանկություն ուներ ներդնել վերելակներով ավտոբուսներ, սակայն դա թանկ հաճույք էր, այդ իսկ պատճառով փորձեցինք գնալ այլ տարբերակով, երբ դրսից ներկրվեցին վերելակներ և դրանք տեղադրվեցին առկա ավտոբուսների վրա: Արդյունքում յուրաքանչյուր նման ավտոբուսով միաժամանակ կարող են երթևեկել երկու սայլակավոր մարդիկ», - հայտեց «Փյունիկ» ՀԿ-ի նախագահ Հակոբ Աբրահամյանը:

Դեռևս 2014թ. քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր հատուկ կարիքներ ունեցող անձանց համար Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում ձեռք բերել և վերելակներով կահավորել ուղևարափոխադրում իրականացնող 10 ավտոբուս: Նախորդ տարեվերջին պատվիրված հատուկ վերելակները ներկրվեցին Երևան, և այս օրերին դրանք տեղադրվում են «Հայգեր» մակնիշի նոր ավտոբուսներում:

Պատասխանատուների հավաստմամբ՝ գործընթացը կավարտվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Իսկ մինչ այդ վերելակների տեխնիկական հնարավորություններն ու դրանց հարմարավետությունը փորձարկվում են նաև շահառուների մասնակցությամբ:

Համապատասխան կահավորումով ավտոբուսների երթուղիներում շահագործման հարցում կնախընտրվի Երևանի բոլոր վարչական շրջաններից հատուկ կարիքներով անձանց քաղաքի կենտրոն հասնելու հնարավորության սկզբունքը:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառման մեջ նշում է. «Ուրախ եմ տեղեկացնել, որ առաջիկա օրերին կավարտվեն հատուկ կարիքներով մարդկանց համար նախատեսված տրանսպորտային վերելակների տեղադրման և փորձարկման աշխատանքները

Ինչպես և խոստացել էինք՝ հատուկ վերելակներով կահավորվում են ուղևորափոխադրում իրականացնող 10 ավտոբուս, որոնց երթուղիների ընտրության հարցում հաշվի է առնվում Երևանի բոլոր վարչական շրջաններից հատուկ կարիքներով անձանց քաղաքի կենտրոն հասնելու հնարավորության սկզբունքը:

Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկեր հատուկ կարիքներով մարդկանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններին, որոնք մեր կողքին են և իրենց մասնակցությունն են ունենում Երևանը բոլորի համար մատչելի քաղաք դարձնելու այդքան կարևոր գործին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]