Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախագահն ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի պետական նախարարին

Նախագահն ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի պետական նախարարին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի պետական նախարար Մինորու Կիուչիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Նախագահը միջպետական կապերի ամրապնդման տեսանկյունից կարևորել է հաճախակի փոխայցելությունները և գոհունակությամբ ընդգծել, որ վերջին տարիներին Հայաստանի ու Ճապոնիայի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են և նոր բովանդակություն ստանում:

Սերժ Սարգսյանը և պետնախարար Մինորու Կիուչին երկուստեք կարևորել են ս.թ. հունվարի 1-ից Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացումը, որը, նրանց համոզմամբ, զգալիորեն կնպաստի հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանն ու փոխգործակցության օրակարգի ընդլայնմանը: Հանրապետության Նախագահը նշել է, թե ջերմությամբ է հիշում 2012թ. Ճապոնիա կատարած իր պաշտոնական այցը և ձեռքբերված բարձր մակարդակի պայմանավորվածությունները:

Մինորու Կիուչին, Գյումրիի ողբերգության կապակցությամբ, Ճապոնիայի կառավարության և անձամբ իր անունից խորին ցավակցություն է հայտնել Հանրապետության Նախագահին, զոհվածների հարազատներին և ամբողջ հայ ժողովրդին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս վիճակին, առկա մտահոգություններին, ընթացիկ տարում ՀՀ-ում պետականորեն նշվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմային, մտքեր փոխանակել նաև միջազգային արդի խնդիրների շուրջ:

ՀՀ Նախագահը և Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարարը երկկողմ հարաբերությունների զարգացումից բացի, կարևորել են նաև Հայաստանի և Ճապոնիայի համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Փոխգործակցության խորացման առումով նրանք ընդգծել են միջխորհրդարանական կապերի ամրապնդման, երկու երկրների միջև հումանիտար և մշակութային փոխանակումների ակտիվացման, հեռանկարային և փոխշահավետ մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանն ու ժողովրդին՝ Հայաստանի անկախացումից ի վեր մեր երկրին ցուցաբերած զգալի աջակցության, ինչպես նաև հայ-ճապոնական հարաբերությունները խորացնելու գործում պատրաստակամության ու հետևողականության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]