1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կմեծանա բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման արդյունավետությունը

Կմեծանա բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման 
արդյունավետությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում հարկային լրացուցիչ խթաններ կտրամադրվեն ՀՀ կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագրով ՀՀ տարածքից արտահանում իրականացնող ռեզիդենտ հարկ վճարողներին՝ դրանով իսկ նպաստելով տնտեսական աճի տեմպի արագացմանը:

Մասնավորապես, բացառապես արտահանմամբ զբաղվող և տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանող տնտեսվարողների շահութահարկը առաջարկվում է նվազեցնել 10 անգամ՝ ներկայիս 20 տոկոսի փոխարեն սահմանելով 2 տոկոս: «Սա կառավարության ոչ ստանդարտ քայլերից է, որով մենք փորձում ենք խթանել արտահանումը: Եթե մենք կարողանանք ունենալ նման գործընկերներ, ովքեր տարվա ընթացքում 50 մլրդ դրամի ապրանք կարտահանեն մեր երկրից, ապա դա իրոք և՛ աշխատատեղերի ստեղծում է, և՛ լրացուցիչ եկամուտներ կապահովի մեր պետական բյուջեում: Սա պետք է խրախուսենք և բոլորս խոսենք  այս օրենքի նախագծի մասին, որպեսզի նաև տեղյակ լինեն մեր հայրենակիցները և բոլոր այն գործարարները, ովքեր կցանկանան կազմակերպել արտահանում: Մենք մի քանի անգամ քննարկել ենք այս խնդիրը, այն չի կարող վերաբերել հանքարդյունաբերության ոլորտին: Ես կարծում եմ, որ սա մեծ խթան կհանդիսանա արտահանումն ավելացնելու համար»,- այս առնչությամբ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հաջորդ որոշմամբ կառավարությունը հրատապ է ճանաչել օրենքի այս նախագիծը:

Նիստում հավանության է արժանացել «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հստակորեն սահմանվում են հարկային մարմնի կողմից անուղղակի եղանակով հարկերի հաշվարկման հիմքերը և մեթոդները, կատարելագործվում հարկվող օբյեկտների գնահատման և հարկային պարտավորությունների հաշվարկման մեխանիզմները:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունմամբ բնօգտագործման վճարի հաշվարկ-հաշվետվությունները հնարավոր կլինի ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով:

Օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

ՀՀ կառավարությունը սահմանել է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, երկու տարվա ընթացքում, սպիտակ շաքարի ներմուծումը երրորդ երկրներից թույլատրվում է 10 տոկոս ներմուծման մաքսատուրքի վճարման պայմանով՝ մեկ տարվա ընթացքում 4 հազար տոննայից ոչ ավելի ծավալով, հաստատել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև այդ ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալների բաշխման կարգը:

ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությանը իրավունք է վերապահվել 2015-2025թթ. ժամանակահատվածում ներմուծված մաքսատուրքի վճարումից ազատել եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների ապրանքները, որոնք նախատեսված են ՀՀ տարածքում արդյունաբերական վերամշակման համար: Կառավարության որոշման համաձայն, շաքարի այդպիսի հումք ներմուծելու պայման կհանդիսանա շաքարի հումքի նպատակային նշանակության մասին ՀՀ լիազոր մարմնի՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան տրված հաստատման առկայությունը:

Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում գործադիրը կատարել է փոփոխություններ և լրացում, որոնք պայմանավորված են փոքր տնտեսվարող սուբյեկտների համար սահմանված նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը 2015թ. հունվարի 1-ից մինչև 2016թ. հունվարի 1-ը հետաձգմամբ: Այդ ընթացքում կշարունակեն տրամադրվել փոքր տնտեսվարող սուբյեկտների կողմից հատուկ համարներ պարունակող ՀԴՄ կտրոններ, որոնք նույնպես մասնակցում են հարկային վարչարարության օժանդակության նպատակով վիճակահանության անցկացմանը:  Որպես պարգևավճար սահմանված համապատասխանաբար 10 և 5 ավտոմեքենաների հարաբերակցությունը փոխարինվել է 5 և 10 հարաբերակցությամբ՝ հաշվի առնելով դարձերեսին հատուկ համարներ պարունակող ՀԴՄ կտրոնների քանակը օբյեկտիվորեն քիչ լինելու հանգամանքով: Որոշման ընդունմամբ կապահովվի ՀՀ տարածքում ապրանք ձեռք բերող կամ ծառայություն ստացող ֆիզիկական անձանց կողմից բոլոր տեսակի ՀԴՄ-ների կիրառման նկատմամբ հանրային հսկողության մեխանիզմների հավասարաչափ կիրառումը:

ՀՀ կառավարությունը հաստատել է անտառային հողերի, բնության հատուկ պահպանվող տարածքների, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի և բնակավայրերի բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ազգային քաղաքականությունը և դրա իրագործման ռազմավարությունը:

ՀՀ կառավարությունը սահմանել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգը, ՀՀ կառավարության նախատեսած՝ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրեր աշխատելու նպատակով գործուղվող և պայմանագրային պարտավորությունը չկատարող բուհերի շրջանավարտների կողմից ուսման ծախսի փոխհատուցման կարգը, չափը, ժամկետները, հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների և հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություն մատուցող անձանց հաշվառման կարգը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի կազմման մեթոդական ուղեցույցին, տրավմատիզմի կանխարգելմանն ուղղված ռազմավարությանը:

Գործադիրը հավանություն է տվել Արմեն Գևորգյանին ԱՊՀ հարցերի ՀՀ ազգային համակարգողի պարտականություններից ազատելու և Վաչե Գաբրիելյանին ԱՊՀ հարցերի ՀՀ ազգային համակարգող նշանակելու՝ ՀՀ նախագահի հրամանագրերի նախագծերին: Մեկ այլ որոշմամբ` Վաչե Գաբրիելյանը հաստատվել է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Կառավարության որոշմամբ` Արմեն Շահնազարյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար:

Կառավարությունը Սանկտ Պետերբուրգի ինֆորմացիոն տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի ազգային հետազոտական համալսարանի ասպիրանտուրայի սան, Երևանի բնակիչ Դավիթ Փալանջյանին մինչև ուսումնառության ավարտը՝ 2017թ. ձմեռային զորակոչը, տարկետում է տվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:

Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը կառավարության անդամներին հրավիրել է մասնակցելու բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված  միջոցառումներին: Դրանք սկսվելու են հունվարի 28-ին՝ Եռաբլուր պանթեոն այցելությամբ: Նախատեսված են նաև ՀՀ պարգևների հանձնման արարողություն ՀՀ Նախագահի նստավայրում  և հանդիսավոր նիստ Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]