Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ես այնտեղ եմ, որտեղ իմ հովվական պարտքն է ինձ թելադրում. Միքայել եպիսկոպոս Աջապահյան

Ես այնտեղ եմ, որտեղ իմ հովվական պարտքն է ինձ թելադրում. Միքայել 
եպիսկոպոս Աջապահյան

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի մոտ հունվարի 15-ին քաղաքացիների եւ ոստիկանության միջեւ  միջադեպի եւ, ընդհանրապես, ստեղծված իրավիճակի մասին «Արմենպրես»-ին հարցազրույց է տվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը:

-Գերաշնորհ հա՛յր, ինչո՞ւ հունվարի 15-ին այդպիսի իրավիճակ ստեղծվեց Գյումրիում, եւ արդյոք հնարավոր չէ՞ր խուսափել այդ միջադեպից:

-Ցավոք, հունվարի 15-ին շուրջ 95 տոկոս կազմող ողջախոհ զանգվածը հետեւեց 5 տոկոս կազմող արկածախնդիրներին ու բախտախնդիրներին: Անշուշտ, այդպիսի իրավիճակներում դա տեղի է ունենում, եւ վտանգը դրանում է, իսկ այդպիսի օրերին միշտ արկածախնդիրների ու բախտախնդիրների աստեղային ժամն է: Ցանկացած խնդիրների հետ կապված` քաղաքական, տնտեսական եւ այլն մարդկային կուտակումների ժամանակ, արկածախնդիրների ու բախտախնդիրների երանության պահն է: Գայլն ի՞նչ է ուզում՝  մութ գիշեր, արկածախնդրը՝ ժողովրդի կուտակում: Արդյունքում եղավ այն, որ հայերն էլի «իրար գլուխ ջարդեցին» եւ կարող է հիմա այդ փաստից այլ ազգեր քմծիծաղ են տալիս: Եվ դա մի քանի արկածախնդրի պատճառով, ովքեր, ի դեպ, տեղացի էլ չէին: Երբ ես սա ասում եմ, տեսնում եմ , որ համացանցում արդեն նշում են, թե սրբազանը հարցը տեղայնացնում է ՝ գյումրեցների ու ոչ գյումրեցիների է բաժանում: Այսպիսի բաներ տարածողները սադրիչներ են՝ ոչինչ ավելին: Տա Աստված, որ մեր ժողովուրդը հասկանա, որ մենք միմյանց հետ վիճելու խնդիր չունենք: Մեր իշխանություններն էլ մեզ խոստանում են, որ իրենք ամեն ինչ պետք է անեն, որպեսզի այդ վիժվածքին հանձնեն Հայաստանի արդարադատությանը, եւ դրա համար ի՞նչ կարիք կա գնալ ՌԴ հյուպատոսարանի վրա եւ մեր ոստիկանների վրա քարեր նետել: Այստեղ տրամաբանություն չկա: Եվ, ինչպես ինչպես կարելի է այս դեպքում չտեսնել սադրիչ ձեռքը, որ հայի ձեռքը բարձրացրեց հայի վրա: Այստեղ հարցը գյումրեցին ու ոչ գյումրեցին չէ՝ գյումրեցի բախտախնդիրներն էլ են վազում` ավելացրած նաեւ ոչ գյումրեցիները: Նմանատիպ բախտախնդիրները չեն ուզում լսել, այլ ուզում են գոռալ եւ, ցավոք, լինում է այն , ինչ լինում է: Ես ոչ մի կապ չեմ տեսնում ոճրագործին հայ իրավապահներին հանձնելու պահանջի եւ հյուպատոսարանի վրա հարձակվելու մեջ: Չկա տրամաբանություն: Ցավոք, այն մարդիկ, ովքեր ստանձնել էին առաջնորդությունը, երբ տեսան, որ ամեն ինչ անկառավարելի է դառնում՝ պատասխանատությունն իրենց վրայից գցեցին:

-Սրբազան, այն, ինչ կատարվեց, ժամանակի՞ն էր:

-Ես 2 օր առաջ խնդրեցի, որ այս չանեն հիմա, քանի որ մեր նպատակը Ավետիսյաններին հողին հանձնելն է, որովհետեւ այդ օրերին` հոգեհանգստի կամ թաղման, ամեն տեսակի արկածախնդիրները բոլոր տեղերից վազում են այդ վայրը: Նախ հիշատակն էր պետք հարգել, աճյունները  նորմալ հողին հանձնել եւ աղոթել ննջեցյալների հոգիների հանգստության համար, ապա նոր հանգստանալ եւ գործել: Մեր ժողովուրդը չի կարող հասկանալ, որ զգացմունքայնությունը կործանարար է ամեն ինչի մեջ, նույնիսկ այսպիսի կորուստի պայմաններում: Սթափ բանականությունը պետք է հաղթեր: Փառք Աստծո, որ երեկ զոհ չեղավ: Պատկերացնու՞մ եք` այսքանից հետո մի հատ էլ զոհ ունենայինք մեր անմտության ու անփութության պատճառով:

-Սրբազան, թեեւ բոլոր գիտենք թեմին Ձեր նվիրվածության մասին, բայց երեկ բոլորն անակնկալի եկան, երբ Ձեզ տեսան Շիրակի մարզային դատախազության  մոտ: Ի՞նչ էր դա՝ բողոքին միանալու գործողությո՞ւն, թե` ժողավրդին հանգստացնելու փորձ:

-Ես այնտեղ եմ, որտեղ իմ հովվական պարտքն ինձ թելադրում: Երեկ եղան արտահայտություններ՝ թե բողոքի ցույցին միացել է Միքայել սրբազանը: Ես բողոքի ցույցին չեմ միացել, ես հետեւել եմ բողոքի ցույցին, որպեսզի տեսնեմ, թե իմ ժողովուրդը՝ երկու կողմերում էլ,  ինչ երկխոսության մեջ է: Ես բողոքի ցույցին չեմ մասնակցել, ես մասնակցել եմ բողոքին, մասնակցում եմ ու կմասնակցեմ: Ես հետեւում էի եւ, երբ կոչեր եղան, որ սրբազանը խոսի, բնականաբար, ես էլ խոսեցի. այս է եղել ընդամենը: Մեր ժողովուրդը քրիստոնյա է: Այդ վիճակում գտնվող այդքան ժողովուրդը աղոթեց. դա խոսում է այն մասին, որ մենք իրոք քրիստոնյա ենք:

-Սրբազան, հանգուցալուծումը դուք տեսնո՞ւմ եք:

-Անշուշտ, տեսնում եմ եւ հույսեր ունեմ, որ այդ հանգուցալուծումը պետք է լինի, բայց այդ հանգուցալուծումը հիմնականում ՌԴ-ի ձեռքում է: Եթե նույնիսկ կա իրավական ինչ-որ դժվարություն, իրեն ավագ եղբայր համարողը պետք է հաղթահարի այդ դժվարությունը եւ «բարի կամքի ժեստ» անի եւ ինքը հանձնի այդ ոճրագործին ՀՀ արդարադատությանը: Ես կրկին հույս եմ հայտնում, որ մեր պետությունն իր պատշաճ ամրության վրա կգտնվի եւ, ավելին,  թույլ չի տա, որ ոճրագործը Հայաստանից հասնի Ռուսաստան, իսկ ռուսական կողմը գոնե մեկ անգամ պետք է բարի կամք դրսեւորի եւ չխոսի իր «ուստավով»: «Ուստավով» նախատեսված չէր, որ մենք ռուս զինվորին ջուր ու հաց տանք, ու այն  բոլոր հանդուրժողականության դրսեւորումները, որ մենք այս տարիների ընթացքում ցուցաբերել էինք ռուս զինվորի նկատմամբ` «ուստավով» չէին նախատասված: Ուրեմն, եթե մենք այս ողջ ընթացքում ցույց ենք տվել օրենքից վեր սեր, հարգանք ու հանդուրժողականություն ռուս զինվորի նկատմամբ, ռուսական կողմն էլ մեկ անգամ օրենքից դուրս քայլ պետք է կատարի: Մենք չենք ասում այդ մարդասպանին տանք Լինչի դատաստանին, կամ մահապատժի ենթարկենք, այլ ասում ենք` տվեք հայ իրավապահներին:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]