Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կենտրոնական բանկը 2015 թվականին էապես կմեծացնի բանկային համակարգի կայունության պահանջները

Կենտրոնական բանկը 2015 թվականին էապես կմեծացնի բանկային համակարգի 
կայունության պահանջները

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում առկա մարտահրավերներին արձագանքելու և երկարաժամկետ կայուն տնտեսական աճի հիմքերը ամրապնդելու համար նոր մոտեցումներ և ճկունություն է անհրաժեշտ: Վերջին ամսվա ընթացքում Հայաստանի ֆինանսական շուկայի տարերային զարգացումները միայն ստանդարտ մոտեցումներով չէին կարող հաղթահարվել: Ելույթ ունենալով Կենտրոնական բանկի տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ` այս մասին նշել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը և ընդգծել, որ Կենտրոնական բանկը գործում է նոր միջավայրում, որտեղ անհրաժեշտ է հաշվի նստել նաև հասարակության վարքագծի արագ փոփոխությունների հետ:

«Ուրախ եմ, որ հաջողվեց վերջին շրջանում ֆինանսական շուկաներում հավասարակշիռ վիճակը վերականգնել և կայուն պայմաններում դիմավորել ամանորը: Մեր քաղաքացիների և տնտեսվարողների մոտ դեռևս կան մտավախություններ գալիք տարվա առաջին ամիսների հետ կապված, սակայն մեր կողմից արդեն իսկ գործի դրված միջոցառումները երաշխավորելու են ֆինանսական շուկայում կայունությունը:  Ցանկանում եմ երախտիքի խոսքս ուղղել մեր այն քաղաքացիներին և տնտեսվարողներին, ովքեր վստահում են դրամին` մեր անկախության և պետականության կարևոր խորհրդանիշներից մեկին և շեշտել անկախ միջազգային փորձագետների կարծիքը, որ հայկական դրամը զարգացող երկրների և հատկապես մեր տարածաշրջանի երկրների ամենակայացած արժույթներից է: Նրանք, ովքեր վստահեցին ազգային արժույթին և անհարկի գործարքներ չիրականացրեցին, զերծ մնացին արտարժույթի փոխարկումների արդյունքում առաջացած վնասներից: Ներկայումս էլ շատ տնտեսվարող սուբյեկտներ փորձում են արհեստականորեն, զանազան ուղիներով ձևավորել դրամի արժեզրկման սպասումներ՝ փորձելով մեղմել իրենց իսկ սպեկուլյատիվ գործարքների արդյունքում ձևավորած վնասները: Ժամանակն է համապատասխան դասեր քաղելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Արթուր Ջավադյանը:

Խոսելով աշխարհում և տարածաշրջանում  ընթացող տնտեսական և քաղաքական տեղաշարժերի մասին` նա նշել է, որ  կառուցվածքային տեղաշարժերն իրենց խտացված անդրադարձն են թողնում Հայաստանի տնտեսության վրա: «Սակայն, Հայաստանի տնտեսությունը տարբերվում է իր հիմնարարներով և այդ առումով Ռուսաստանի տնտեսության ազդեցությունը, կամ վերջինիս բանկային համակարգի խնդիրները չեն կարող ամբողջությամբ տեղափոխվել մեր տնտեսություն: Դա պարզապես անհնար է:  Երկարաժամկետ տնտեսական աճի ձեռքբերման և դրա համար կարևոր նախապայման հանդիսացող գների կայունության ապահովման նպատակին էր ուղղված 2014 թվականի ընթացքում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական նվազեցման  քաղաքականությունը: Տարվա վերջի զարգացումները փոխեցին մեր քաղաքականության ուղղությունը, և այսօր կարող ենք արձանագրել, որ մեզ հաջողվեց զսպել ֆինանսական շուկայի գերարձագանքը և որոշակիորեն մեղմել գնաճային ճնշումները: Այս գործընթացն ուղեկցվեց պետական մյուս մարմինների և միջազգային ֆինանսական կառույցների հետ սերտ համագործակցությամբ»,- ասել է նա:

Ֆինանսական կայունության առնչությամբ ԿԲ նախագահը շեշտել է, որ Հայաստանի ֆինանսական համակարգը բազմիցս ապացուցել է ցնցումներին դիմակայելու իր ունակությունը: «Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ չնայած բանկային համակարգը բավարար կապիտալացված է, 2015 թվականին էապես մեծացնելու ենք բանկային համակարգի կայունության պահանջները: Այն է՛լ ավելի կամրապնդի դրսից եկող ցնցումների նկատմամբ ֆինանսական համակարգի դիմադրողականությունը և կմեծացնի տարածաշրջանում բանկային համակարգի մրցունակությունը: Դրա համոզիչ ուղին բանկային համակարգի խոշորացումն է: Ընդհանուր առմամբ` 2014 թվականը ֆինանսական համակարգի համար նշանավորվեց որպես մարտահրավերներով լեցուն, սակայն նաև ձեռքբերումների տարի: Ֆինանսական համակարգը տարվա ընթացքում շարունակեց ցուցաբերել դինամիկ կայուն աճի միտումներ՝ իր դերակատարումն ունենալով տնտեսական աճի խթանմանը: Տարվա ընթացքում շարունակվել են պահպանվել տնտեսության իրական և ֆինանսական հատվածների ինտեգրման խորացման միտումները: Սա են փաստում ֆինանսական համակարգի ակտիվների ու վարկերի համախառն ներքին արդյունքի հետ հարաբերակցության ցուցանիշների 6 և 8 տոկոսային կետերով աճերը: Ներկայումս ֆինանսական համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմում է 83%, իսկ վարկեր/ՀՆԱ ցուցանիշը՝ 50%` առաջ անցնելով տարածաշրջանի երկրներից»,- ընդգծել է Ջավադյանը:

Նա նաև նշել է, որ այս տարի Կենտրոնական բանկը Կառավարության հետ շարունակել է ակտիվ աջակցություն ցուցաբերել սոցիալական վարկային ծրագրերի իրականացմանը, մասնավորապես, հիփոթեքային, գյուղատնտեսական, զինծառայողներին, ուսանողներին, երիտասարդ տարբեր մասնագետներին տրվող և այլ վարկային ծրագրերով:

«Կենտրոնական բանկը շարունակել է խորացնել համագործակցությունը տարբեր միջազգային կառույցների հետ` տարեվերջին կնքելով շուրջ 100 միլիոն դոլարի նոր պայմանագրեր: Մեր կողմից վարվող մակրոտնտեսական քաղաքականության դրական գնահատականով հանդես եկավ ԱՄՀ-ն՝ դեկտեմբերի 19-ին իր խորհրդում հաստատելով Հայաստանի և ԱՄՀ եռամյա համատեղ ծրագրի առաջին պարբեաշրջանի գնահատումը և դեկտեմբերի 23-ին Կենտրոնական բանկի հաշվին փոխանցելով ԱՄՀ վարկի հերթական տրանշը»,- ասել է Ջավադյանը:

Ամփոփելով ելույթը` գլխավոր դրամատան ղեկավարը նշել է,  որ Կենտրոնական բանկը արդյունավետ աշխատելու պատրաստակամությամբ և բարձր պատասխանատվությամբ է մուտք գործում 2015 թվական:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]