1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում մեկնարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի «Մերձավոր Արեւելքի նպաստամատույցի աստղը» նախագիծը

Հայաստանում մեկնարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի «Մերձավոր Արեւելքի նպաստամատույցի աստղը» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) սկսում է «Մերձավոր Արևելքի նպաստամատույցի աստղը» նախագիծը: Այն նվիրվում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից իրականացված աշխարհի խոշորագույն նպաստամատույց առաքելությանն ու ժառանգությանը, որը, ցավոք, ներկայում մոռացվում ու անտեսվում է ամերիկյան հիշողության և ներկա քաղաքականության մեջ: Ուշագրավ է, որ Մերձավոր Արևելքի նպաստամատույցի ժառանգությունը որպես օրինակ ծառայեց հետագայում նպաստամատույց գործունեության իրականացման համար ողջ աշխարհում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՑԹԻ-ից, այս առիթով ՀՑԹԻ տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն ասում է. «Մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն ներառում է հարյուրավոր բացառիկ բնօրինակ լուսանկարներ, փաստաթղթեր, հուշանմուշներ և այլ իրեր, որոնք կապված են Ամերիկյան մերձավորարևելյան նպաստամատույցի պատմության հետ: Վերջին 7 տարվա ընթացքում ՀՑԹԻ-ի հավաքածուն հարստացել է թանգարանային նոր ցուցանմուշներով, որոնք առնչվում են Մերձավոր Արևելքի նպաստամատույցի պատմությունը: Սա մի եզակի դրվագ է համաշխարհային պատմության մեջ, երբ տասնյակ ամերիկացիներ աշխատել են Խորհրդային Միության տարածքում, նախքան երկու երկրները պաշտոնապես կճանաչեին միմյանց: Բայց, առաջին հերթին, Մերձավոր Արևելքի նպաստամատույցի պատմությունը մարդասիրության և ամերիկյան աշխարհամասից հազարավոր մղոն հեռավորության վրա ապրողների համար օգնություն կազմակերպելու բացառիկ մի պատմություն է»

orphans

2015 թվականին ՀՑԹԻ-ն նախատեսում է մի շարք միջոցառումներ իրականացնել՝ նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին և Մերձավոր Արևելքի նպաստամատույցին: Նախագծի հիմքը կլինի 36 խորագրից բաղկացած ժամանակավոր ցուցադրությունը` զուգակցված բնօրինակ իրերով և բազմալեզու կատալոգով, որը կցուցադրվի աշխարհի տարբեր երկրներում: Կներկայացվի Մերձավոր Արևելքի նպաստամատույցի նախկին որբանոցների վայրերը պատկերող լուսանկարչական ցուցադրություն, տեղի կունենա հիշատակի բացիկների ու նամականիշերի թողարկում և մարում: Ըստ ժամանակացույցի կկատարվեն նաև հիշատակի միջոցառումներ՝ նվիրված Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հիշատակին, ով ոգեշնչեց ամերիկյան մարդասիրական ներգրավվածությունը Մերձավոր Արևելքում:
ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը` նախագծի համակարգողներից մեկը, նշում է. «Ցեղասպանության ընթացքում և դրանից հետո կազմակերպված օգնության պատմությունը ևս մեկ ապացույց է մասշտաբների և հետևանքների առումով նախադեպը չունեցող ցեղասպանության: 20-րդ դարի սկզբին, ամերիկյան կառավարության և ամերիկացի ժողովրդի կողմից տրամադրված օգնությունը կարևոր նշանակություն ունեցավ տասնյակ հազարավոր կյանքեր փրկելու գործում»: 
Ներկայումս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն ունի ավելի քան 700 թանգարանային միավոր՝ կապված Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի հետ, այդ թվում՝ պաստառներ, բացիկներ, դրամահավաքի բուկլետներ, նամականիշեր, կրծքանշաններ ու մեդալներ, ինչպես նաև, նպաստամատույցի աշխատակիցների օրագրեր, որբերի հուշեր, որբանոցային և անձնական իրեր: Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի գործունեությանը վերաբերող շուրջ 500 բնօրինակ լուսանկարներ ներառված են ՀՑԹԻ հավաքածուում, որը աշխարհում Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի պատմությանը վերաբերող խոշորագույն հավաքածուներից մեկն է:
Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստամատույցի շրջիկ ցուցադրությունը մեկն է 2015-2016 թվականներին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախատեսած քսան ցուցադրություններից, որոնք լուսաբանում են 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանության բոլոր դրվագները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]