1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անանիա Շիրակացու անվան ճեմարանը հպարտ է իր քառորդդարյա գործունեությամբ ու սաներով

Անանիա Շիրակացու անվան ճեմարանը հպարտ է իր քառորդդարյա 
գործունեությամբ ու սաներով

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անանիա Շիրակացու անվան ճեմարանի 2014 թվականի գործունեության ամփոփմանն ու նաև նվաճումներին էր նվիրած կրթահամալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին հանրապետության առաջատար մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ: «Անցնող տարին հիրավի նշանակալից էր մեր կրթօջախի համար, որը եկող տարի նշելու է իր հիմնադրման 25-ամյակը: Հետադարձ հայացք գցելով մեր անցած ուղուն՝ համոզվում ենք, որ ճեմարանի ստեղծումը պատմական անհրաժեշտություն էր, օրվա պահանջ,- ասաց ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը: - Ընդամենը մեկ տարվա ընթացքում Շիրակացու անվան ճեմարանը դարձավ Միջազգային բակալավրիատի (ՄԲ) լիիրավ անդամ՝ միակը Հայաստանում: Աշխարհի 140-ից ավելի երկրներում գործող 5000 դպրոցների միայն 6 % -ն է, որ իրականացնում է երեք ծրագրերը: Այսինքն՝ ՄԲ ծրագրով  են պարապում Շիրակացու անվան ճեմարանի բոլոր երեք՝ կրտոսեր, միջին և ավագ դպրոցները, ընդ որում, այդ ծրագրով ուսուցանելու հավաստագրին արժանանալու համար ճեմարանը չի անցել անհրաժեշտ փորձաշրջան: Այսօր, երբ մենք ամփոփում ենք քառորդ դարի գոյության մեր արդյունքները, ուզում եմ զեկուցել հանրությանը, որ Շիրակացու ճեմարանը ոչ մի օր և ոչ մի վայրկյան չի շեղվել իր ուղեծրից, անգամ անելանելի վիճակներում»:

Ճեմարանը իրավամբ հպարտանում է իր սաներով: 25 տարվա ընթացքում ճեմարանի բոլոր 1324 շրջանավարտները համալսարան են ընդունվել ճեմարանն ավարտելու տարում: Նրանցից շատերը սովորում կամ կրթություն են ստացել աշխարհի ճանաչված բարձրագույն ուսումնական հաստատություններում, այդ թվում Հարվարդի, Քեմբրիջի, Սորբոնի, Ստենֆորդի, Մոսկվայի Լոմոնոսովի անվան, Մասաչուսեթսի, Տորոնտոյի, Պեկինի, Տոկիոյի և այլ համալսարաններում: Անցած տարիների ընթացքում ճեմարանականները 12 մրցանակ են շահել առարկայական համաշխարհային օլիմպիադաներում, 34 մրցանակ՝ միջազգային օլիմպիադաներում և 140 մրցանակ միջազգային այլ մրցույթներում ու ստուգատեսներում:

Տնօրենից հետո ասուլիսը վարող Ազա Գևորգյանը, ով անցյալ ուսումնական տարում է ավարտել կրթօջախը և այսօր ուսանում է Ամերիկյան համալասարանում, ձայնը տալիս է ճեմարանի փոխտնօրեն Գագիկ Թոռչյանին: Վերջինս լրագրողներին ծանոթացնում է ճեմարանի կրթական ծրագրին` շեշտելով, որ ճեմարանի հեղինակային կրթական ծրագրի գաղափարախոսությունը ձևավորվեց շատ արագ: Իր բոլոր նպատակներով, խնդիրներով և սկզբունքներով այն ամրագրվեց որպես առաքելություն, ընդամենը մեկ նախադասությամբ ասած՝ «Կերտել ազգային հենքի վրա ձևավորված համամարդկային արժեքներ կրող իսկական քաղաքացի և մտավորական»: Այնուհետև ելույթ ունեցողը բերեց մի քանի թվեր, որոնք վկայում են ճեմարանի ուսուցման գործընթացի բարձր որակի մասին:

Ճեմարանում Միջազգային բակալավրիատի ծրագրի համակարգող Տաթևիկ Նալբանդյանը ներկաներին հանգամանալից բացատրեց, թե ի՞նչ է Միջազգային բակալավրիատի ծրագիրը, ե՞րբ է այն ստեղծվել, ու նաև այն մասին, թե ինչպես են դառնում Միջազգային բակալավրիատի ծրագիր իրականացնող դպրոց: Նա ևս ընդգծեց, որ Շիրակացու ճեմարանի բոլոր դպրոցներն էլ աշխատում են այդ ծրագրով՝ մանրամասն բացատրելով այն հիմնարար սկզբունքները, որով գործում են այդ դպրոցները:

«Արմենպրես»-ի թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք ճեմարանի սաներից կան այնպիսիք, ովքեր արժանացել են պետական մրցանակների, ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը պատասխանեց «Ճեմարանի երեք շրջանավարտներ ֆիզիկայի բնագավառում կատարած կարևոր հետազոտությունների համար արժանացել են Հայաստանի Հանրապետության նախագահի հատուկ մրցանակի, իսկ 16 ճեմարանականներ արժանացել են ՀՀ նախագահի «Տարվա լավագույն աշակերտ» մրցանակի: Ավելորդ չեմ համարում ասել, որ 100-ից ավելի սաներ գիտությունների թեկնածուներ են»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]