Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ետ` Հայաստան. BBC-ի հատուկ ռեպորտաժը սիրիահայերի անցած դժվարին ուղու մասին

Ետ` Հայաստան. BBC-ի հատուկ ռեպորտաժը սիրիահայերի անցած դժվարին ուղու 
մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական հեղինակավոր BBC հեռուստաընկերության ռուսական ծառայությունը հատուկ ռեպորտաժ է պատրաստել սիրիական պատերազմի պատճառով պատմական հայրենիք գաղթած սիրիահայերի մասին: Հայաստանում այսօր բնակվում է շուրջ 12 հազար սիրիահայ: «Զարմանալի չէ, որ նրանցից շատերը ցանկանում են մշտական հաստատվել Հայաստանում: Այստեղ նրանց դիմավորում են ոչ թե գաղթականների, այլ հայրենադարձների նման: Սիրիահայերին տրվում են մի շարք առողջապահական և կրթական արտոնություններ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ  նշում է BBC-ի թղթակիցը: «Այնտեղ մարդկանց էին առևանգում և փրկագին պահանջում: Հայրս ասում էր, որ երկրից դուրս գալու ժամանակն է, բայց ես տարակուսում էի, մինչև որ ինձ բանակ կանչեցին: Ընդ որում, կանչում էին երկու կողմից էլ: Դա արդեն խնդիր էր, որովհետև եթե երկու կողմից են կանչում, ուրեմն պետք է ինչ-որ բան ձեռնարկել»,- պատմում է Շանթ Խայալյանը: Թեև օրգանական կարագի նրա բիզնեսը Հայաստանում այնքան եկամտաբեր չէ, որքան մինչ պատերազմական Սիրիայում, Խալալյանը մտադիր է մշտապես մնալ Հայաստանում:

Սիրիայում ծագած քաղաքացիական պատերազմից մինչ օրս Հայաստանն իր դռները բացել է սիրիական հակամարտության պատճառով տեղահանված հազարավոր հայերի համար: Կառավարությունը նրանց տրամադրել է արագացված կարգով մուտքի վիզաներ, միջին և երկարատև կացության կարգավիճակ, քաղաքացիություն ստանալու հնարավորություններ, արագացված քննվում են ապաստանի դիմումները: ՀՀ անձնագրեր սիրիահայերը կարող են ստանալ նաև Սիրիայից: «Ինչպես նշել է Հանրապետության Նախագահը. «Հայը չի կարող փախստական լինել իր հայրենիքում»: Սա սիրիահայերին քաղաքացիություն տալու ընթացակարգի դյուրինացման այն ամենահիմնական պատճառներից է»,- պարզաբանում է ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակից Լուսինե Ստեփանյանը:

Որոշ սիրիահայերի համար, այնուամենայնիվ, ապագան Հայաստանում անորոշ է: Չորս ամիս առաջ Սիրիայի Հալեպ քաղաքից ընտանիքի հետ Հայաստան եկած Ալին Քասաբջին նշում է, որ կյանքը Հայաստանում դժվար է, և կառավարությունը եվրոպական երկրների նման չի կարողանում օգնություն ցուցաբերել: «Արդեն երկու ամիս է` մեր խնայողությունները վերջացել են»,- նկատում է նա:

Կան նաև սիրիահայեր, ովքեր լավատեսական են տրամադրված: «Կայծ» արագ պատրաստման սննդի կետի սեփականատեր Կայծակ Ջաբակջուրյանը, ով երկու տարի առաջ է տեղափոխվել, գոհ է պայմաններից, և իր հիմնած գործն էլ, կարծես, զարգանում է: «Գուցե ես ինչ-որ բան կորցրեցի, բայց և գտա նորը: Դա չի նշանակում, որ ես ամեն ինչ եմ կորցրել»,- ասում է գործարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]