Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հրանուշ Հակոբյանը հանդիպել է հունահայ համայնքի ներկայացուցիչներին

Հրանուշ Հակոբյանը հանդիպել է հունահայ համայնքի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեկտեմբերի 18-20-ը աշխատանքային այցով եղել է Հունաստանի Հանրապետությունում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը հանդիպումներ է ունեցել համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Այցելել է Սուրբ Թերեզա, Սուրբ Կարապետ, Սուրբ Հակոբ, ինչպես նաև Հայ Ավետարանական եկեղեցիներ, «Լևոն և Սոֆի Հակոբյան», «Ճենազյան», «Գալփաքյան» և «Զավարյան» վարժարաններ, աշակերտերի և մանկավարժների հետ քննարկել հայկական դպրոցների հիմնախնդիրներին վերաբերող հարցեր:

Դեկտեմբերի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարը Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանի ուղեկցությամբ ՀՅԴ Կենտրոնական կոմիտեում հանդիպել է կոմիտեի ներկայացուցիչներին: Նրանք ՀՀ սփյուռքի նախարարին են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործում համայնքում տարվող աշխատանքների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացման ընթացքը: Խոսվել է հունահայ համայնքի նեկա խնդիրների, համայնքում գործող կառույցների և ազգային, քաղաքական, լրատվական, բարեսիրական, մշակութային և մարմնակրթական ոլորտներում նրանց ծավալած աշխատանքների մասին:

Դեկտեմբերի 19-ին Հրանուշ Հակոբյանը Նոր Զմյուռնիայի «Լեոնտիո» վարժարանի ամֆիթատրոնում մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ և Հունաստանում ՀՀ դեսպանության, Համազգային հայ կրթական և մշակութային միության շրջանային վարչության, ՀԲԸՄ-ի Երիտասարդ արհեստավարժների համագործակցությամբ կազմակերպված Հայաստանի երգի պետական թատրոնի «Կոմիտաս. եկել եմ» երաժշտական ներկայացմանը:

Ողջունելով լեփ-լեցուն դահլիճում հավաքված հայ հանդիսատեսին և միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարն ասել է. «Այս տարի ազգովի նշեցինք Կոմիտաս Վարդապետի ծննդյան 145-ամյակը: Մենք ծանոթ ենք Կոմիտասի ստեղծագործություններին քառաձայն երգչախմբերի կատարմամբ: Սակայն այսօր բոլորովին այլ Կոմիտաս պիտի ունկնդրենք: Կոմիտասը կարող է նաև ժամանակակից և մաքուր, երիտասարդների սրտից խոսող հնչեղություն ունենալ»:

ՀՀ սփյուռքի նախարարն անդրադարձել է Սփյուռքի մարտահրավերներին, նշել, որ հայ մշակույթի և մշակութային մեր ինքնության պահպանումն ու զարգացումը, ինչպես նաև ազգային միասնությունն ու մեր համազգային արժեքների գերակայությունը իմաստավորվում են հենց այսօրինակ նախաձեռնություններով:

ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի բեմականացմամբ, երգիչներ Ռուսլան Էլեազյանի, Անուշ Բադալյանի, Գրիգոր Կեոկչյանի, Միլենա Մելիքյանի և Նարե Գրիգորյանի կատարմամբ ներկայացվել են Կոմիտաս Վարդապետի քսանմեկ ստեղծագործություններ:

Աթենքի հայ համայնքի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ Երգի պետական թատրոնի ներկայացումը եզակի առիթ էր՝ ներկայացնելու կոմիտասյան երգերի գեղեցիկ համադրություն՝ ջազային և դասական մշակումներով: «Ազատ օր» հայկական օրաթերթի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարին՝ միջոցառման կազմակերպման և նմանօրինակ նախաձեռնություններով հայրենիք-սփյուռք գործակցությունը խթանելու համար: Նա նշել է, որ մշակութային առիթներն ավելի են զորացնում Սփյուռքում հայապահպանությանն ուղղված ջանքերը:

Դեկտեմբերի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարը ՀՀ դեսպանությունում հանդիպումներ է ունեցել ՌԱԿ Հունաստանի շրջանային վարչության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանձնախմբի, Հունահայկական առևտրաարդյունաբերական պալատի և «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի ներկայացուցիչների հետ: Նախարար Հրանուշ Հակոբյանը, բարձր գնահատելով համայնքում կատարած հայապահպանական գործունեությունը, ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով է պարգևատրել հունահայ բժիշկ, հունահայոց ազգային վարչության նախկին ատենապետ դոկտոր Արմեն Տերյանին:

Այցի շրջանակներում նախարարը հարցազրույցներ է տվել «Ազատ օր», «Նոր աշխարհ», «Հայաստան» և «Արմենիկա»  պարբերականներին:

Դեկտեմբերի 20-ին նախարար Հրանուշ Հակոբյանը մեկնել է Կիպրոսի Հանրապետություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]