Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տնակում բնակվող գյումրեցի ընտանիքը տեղափոխվեց բնակարան

Տնակում բնակվող գյումրեցի ընտանիքը տեղափոխվեց բնակարան

ԳՅՈՒՄՐԻ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնակում բնակվող գյումրեցի ընտանիքը տեղափոխվեց բնակարան: Շիրակի թեմի Սբ. Յոթ Վերք եկեղեցու «Բարեգործական ջոկատ»-ի երիտասարդները  հաջողությամբ ավարտին հասցրեցին «1 ԲԱՑԻԿ = 1 ԲՆԱԿԱՐԱՆ 2»  ծրագիրը: Նախաձեռնության արդյունքում նրանց հաջողվեց վաճառել 14 հազար բացիկ և գնել երկու սենյականոց բնակարան՝ այն հանձնելով Պողոսյանների  սոցիալապես անապահով ընտանիքին:

Գյումրու ամենաանապահովը համարվող «Ֆանտաններ» կոչվող  թաղամասում  Արտյոմն ու Թեհմինեն  ընտանիք էին կազմել ու 2 արու զավակ ունեցել: Չունենալով անօթևանի կարգավիճակ, երբեք չէին էլ երազել բնակարան ստանալու մասին: Ի դեպ, ընտանիքի հայրը երրորդ կարգի գործազուրկ հաշմանդամ է ու իր գիտակից կյանքի մեծ մասն անցկացրել է բոլոր կենցաղային պայմաններից զուրկ փոքրիկ տնակում: Թեև  Արտյոմը փորձել էր տարիների ընթացքում հարմարեցնել տնակը, բայց ժամանակի ընթացքում  արդեն դժվար  էր այդ տնակը բնակության  համար պիտանի կացարան համարել. տնակ, որտեղ ոչ միայն 2,5 տարեկան Արմանի ու 5- ամյա Հայկի  քունն ու խաղն է սահմանափակված, այլ նաև հյուր ընդունելու, եփութափը կազամկերպելու գործընթացը համատեղվել մեկ սենյակում: Թոշակով ու նպաստով ապրող ընտանքիը չէր կարող մտածել, որ կկարողանա դուրս գալ տնակից և բնակվել քարաշեն բնակարանում:

«Բարեգործական ջոկատ»-ի երիտասարդները դեկտեմբերի 20-ին անակնակալ այց կատարեցին Պողոսյանների ընտանիքին՝ ավետելով բնակարանի մասին: Անակնկալին չհավատացող Արտյոմն ու Թեհմինեն ուրախության արցունքերով շնորհակալություն էին հայտնում՝ նշելով, որ կփորձեն հնարավորիս արագ տեղափոխվել նոր բնակարան: «Բարեգործական ջոկատ»-ի երիտասարդները բնակարան գնել էին Գյումրու նորակառույց «Մուշ 2/2» թաղամասում:   «Բարեգործական ջոկատ»-ի երիտասարդները Պողոսյաններին ուղեկցեցին տեսնելու նոր, լուսավոր ու տաք բնակարանը: Ընտանիքին շնորհավորելու էր եկել նաև Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

«Հրաշքի հավատում էի, բայց չէի երազում այսպիսի հրաշքի մասին: 1994 թվականից հետո, երբ հայրական սեփական տունը քանդվել էր, գնեցինք այս տնակն ու բնակվեցինք այստեղ` մորս, եղբորս ու քրոջս հետ, հետո նրանք՝ եղբայրս ու քույրս ամուսնացան ու իրենց ընտանիքների հետ տեղափոխվեցին, ես մնացի ու ընտանիք կազմեցի այս տնակում, չունեինք անօթևանի կարգավիճակ և հույս, որ  տուն կունենանք»,- լրագրողներին հետ զրույցում նշեց Արտյոմ Պողոսյանը:

Շիրակի թեմի Սբ. Յոթ Վերք եկեղեցու «Բարեգործական ջոկատ»-ի «1 ԲԱՑԻԿ = 1 ԲՆԱԿԱՐԱՆ 2»  ծրագիրը  նմանատիպ արդեն երկրորդ նախաձեռնությունն էր. 2013 թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբերին, ծրագրի առաջին փուլի շրջանակներում  տպագրվեց 15.000 օրինակ բացիկ:  Արդյունքում՝  բնակության համար արդեն ոչ պիտանի տնակից լուսավոր ու քարաշեն բնակարան տեղափոխվեց Ալեքսանյանների ընտանիքը: Երիտասարդներն այս նախաձեռնությունն  այքան ոգևորեց, որ ձեռնարկեցին «1 ԲԱՑԻԿ = 1 ԲՆԱԿԱՐԱՆ 2»  ծրագիրը: Երկրորդ ծրագրի շրջանակներում տպագրվել էր 14 հազար բացիկ: Ինչպես նախորդ ծրագրի ժամանակ, այս անգամ ևս 1 բացիկը իրացվեց  400 դրամ արժեքով: Այս անգամ նախաձեռնությանն աջակցեցին նաև Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս  Կճոյանի օրհությամբ: Ծրագիրն ամբողջացնելու նպատակով անցկացվեց նաև բարեգործական համերգ, որի ընթացքում իրականացված հանգանակության արդյունքում «1 բացիկ = 1 բնակարան 2» ծրագրին փոխանցվեց 510.000 դրամ« որից 300.000 դրամը ակցիային փոխանցեց Գյումրու քաղաքապետարանը: Ինչպես նախորդ, այդպես էլ այս ծրագրի նպատակը  1988 թ.-ի աղետալի երկրաշարժից տուժած մեկ անօթևան ընտանիքի բնակարանով ապահովելն էր, իսկ երիտասարդներին հաջողվեց ոչ միայն դա, այլ նաև ժողովրդին հավատ ներշնչել, որ քրիստոնյային վայել ապրել ու բարություն  անելն ավելի շատ կուրախացնի բարություն անողին այնպես, ինչպես այսօր շատ ավելի ուրախ ու երիջանիկ էին երիտասարդները՝ իրենց իսկ արած բերգործության համար: «Մեր ներդրումն այս տարիների ընթացքում եղել է այն, որ փորձել ենք մեր երիտասարդներին դաստիարակել քրիստոնեկան ոգով, իսկ քրիստոնեությունն առանց բարեգործության անհնարանին է պատկերացնել: Մենք ուրախ ենք, որ մեր ցանած սերմերն այսօր պտուղ են տալիս, և մեր երիտասարդներն իրենց իսկ նախաձեռնությամբ ու կամքով կամեցան բարի գործ կատարել ու կատարեցին երկրորդ անգամ ու, հուսանք, որ այն վերջինը չի լինի»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ում օրհությամբ էլ իրականացվել են այս ծրագրերը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]