Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՆ աշխատակիցները խորհրդատվություն են տրամադրել Տավուշի մարզի բնակիչներին

ԱՆ աշխատակիցները խորհրդատվություն են տրամադրել Տավուշի մարզի 
բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետարանում նախարարն ընդունել է քաղաքացիների: Նրանք հիմնականում ներկայացրել են իրավական, կենցաղային, սոցիալական բնույթի խնդիրներ: Լսելով քաղաքացիներին՝ նախարարը հանձնարարել է իր ենթականերին նախարարության լիազորությունների շրջանակում լուծումներ գտնել բարձրացված հարցերի վերաբերյալ: ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչները նաև իրավական խորհրդատվություն են տրամադրել:

Այնուհետև նախարարն այցելել է Տավուշի մարզի ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման, Այլընտրանքային պատիժների կատարման ծառայությունների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններ և նոտարական գրասենյակ:  Հովհաննես Մանուկյանը ծանոթացել է ՀՀ արդարադատության համակարգի աշխատակիցների աշխատանքային պայմաններին, ստուգել քաղաքացիների սպասարկման համար նախատեսված իրազեկող նյութերի առկայությունը, լսել բարձրաձայնած հարցերը: Նախարարը մոտեցել և զրուցել է նաև քաղաքացիների հետ, հետաքրքրվել համակարգի վերաբերյալ նրանց կարծիքներով՝ հորդորելով չթաքցնել դժգոհությունները: Քաղաքացիները ներկայացրել են մի շարք հարցեր՝ խնդրելով հնարավորության դեպքում նպաստել փաստաթղթաշրջանառության դյուրացմանը: Հանձնարարականներ տալով համակարգի մարզային ստորաբաժանումների ղեկավարներին՝ նախարարը քաղաքացիներին խոստացել է սեղմ ժամկետներում ուսումնասիրել նրանց խնդրանքները:

Մարզային այցի շրջանակում արդարադատության նախարարն այցելել է ՀՀ պետական սահմանին տեղակայված մարտական հենակետեր, որտեղ նրան են միացել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Նրանք ծանոթացել են հերթապահություն իրականացնող զինվորների առօրյային, հերթապահության կրման պայմաններին, մարտական պատրաստականությանն ու զինվորների բարոյահոգեբանական վիճակին: Նախարարներն ու մարզպետը շրջել են դիրքերում, եղել  առաջնագծի խրամատներում:

Նույն օրը ՀՀ պաշտպանության և արդարադատության նախարարները համատեղ մասնակցել են Իջևանի Երրորդ կայազորային կարգապահական վաշտի նորակառույց շենքի բացման արարողությանը: Նախարարները ծանոթացել են վաշտի շենքային պայմաններին, ծառայողների համար նախատեսված աշխատասենյակներին, ընդհանուր տեխնիկական հագեցվածությանը:

Արդարադատության նախարարն իր մարզային այցն ավարտել է վերջերս երրորդ երկվորյակ որդիներն ունեցած իջևանաբնակ ընտանիքի հետ հանդիպմամբ: Ընտանիքի  որդիները զինվորական հագուստներով են դիմավորել նախարարին, ով նրանց է փոխանցել իր և պաշտպանության նախարարի նվերները: Հովհաննես Մանուկյանը ծանոթացել է երեխաների հետ և զրուցել ընտանիքի հոր հետ: Երեխաներին մաղթելով առողջություն և գալիք ուրախ տոներ՝ ՀՀ արդարադատության նախարարը բազմազավակ ընտանիքի ծնողներին հրաժեշտ է տվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]