Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բժշկական համալսարանում քննարկվել են հանրային առողջապահական ծրագրերը

Բժշկական համալսարանում քննարկվել են հանրային առողջապահական ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, հանրապետության ընտանեկան բժիշկներին, ԵՊԲՀ-ի ընտանեկան բժշկության ամբիոնի ուսանողներին, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և այլ բուժհաստատությունների բուժաշխատողներին ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2015 թվականին իրականացվելիք ծրագրերը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ  առողջապահության նախարարությունը որդեգրել է բնակչությանն առողջ պահելու գաղափարախոսությունը, ինչը բխում է թե՛ մարդկանց, թե՛ պետության շահերից, քանի որ այդ ճանապարհով կրճատվում են հիվանդությունները և հիվանդանոցային մեծ ծախսերը։ Այս առումով փոխնախարարը կարևորել է ցորենի ալյուրի հարստացման, 2015 թվականի հունվարից ներդրվող պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակում սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ մեկ ստենտի տեղադրում), սոցիալական փաթեթի շահառուների կանխարգելիչ բժշկական քննությունների ծրագրերը։

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ներկայացնելով վերջերս ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Ալյուրի հարստացման ծրագրի նախագիծը, նշել է, որ, ըստ էության, դա ցորենի աղալու ընթացքում միկրոսնուցող հանքային նյութերի և վիտամինների կորուստների վերադարձն է բարձր որակի ալյուրի մեջ։  Բերելով երկաթի և ֆոլաթթվի պակասի հետևանքով աշխարհում և Հայաստանում արձանագրված հիվանդությունների (կանանց և երեխաների շրջանում սակավարյունություն, թույլ իմունային համակարգ, նյարդային համակարգի բնածին ճողվածք) առկա վիճակագրությունը, բանախոսը նշել է, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության  ապացուցողական հետազոտությունների  սակավարյունությունների  պատճառը 90% դեպքերում  երկաթի պակասն է։ Ամեն տարի Հայաստանում ծնվում է  նյարդային խողովակի բնածին ճողվածքով 80 երեխա, ովքեր ողջ կյանքում մնում են հաշմանդամ։

Աշխարհի 80-ից ավելի երկրներ գնացել են այդ խնդիրներն ալյուրի հարստացման միջոցով կանխելու ճանապարհով, քանզի, դրանք հնարավոր չէ լրիվ վերականգնել բուժման միջոցով։

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը մանրամասն ծանոթացրել է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի իրականացման դրդապատճառներին, ծառայության կազմակերպմանը և սպասվող արդյունքներին։ Ծրագրում կընդգրկվեն այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում: Սրտաբանը ներկայացրել է մշակված այն չափորոշիչները, որոնցով մասնագետները պետք է առաջնորդվեն սրտամկանի սուր ինֆարկտի (ST-էլեվացիայով) դեպքում` ախտորոշումից, հիվանդանոց տեղափոխելուց մինչև անվճար վիրահատություն:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը ներկայացրել է սոցիալական փաթեթի շահառուների բժշկական կանխարգելիչ ստուգայցերի կազմակերպման ծրագիրը։ Շահառուների կանխարգելիչ բժշկական այցերն ուղղված են ոչ միայն ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, այլև առողջության չճանաչված վտանգների կամ ասիմպտոմատիկ հիվանդությունների ակտիվ հայտնաբերմանը: 2015 թվականի ընթացքում  շահառուները հնարավորություն ունեն  անցնելու սոցփաթեթով նախատեսված կանխարգելիչ բժշկական զննությունները:

«Այս ծրագրերով մենք փորձում ենք ներդնել առողջ կենսակերպի հիմքը, որպեսզի մարդիկ պարբերաբար դիմեն բժշկի` անկախ այն բանից, գանգատներ ունեն, թե ոչ»,- շեշտել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` կարևորելով պոլիկլինիկական ծառայության դերի բարձրացումը։

Նախարարը կարևորել է նաև հանրային առողջապահության ծրագրերի քննարկումը բժշկական մայր բուհում։ Անդրադառնալով ցորենի ալյուրի հաստացման ծրագրին, Արմեն Մուրադյանը ընդգծել է, որ գիտականորեն հիմնավորված այս ծրագիրը չպետք է դառնա ոչ մասնագիտական քննարկումների առարկա։ Բարձր գնահատելով սոցիալական փաթեթի շահառուների բժշկական կանխարգելիչ ստուգայցերի կազմակերպման ծրագիրը` նախարարը նկատել է, որ փորձարարական այս ծրագիրն առաջիկայում կընդլայնվի։ Իսկ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի իրականացման և որակի վերահսկողությունը կիրականացնի նախարարին կից մշտադիտարկման խորհուրդը։

Արմեն Մուրադյանը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին։ 

Համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ով մեծ ավանդ ունի Հայաստանում ընտանեկան բժշկության հիմնադրման գործում, կարևորելով նոր ծրագրերի քննարկումը, նշել է, որ համալսարանի ամբիոնը երկար տարիներ ընտանեկան բժիշկներ է պատրաստում։ «Ուրախ եմ, որ նախարարության որդեգրած ծրագրերի շնորհիվ նաև ընտանեկան բժշկության ներդրմանը նոր թափ է հաղորդվում»,- հավելել է նա։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]