Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը տոնեց Հայաստանում գործունեության 20-ամյակը

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը տոնեց Հայաստանում գործունեության 20-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) այսօր տոնեց Հայաստանում իր գործունեության 20-ամյակը: Միջոցառումը նվիրված էր նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 25-ամյակին, որը մարդու իրավունքների պաշտպանության պատմության մեջ ամենաշատ վավերացումներ անցած համաձայնագիրն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամաբ` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը նշեց, որՀՀ կառավարության հետ լուրջ բարեփոխումներ են իրականացվել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: «Բարեփոխումները տարբեր ուղղություններով են կատարվել և բավական առաջընթաց է գրանցվել այդ ոլորտում: Եթե խոսենք օրինակներով, ապա կարող ենք, մասնավորապես, նշել իմունացման ոլորտում արձանագրված էական առաջխաղացումը:  Երկրում չեն գրանցվել կարմրուկի և պոլիոմելիտի դեպքեր: Բացի այդ, զգալի կրճատվել են մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում մահացության դեպքերը»,-ընդգծեց Հենրիետ Արենսը:  Ըստ նրա՝ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում կրճատվել է մանկական հանցավորությունը:

ՄԱԿ-ի մանկական  հիմնադրամի աջակցությամբ զգալի աշխատանք է կատարվել կրթության ոլորտում: Հենրիետ Արենսը նկատեց, որ այսօր ավելի շատ երեխաներ են գնում դպրոց, քան նախկինում, և նրանց թվում են հաշմանդամություն ունեցողները:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, երգչուհի Ալլա Լևոնյանը նշեց, որ հիմնադրամը տարբեր ուղղություններով աշխատանքներ է իրականացնում, ինքն էլ փորձում է հիմնադրամի և հասարակության միջև միջնորդ լինել: «Ինքս էլ լինելով 3 երեխայի մայր` ցանկանում եմ, որ բոլոր երեխաները առողջ լինեն, ապահովված լինեն ընտանիքում, ունենան  ներդաշնակ ապահով կյանք, ընտանիքում էլ տեսնեն ժպտացող, այլ ոչ թե վիճող ծնողներ:  Ես ուզում եմ, որ մենք բոլորս մեր հասարակության մեջ լավ լինենք, ժպտանք, սիրենք իրար ու երջանիկ ապրենք»,-եզրափակեց երգչուհին:

Այսօր կայացած միջոցառման շրջանակներում  ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրեց նաև իր նոր՝  «#IMAGINE»  (թարգմ. - պատկերացրու) նախաձեռնության հայաստանյան տարբերակը, որը նվիրված է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 25-ամյակին: Նախաձեռնության նպատակն է ստեղծել մարդկության կողմից ամենասիրված երգերից մեկի՝ Ջոն Լենոնի «Իմեջին» երգի՝ աշխարհում ամենաշատ մասնակից ունեցող երաժշտական ձայնագրությունը: Երեկոյի ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրեց «#IMAGINE»-ի հայկական տարբերակի տեսահոլովակը, որի ստեղծմանն աջակցել են պրոդյուսերներ Արմեն Մարտիրոսյանն ու Հրաչ Քեշիշյանը, իսկ դիջեյ Վակցինան պատրաստել է  ռեմիքս տարբերակը: 

Նախաձեռնությանը imagine.unicef.org կայքի միջոցով մինչ այժմ միացել են հազարավոր երեխաներ, ծնողեր, երգիչներ,  մշակութային գործիչներ (Քեթի Փերին, Ուիլ-այ-էմը, Փրիանկա Չոպրան, Հյու Ջեքմենը, Նիկոլ Շերզինգերը, Քորտնի Կոքսը, Քրեյգ Դեյվիդը, Ադամ Լամբերտը և այլոք), ինչպես նաև լրագրողներ՝ աշխարհի տարբեր ծայրերից:  Բոլորի անհատական ձայնագրություններն այնուհետև կօգտագործվեն «Իմեջին» երգի բազմալեզու «համաշխարհային» տարբերակի համար, որը կստեղծի հայտնի դիջեյ Դավիդ Գետան, և այն կթողարկվի Նոր տարվա նախաշեմին։ Յուրաքանչյուր վերբեռնված ձայնագրություն նաև նպաստում է դրամական միջոցների հանգանակմանը, որի շնորհիվ 150 երկրներում կիրականացվեն երեխաների պաշտպանություն և օգնություն ապահովող ծրագրեր։

Կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, լինելով 3 երեխայի հայր և պապիկ, ինչպես ցանկացած ծնող, մտահոգված է երեխաների ապագայի համար: «Նախագծի ընթացքում վերարտադրել, գործիքավորել և նոր ձևով ենք ներկայացրել աշխարհին լեգենդար Ջոն Լենոնի հայտնի «Իմեջին» երգը: Ես պատիվ ունեցա այդ երգին մի քիչ հայկական համ ու հոտ հաղորդել՝ չփոխելով իր սկզբնական փայլը: Կարծում եմ` դա ինձ հաջողվեց»,- հայտնեց Մարտիրոսյանը: Նրա խոսքով` շատ արդյունավետ համագործակցություն է ստացվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ: Երգում ընդգրկված են Հայաստանում և արտերկրում բնակվող հայազգի երգիչները՝ Ալլա Լևոնյանը, Գոռ Սուջյանը, Տիգրան Պետրոսյանը, Արտո Թունջբոյաջյանը, Սերժ Թանկյանը, Իզաբել Բայրակդարյանը և այլք:

Միջոցառմանը ներկա էին ավելի քան 300 հյուրեր՝ քաղաքական, հասարակական գործիչներ, ինչպես նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]