Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Համաշխարհային բանկի օժանդակությունը Հայաստանին 2015թ. կավելանա

Համաշխարհային բանկի օժանդակությունը Հայաստանին 2015թ. կավելանա

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկն ամփոփել է ընթացիկ տարում Հայաստանին տրամադրած ֆինանսական օժանդակությունը և վերահաստատել, որ 2015թ. ընթացքում բանկը կշարունակի գործակցությունը թե՛ պետական քաղաքականության բարեփոխումների ուղղությամբ՝ տրամադրելով վարկային ռեսուրսներ, թե՛ ճյուղային ծրագրերի ուղղությամբ՝ կատարելով ներդրումներ, որոնք շոշափելի դրական տեղաշարժեր կապահովեն երկրի բնակչության համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակից:

«2014թ. ընթացքում գործող ճյուղային ծրագրերի իրականցման նպատակով փաստացի հատկացվել է ավելի քան 40 միլիոն ԱՄՆ դոլար: Հաջորդ շաբաթ մեր զարգացման քաղաքականության վարկի շրջանակում նախատեսվում է խոշոր՝ 75 միլիոն ԱՄՆ դոլար գումարի հատկացումը կառավարությանը: 2015թ. առաջին կեսին կանխատեսվում է ամսական հատկացումների բարձր մակարդակ. Սկզբում մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար ամեն ամիս, աստիճանական ավելցման հեռանկարով, քանի որ 2014թ. ընթացքում հաստատված 5 նոր ծրագրերը ևս կսկսեն գործել ու տեսանելի արդյունքներ կապահովեն հայ ընտանիքների համար»,-նշել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին:

2014թ. ավարտին է մոտենում և այս պահին իրականացման ակտիվ փուլում են գտնվում Համաշխարհային բանկի 13 ճյուղային ծրագրեր: Այդ ծրագրերի ձեռքբերումների ընդամենը մի մասն են կազմում հետևյալ արդյուքները. գյուղական բնակչության 60%-ի համար ապահովվել են հասանելի ճանապարհներ տարվա բոլոր եղանակներին, ավելացել է կովի ու ոչխարի կաթի արտադրությունը համապատասխանաբար 11%-ով և 6%-ով, վերջին 4 տարվա ընթացքում եռապատկվել է համակարգիչներից օգտվողների թիվը, բացվել է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը և խթանվել է  ձեռնարկատիրական նորարարությունը հյուսիսարևելյան շրջաններում, համայնքային ենթակառուցվածքներին ուղղված 290 փոքր ծրագրերի շրջանակում ձևավորվել է 584.160 ժամ աշխատանքի հնարավորություն, որի դիմաց վարձատրությունը կազմել է 8,9 միլիոն ԱՄՆ դոլար, գյուղական համայնքներում կառուցվել ու վերանորոգվել են 100 բժշկական կենտրոններ, 200 պետական բժշկական կենտրոններ ապահովվել են ստանդարտ բժշկական սարքավորումներով, պարագաներով, կահույքով և տեխնիկայով, վերանորոգվել ու կառուցվել, ինչպես նաև բժշկական սարքավորումներով ու կահույքով ապահովվել են 10 մարզային բժշկական կենտրոններ, իրականացվել են նախակրթարանների հետ կապված 337 փոքր ծրագրեր, որոնց շահառուների թիվը կազմում է ավելի քան 8.000 երեխա, օգնություն է ցուցաբերվել երկրի բոլոր հանրակրթական դպրոցներում ինտերնետային կապ ապահովելու հարցում: 

Հայաստանի Ազգային ժողովն օրերս վավերացրել է 2014թ. ընթացքում հավանության արժանացած 5 ծրագրերից երկուսը՝ Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիրը (SPAP2) և Կրթական բարելավումների ծրագիրը (EIP): Ակնկալվում է, որ մյուս 3 նոր ծրագրերը՝ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը (CARMAC2), լրացուցիչ ֆինանսավորում ստացած Էներգամատակարարման հուսալիության ծրագիրը և Առևտրի խթանման ու որակի ենթակառուցվածքների ծրագիրը, կվավերացվեն 2015թ. սկզբներին և կհամալրեն իրականացման ակտիվ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի շարքը: Այս ծրագրերը, միասին վերցրած, ապահովում են շուրջ 170 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի համայնքներում շոշափելի դրական տեղաշարժեր կատարելու համար: 

«Համաշխարհային բանկը հետ չի կանգնի այն օգնությունից, որի արդյունքում կմշակվի քաղաքականություն ու կիրականացվեն ներդրումներ, որոնք կնպաստեն տնտեսական աճին ու ինքնաբավությանը միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում: 2014թ. գյուղատնտեսությանը, ոռոգման, խմելու ջրերին, կրթությանը, ճանապարհներին, առողջապահությանը, էներգետիկային և սոցիալական ծառայություններին առնչվող մեր ծրագրերի միջոցով մենք կարողացել ենք կարևոր ներդրումներ կատարել, որոնք ուղղակի ու տեսանելի կերպով անդրադառնում են Հայաստանի ընտանիքների բարօրության վրա»,-նշել է տիկին Բեյլին:

Համաշխարհային բանկը լիարժեք կերպով պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին, մինչ վերջինս հարմարվում է տարածաշրջանային ու միջազգային փոփոխական տնտեսական զարգացումներին և ձգտում ձևավորել առավել ամուր տնտեսություն, որը կապահովի աշխատատեղեր: Վերջինը Հայաստանի համար զարգացման գերակա խնդիր է երկարաժամկետ հեռանկարում:  Համաշխարհային բանկի փորձագիտական խմբերի և ՀՀ կառավարության միջև շարունակվում են քննարկումները ճանապարհներին, էներգետիկային, տուրիզմին ու համայնքային զարգացմանը և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամին հետագա աջակցություն ցուցաբերելուն ուղղված ծրագրերի վերաբերյալ, որոնք կամփոփվեն 2015թ. ընթացքում: 2015թ. Բանկը նաև կֆինանսավորի Զարգացման քաղաքականության երրորդ գործառնությունը (ԶՔԳ), որի ներքո ավարտին կհասցվեն քաղաքականության բարեփոխումների աջակցմանն ուղղված ընթացիկ գործառնությունները և կհստակեցվի հետագա աջակցության վերաբերյալ քննարկումների տիրույթը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]