Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կրթության գերազանցության ազգային ծրագիրը հանրային քննարկման է դրվել Արարատի մարզում

Կրթության գերազանցության ազգային ծրագիրը հանրային քննարկման է դրվել Արարատի մարզում

ԱՐՏԱՇԱՏ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱՅԲ» կրթական հիմնադրամն ու ՀՀ կրթության եւ գիտության նախարաությունը Արտաշատում դեկտեմբերի 18-ին ներկայացրեցին կրթության գերազանցության ազգային ծրագիրը: Ծրագրի հանրային քննարկմանը ներկա էին Արարատի մարզպետարանի կրթության եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքապետեր, ավագանու անդամներ, մարզի չորս տարածաշրջանների ուսուցիչներ:

ՀՀ ԿԳ նախարարությունը եւ «ԱՅԲ» կրթական հիմնադրամը համագործակցելով Քեմբրիջի համալսարանի եւ Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ նախաձեռնել են «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը»: Ծրագրի նպատակն է կարեւորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել մանկավարժի մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն: Ծրագրով նախատեսվում է ՀՀ դպրոցներում ներդնել, միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթության ծրագիր` «Արարատյան բակալավրիատ» /ԱԲ/ եւ պատրաստել ԱԲ-ի որակավորմամբ ուսուցիչներ: Տասնամյա ծրագրով Արարատյան բակալավրիատը կներդրվի ՀՀ եւ ԼՂՀ բոլոր ավագ դպրոցներում, որակավորում կստանան շուրջ 2 հազար ԱԲ ուսուցիչ եւ շուրջ 20 հազար ուսուցիչ կհայտնվի ծրագրի ազդեցության շրջանակներում: Ծրագով կստեղծվի ռեսուրսների հարուստ կենտրոն, որը կաջակցի Հայաստանի ողջ ուսուցչական համայնքին կատարելագործելու դասավանդման բովանդակությունը եւ հմտությունները, կօգնի ներդաշնակեցնելու տեղական եւ միջազգային կրթական չափորոշիչները, տեղայնացնելու համաշխարհային լավագույն փորձը Հայաստանում:

Քննարկումը բացեց եւ վարեց «ԱՅԲ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը: Ողջունելով ներկաներին, նա նշեց, որ միմյանց աջակցելով, կանեն ամեն ինչ, որ ազգային ծրագիրը կյանքի կոչեն:

Քննարկման ժամանակ առաջադրվեցին հարցեր, թե արդյո՞ք նման դեպքում մեր ազգայինը չի կորչի եւ կշահի ավելի: Տրվեց սպառիչ պատասխան. ծրագրով ամեն ինչ արվում է ազգային արժեքները երեխաներին ուսուցանելու, պահելու ու զարգացնելու համար: Կարեւորվեց նաեւ այն հանգամանքը, որ կրթօջախը հագեցած պետք է լինի արդիական տեխնիկական սարքավարումներով:

Ամիսներ շարունակ ծրագրի քննարկումն իրականացվում է հանրապետության տարբեր մարզերում: Արարատի մարզով եզրափակվեց քննարկումների մարզային փուլը: Հանրային լսումներն ավարտվելուց հետո կարծիքների, տեսակետների հիման վրա ծրագիրը կբերվի վերջնական տեսքի, որից հետո այն կլրամշակվի եւ կներկայացվի վերջնական հաստատման: 

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]