Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Զոհված զինծառայող Գոռ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշաքար է բացվել

Զոհված զինծառայող Գոռ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշաքար է 
բացվել

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում դեկտեմբերի 17-ին բացվել է 2014թ. հուլիսի 31-ին մարտական գործողությունների ժամանակ զոհված լեյտենանտ Գոռ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշաքարը։  23-ամյա Գոռ Գրիգորյանն ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և ծառայության անցել բանակում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը զոհված զինծառայողին օգոստոսի 2-ին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով:

2014թ. հուլիս-օգոստոսյան դեպքերի ժամանակ զոհված տղաներից երեքն Արմավիրի մարզից էին՝ Արարատ Խանոյանը (Սարդարապատ), Սարգիս Մովսիսյանը (Մայիսյան), Գոռ Գրիգորյանը (Ջանֆիդա)։

«Արմավիրի մարզի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում զոհված տղաների ծննդավայրում բացել է նրանց հիշատակը հավերժացնող հուշաքարեր, նկարահանել նրանց մասին ֆիլմեր։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշել է, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային ծրագրերի մեջ առանձնահատուկ տեղ ունի այս նախաձեռնությունը, և մրցութային հանձնաժողովի անդամները միաձայն հավանություն են տվել՝ այն կյանքի կոչելու համար։

«Սա մեր պարտքն էր, այն փոքրիկ լուման, որպեսզի կարողանանք թեթևացնել տղաների ծնողների, հարազատների վիշտը։ Մենք ապագայում ևս մեր ծրագրերում առանձնահատուկ տեղ ու դեր ենք տալու մեր զինվորներին, ազատամարտիկներին, մերօրյա հերոսներին»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից,  նշել է Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ այս և ռազմահայրենասիրական շատ այլ ծրագրեր երիտասարդական հիմնադրամն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ։

Գոռի հայրը՝ Բաբկեն Գրիգորյանը, հիշելով որդու մասին, ասել է՝ հազվագյուտ տղա էր, և ինքն էլ այդպիսի զավակ չի եղել իմ ծնողների համար։ «Իմ տղան իսկական որդի էր, իմ եղբայրն էր, իմ հպարտությունը։ Սիրելով ընտանիքը՝ սիրում էր հայրենիքն ու մեծ հպարտությամբ խոսում իր զինվորների մասին։ Հարգում ու սիրում էր զինվորական համազգեստը, իսկական հայ սպա էր։ Հորեղբոր որդու հետ ավարտական դասարանում պատրաստվում էին դիմել ագրարային համալսարան, բայց մի օր եկան ասացին՝ դիմում են գրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ընդունվելու համար։ Բնավորությամբ, կարգապահությամբ իսկական սպա էր, իր տեղը գտել էր բանակում։ Հետագայում զգացի, որ իմ տղան ճիշտ ընտրություն է կատարել։ 17 տարեկանից բանակում էր, ու միշտ սպասում էինք, թե երբ է տուն գալու։ Այսօր էլ սպասում ենք՝ որ մի օր Գոռը բացելու է դուռը։ Մենք այսօր ապրում ենք հանուն Գոռի հիշատակի։ Փառք ու պատիվ բոլոր զինվորներին, փառք ու պատիվ բոլոր այն տղաներին, ովքեր գնացին հավերժության գիրկը»,- նշել է Բաբկեն Գրիգորյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]