Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 2/41. Նարեկ Կիրակոսյանի գիրքը գլխավորում է վարկանիշային աղյուսակը

Երևանյան բեսթսելեր 2/41. Նարեկ Կիրակոսյանի գիրքը գլխավորում է 
վարկանիշային աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Նարեկ Կիրակոսյանի «Մեդիտացիա» գիրքը: Այն հեղինակի երկրորդ գիրքն է, ուր զետեղված են բանաստեղծություններ և էսսեներ: Բառի կշիռն ու բառի միջանկյալ լռությունն իր ներսում կրող բանաստեղծը փորձում է վերարտադրել ներաշխարհում կուտակված մտավարժանքների ալքիմիան, որ ժամանակի ու տարածության մեջ գոյություն ունեցող բացակա պատկերների թափանցիկ սինթեզն է:

Երկրորդ հորիզոնականում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Այն վերահրատարակել է «Բուկինիստ» հրատարակչությունը:

Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը երրորդ հորիզոնականում է: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էկզյուպերիի ամենահայտնի երկը: Այն հայերեն վերահրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

Օրհան Փամուքի «Իմ անունը կարմիր է» գիրքը ևս ընդգրկվել է ցանկում: Փամուքի վեպը, հեղինակի խոստովանությամբ, իր ամենագունեղ և լավատեսական ստեղծագործությունն է: Վեպի ժանրին տիրապետելու իր հմտություններով ու կիրառված ինքնատիպ լուծումներով հանդերձ՝ Փամուքի վեպի գրավչության ամենամեծ գաղտնիքը իր նյութի հանդեպ հեղինակի անսահման սերն է:

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը հինգերորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». հենց այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:

Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» հայտնի վիպակը վեցերորդ հորիզոնականում է: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում:

Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» ևս ընդգրկվել է բեսթսելերների ցուցակում: «Դաշնակահարուհին» վեպով Ելինեկը հայտնի դարձավ աշխարհին: Վեպում ներկայացվում է բարդ հոգեբանությամբ մի կերպար, որի ներաշխարհում կանոնիկ կյանքի և սեռական ներքին ձգտումների բարդ հակադրությունն է:

Ութերորդ հորիզոնականն է զբաղեցնում Վահրամ Սահակյանի «Վարձու ինքնասպաններ» ժողովածուն: Հեղինակն իր նոր գիրքը համարում է մինչև հիմա գրածներից ամենալավը: «Վարձու ինքնասպաններ»-ում մեր ժամանակների պատմություններ են:  Գիրքը մարդկանց մասին է, ովքեր տարիներ են կորցնում` փորձելով կարգավորել կյանքը, ժամանակը վատնում են նյութական արժեքներ դիզելու վրա ու չեն նկատում, որ «ինքնավերանում են»: 

Իններորդ հորիզոնականում է հայտնվել Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» հանրահայտ ստեղծագործությունը: Ջեյն Օսթինի այս ստեղծագործությունը գրավում է հետաքրքրական ու խոսուն կերպարներով, որոնք իրենց ժամանակի ծնունդը լինելով՝ արդիական են բոլոր ժամանակների համար:

Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանն ընթերցողի դատին է հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում: «Մանդիլիոն» գիրքն այս շաբաթ եզրափակում է «Երևանյան բեսթսելեր»-ը: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ
1 նոր

Նարեկ Կիրակոսյանի

«Մեդիտացիա»

Էդիթ Պրինտ 59
2 0

Գաբրիել Գարսիա Մարկեսի

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 14
3 0

Անտուան դը Սենտ Էկզյուպերիի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 13
4 +1

Օրհան Փամուքի

«Իմ անունը կարմիր է»

Անտարես 13
5 -4

Գաբրիել Գարսիա Մարկեսի

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 12
6 -2

Գաբրիել Գարսիա Մարկեսի

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

ՎԱ-ՀԱ 10
7 *

Էլֆրիդե Ելինեկի

«Դաշնակահարուհին»

Անտարես 9
8 *

Վահրամ Սահակյանի

«Վարձու ինքնասպաններ»

Անտարես 9
9 *

Ջեյն Օսթինի

«Հպարտություն և նախապաշարմունք»

Անտարես 9
10 *

Վահան Հովհաննիսյան

«Մանդիլիոն»

Անտարես 8

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]