Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հինգ միսիոներ կանանց ճակատագրերը՝ ցեղասպանության մասին պատմող ֆիլմում

Հինգ միսիոներ կանանց ճակատագրերը՝ ցեղասպանության մասին պատմող ֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նոր ֆիլմ է նկարահանվում, որի կիզակետում հայ ժողովրդին աջակցած հինգ միսիոներ կանանց ճակատագրերն ու պատմություններն են: «Փրկության քարտեզ» պայմանական անվանումով ֆիլմը պատմելու է համամարդկային ցավի, մի ազգին պատահած  փորձությունների մասին՝ աշխարհի տարբեր կողմերից օգնության շտապող այլազգի հինգ կին հումանիստների օրինակով: Կինոնկարի մտահղացման հեղինակ, գխավոր պրոդյուսեր  և «Ման Փիքչրս» ստուդիոյի հիմնադիր -տնօրեն Մանվել Սարիբեկյանն «Արմենպրես»-ին պատմել է «Փրկության քարտեզ» ֆիլմի մասին:

«Փրկության քարտեզ»` ֆիլմ մահվանն ընդդիմցող կյանքի մասին

Խաղարկային դրվագներով փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմ է: Բնօրինակի լեզուն անգլերեն է, թարգմանվելու է նաև հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն և այլ լեզուներով: Սա ֆիլմ է մահվան դեմ կյանքի, ոչնչացման փոխարեն փրկության, բռնության դիմաց մարդասիրության մասին: Սա պայքարի ձոն է ու կյանքի հաղթանակ:  Հազարավոր մարդկանց վիշտն ամոքող և խիզախ կանանց հանդեպ երախտագիտության ու հպարտության զգացումներ առաջացնող այս ֆիլմը հետաքրքրելու է և՛ համայն աշխարհում սփռված հայությանը, և՛ նրանց բախտակից մյուս ազգերին, և՛ իհարկե նրանց, ովքեր դեռ երկմտում են «Հայոց ցեղասպանություն»  ձևակերպման շուրջ: Ֆիլմը պատմում է 19 - րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի համամարդկային ողբերգությունների, հատկապես՝  Հայոց ցեղասպանության ժամանակ բողոքի ու ընդվզման ալիքի նման առաջացած հումանիստական շարժման մասին:                              

Ֆիլմը փաստագրություն է և կառուցվում է միայն իրական փաստերի հիման վրա: Ֆիլմի հերոսները պատմությանը հայտնի հումանիստներ են, իրական մարդիկ, ովքեր տեսել են հայ ազգի կոտորածները: Նրանք եվրոպացի հինգ հումանիստ կանայք են` Քարեն Եփփեն (Դանիա), Մարիա Յակոբսենը (Դանիա), Բոդիլ Բյորնը (Նորվեգիա), Ալմա Յուհանսոնը (Շվեդիա), Հեդվիգ Բյուլը (Էստոնիա): Նրանք Հայոց ցեղասպանության ականատեսներն են և մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց  ապաստանների հիմնադիրները: Եվրոպայի իրենց բարեկեցիկ կյանքը թողնելով ու տարբեր երկրներից  գալով հայոց հող՝ նրանք անմնացորդ ու անձնուրաց նվիրվել են հայ ժողովրդին: Ֆիլմը վարում է ֆինն պատմաբան, ցեղասպանությունների մասին պատմող  գրքերի հեղինակ Սվանտե Լունդգրենը: Անցնելով ֆիլմի հերոսների առաքելության ճանապարհը՝ նա  գծում է մի նոր քարտեզ` «Փրկության քարտեզը»: Ֆիլմը  նվիրվում է մեծ հումանիստների հիշատակին` որպես երախտագիտության տուրք ամբողջ հայ ժողովրդի, մարդասիրական հայացքներ դավանող մյուս ժողովուրդների և, ընդհանրապես, վեհ արժեքները գնահատող բոլոր մարդկանց անունից: Կինոնկարի բեմադրող ռեժիսորն է Արամ Շահբազյանը, իսկ սցենարի հեղինակն՝ Աննա Սարգսյանը:

Նկարահանումներ` Եվրոպայի և Արևելքի երկրներում

Նկարահանումներին  մասնակցել են 15 պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ դերակատարներՖիլմին աջակցում են 7  երկրների 11 խորհրդատուներ՝  պատմաբաններ, ցեղասպանագետներ, ֆիլմի հերոսների կենսագիրներ: Հունիս-հուլիսին՝  26 օրվա ընթացքում, նկարահանվել է ֆիլմի մոտ  60 տոկոսը` Նորվեգիայի, Շվեդիայի, Դանիայի, Գերմանիայի, Էստոնիայի 14 քաղաքներում: 

Առկա է 25 ժամից ավելի նկարահանված նյութ: Նկարահանումներ են կատարվել  թագավորական գրադարաններում, պետական և այլ կազմակերպությունների արխիվներում, թանգարաններում, անձնական արխիվների պահոցներում և  թեմային առնչվող այլ վայրերում: Ֆիլմի նկարահանումների մնացած 40 տոկոսը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերին ևս 5 երկրներում` Լիբանան, Պատմական Հայաստան (Թուրքիայի տարածքում), Հունաստան, Սիրիա և Հայաստան:                                                                                                                         

Ֆիլմի հիմքում հումանիզմն է 

Ֆիլմում ցեղասպանությունն է, սակայն այն մարդասիրական լույսի տակ է ներկայացվում: Բոլոր ֆիլմերն էլ ունենում են իրենց առաքելությունը: Կինոն և հեռուստատեսությունը հզոր միջոց են, որպեսզի շատ լայն շրջանակներին ներկայացվի ասելիքը. երևի մեր ֆիլմը տարբերվում է նրանով, որ մեզ մոտ առաջին պլանում հումանիստական վեհ գաղափարներն են և շարժումը, այդ շարժման մասնակից հզոր անհատականությունները:

Նկարահանող խմբի և ֆիլմի խնդիրների մասին

Նկարահանող խումբը կազմված է պրոֆեսիոնալ մասնագետներից, որոնք շատ շնորհալի և ճանաչված անհատականություններ են: Առանձնահատուկ նվիրվածությամբ են վերաբերվում ֆիլմին, և աշխատում են առանց հանգստի:  

Ցավոք, կինոնկարն առաջ չի գնում, քանի որ բավականաչափ գումար չկա այն ավարտին հասցնելու համար: Հավանաբար դրամահավաք կկազմակերպվի ֆիլմն ավարտին հասցնելու համար:

Պատրաստեց Ռոզա Գրիգորյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]