Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ և Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրած հչամանագրերով Վաչե Գաբրիելյանին նշանակել է ՀՀ փոխվարչապետ և Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը հրամանագրերն ստորագրել է` ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածով և ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով:
Վաչե Գաբրիելյանը 1990-1992 թթ. աշխատել է ՀՀ Գերագույն Խորհրդի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, որպես փորձագետ:
1994-1998թթ. դոկտուրանտուրայում ուսանելու տարիներին դասախոսել է Ռատգերս համալսարանի հանրային կառավարման և քաղաքագիտության ֆակուլտետներում, եղել նույն համալսարանի հանրային արտադրողականության կենտրոնի փոխտնօրեն:
1998-1999թթ. - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական:
1999-2008թթ. - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ:
2008-2010թթ. - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ:
2010թ. դեկտեմբերի 17-ից` ՀՀ ֆինանսների նախարար։
2012թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում։
2013թ. մայիսի 8-ին ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնից և նշանակվել ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար։
2013թ. հուլիսի 15-ին ազատվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար։
2014թ. ապրիլի 3-ին ազատվել է պաշտոնից՝ ՀՀ Կառավարության հրաժարականի կապակցությամբ և մինչև ապրիլի 18-ը հանդիսացել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար:
2014թ. ապրիլի 18-ից ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականն է:
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Գրականագետներ Վազգեն Գաբրիելյանի և Ժենյա Քալանթարյանի որդին է, դեսպան Վահե Գաբրիելյանի եղբայրը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում