Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արարատյան Հայրապետական թեմը միացել է Շիրակի թեմի «1 ԲԱՑԻԿ = 1 ԲՆԱԿԱՐԱՆ 2» ծրագրին

Արարատյան Հայրապետական թեմը միացել է Շիրակի թեմի «1 ԲԱՑԻԿ = 1 ԲՆԱԿԱՐԱՆ 2»  ծրագրին

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը /ԱՀԹ/, առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս  Կճոյանի օրհնությամբ, միացել է Շիրակի թեմի Սբ. Յոթ Վերք եկեղեցու «Բարեգործական ջոկատ»-ի  «1 ԲԱՑԻԿ = 1 ԲՆԱԿԱՐԱՆ 2»  ծրագրին: Գյումրեցի մեկ անօթևան ընտանիքի օգնելու նախաձեռնությունը ոչ միայն համախմբել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդներին, այլ նաև ծխական համայնքներին:

«1 ԲԱՑԻԿ = 1 ԲՆԱԿԱՐԱՆ 2»  ծրագրի կազմակերպիչներին հանդիպելու և նրանց՝ Արարատյան Հայրապետական թեմում բացիկներից ստացված գումարը փոխանցելու նպատակով նոյեմբերի 27-ին Շիրակի թեմում էին ԱՀԹ երիտասարդները՝ թեմի երիտասարդաց միության համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի և թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանի գլխավորությամբ:

Այցի շրջանակներում երիտասարդներին ընդունեց Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը ծրագրի նախաձեռնողներին փոխանցելով Արարատյան Հայրապետական թեմում բացիկներից ստացված գումարը՝ նշեց, որ իրենք  Շիրակի թեմի Սբ. Յոթ Վերք եկեղեցու «Բարեգործական ջոկատ»-ի նախաձեռնությանը  թեև փոքր, բայց մասնակցություն ունեցել են դեռ անցած տարի: «Այս տարի, երբ իմացանք ծրագրի մասին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս  Կճոյանին ներկայացրեցինք այս առաջարկը, գերաշնորհ սրբազանը  շատ ուրախացավ և տվեց իր օրհնությունը և համաձայնությունը, որ եկեղեցիներում և համայնքներում  հայտարարվի այդ մասին  և բացիկները կարողանանք սպառել: Արեցինք այն, ինչ  կարողացանք՝ բոլոր բացիկները սպառվեցին 1 օրում»,- նշեց Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի թեմն այդ ծրագրին ավելի մեծ մասնակցություն կունենա:

Միքայել սրբազանը  շնորհակալություն հայտնեց նախաձեռնությանը միանալու և գյումրեցի անօթևան ընտանքիներին օգնելու` Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդների պատրաստակամությանը՝ հույս հայտնելով, որ այսուհետ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի միջև կիրականացվեն նաև նմանատիպ համագործակցության ծրագրեր: «Պետք է աշխատել նաև  այդ ուղղությամբ, որ տարբեր թեմերի երիտասարդները խմորվեն և, այդ դեպքում, ամեն ինչից բացի, լավ բաներ են ծնվում՝ լավ մտքեր, գաղափարներ, ծնվում են նաև ընտանքիներ»,- նշեց Միքայել սրբազանը:  Հանդիպման ընթացքում երկու թեմերի երիտասարդները, միմյանց ներկայացնելով իրենց կողմից իրականացվող տարաբնույթ ծրագրերը, արդեն իսկ մտածում էին համագործակցության հնարավոր ուղղությունների մասին:

«Արարատյան Հայրապետական թեմը, հոգևոր ծրագրերից բացի, մշտապես աջակցում է  նաև աստվածահաճո նախաձեռնություններին և բարեգործական գործունեություն է իրականացնում, և այս ձեռնարկը պարտադիր պետք է մեր ուշադրությանը արժանանար: Նավասարդ սրբազանի օրհնությամբ՝ մենք որոշեցինք օգնության ձեռք մեկնել. արդյունքում՝ ամբողջովին վաճառվեցին թեմին տրամադրված բոլոր բացիկները և հավաքվեց 464 հազար դրամ և 2 դոլար»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը՝ կարևորելով թեմերի միջև համագործակցության առաջարկը հատկապես բարեգործական ծրագրերի շրջանակներում: «Կարծում եմ այդ առաջարկը մենք պետք է մեծ սիրով ընդունենք, հետագայում մշակենք ծրագրեր և այս քայլերը տանենք ավելի մեծ գործերի և մեծ ձեռնարկների իրականացման»,-ավելացրեց Շուշան Պետրոսյանը: Top of Form

Շիրակի թեմի Սբ. Յոթ Վերք եկեղեցու «Բարեգործական ջոկատ»-ի»1 ԲԱՑԻԿ = 1 ԲՆԱԿԱՐԱՆ 2»  ծրագիրը  նմանատիպ արդեն երկրորդ նախաձեռնությունն  է: 2013 թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբերին իրականացված  ծրագրի առաջին փուլի շրջանակներում տպագրվեց 15.000 օրինակ բացիկ: Երկրորդ ծրագրի շրջանակներում տպագրվել է 13 հազար բացիկ, ևս  հազարը տպագրատունն  իր կողմից է տրամադրել ջոկատին: Ինչպես նախորդ ծրագրի ժամանակ, այս անգամ ևս 1 բացիկը իրացվում է  400 դրամ արժեքով: «1 ԲԱՑԻԿ = 1 ԲՆԱԿԱՐԱՆ 1»  ծրագրի շրջանակներում բացիկների վաճառքից ստացված հասույթով ջոկատը գնեց բնակարան Ալեքսանյանների անօթևան ընտանիքի համար: Ինչպես նախորդ, այդպես էլ այս ծրագրի նպատակը  1988 թ.-ի աղետալի երկրաշարժից տուժած մեկ անօթևան ընտանիքի բնակարանով ապահովելն է: Ջոկատին այս ծրագրի շրջանակներում արդեն հաջողվել է հավաքել ավելի քան 9500 դոլար գումար: Այս գումարը, ջոկատի անդամները վստահ են, որ կավելանա մինչև տարեվերջ և իրենք կկարողանան  գյումրեցի ևս մեկ անօթևան ընտանիքի ուրախացնել:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]