Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ-ն ու Արգենտինան գյուղոլորտում ունեն համագործակցության մեծ ներուժ. Սերգո Կարապետյան

ՀՀ-ն ու Արգենտինան գյուղոլորտում ունեն համագործակցության մեծ ներուժ. Սերգո Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Ալվարես Ռիվերային, որն ուղեկցում էր Արգենտինայի գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, որոնց հիմնական ուղղություններն արդեն նախանշված էին 2011 թվականին երկու երկրների միջև համագործակցության մասին համաձայնագրում:

Նախարար Սերգո Կարապետյանը, անդրադառնալով հայ-արգենտինյան բարեկամական հարաբերություններին, կարևորեց հատկապես գյուղատնտեսության բնագավառում այն ընդլայնելու անհրաժեշտությունը:

«Հայաստանն ու Արգենտինան ունեն համագործակցության մեծ ներուժ, հատկապես գյուղատնտեսության բնագավառում, քանի որ Արգենտինայի գյուղատնտեսությունն իրավամբ համարվում է լավագույններից մեկն աշխարհում: Հուսով եմ, որ այս հանդիպումը սկիզբ կդնի երկու երկրների առավել սերտ գործակցությանը», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը:    

Արգենտինայի պատվիրակությունը Հայաստանում գտնվելու ընթացքում այցելել է նաև գիտական կենտրոններ, վերամշակող ձեռնարկություններ, ֆերմերային տնտեսություններ: Արդյունքում առավել իրատեսական են համարվել համագործակցությունը երկրագործության, անասնաբուծության, մսի վերամշակման և սպանդանոցների կառուցման, սննդմաթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, հակակարկտային և ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ուղղությունները:

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարն իր արգենտինացի գործընկերոջը հրավիրեց 2015 թվականին այցելել Հայաստան: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]