1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սեւան քաղաքում անցկացվեց սիրողական ֆիլմերի կինոփառատոն

Սեւան քաղաքում անցկացվեց սիրողական ֆիլմերի  կինոփառատոն

ԳԱՎԱՌ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սեւան քաղաքում այս տարվա նոյեմբերին հայտարարված  «Քաղաքի օր» միջոցառումների միամսյակի շրջանակներում  կազմակերպվեց եւ անցկացվեց  «Coldencity» խորագրով կինոփառատոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արմինե Ղուկասյանը, դեռեւս հոկտեմբերին հայտարարված կինոփառատոնին արձագանքեցին շուրջ մեկ տասնյակ անձինք` ներկայացնելով 9 մրցութային եւ 2 արտամրցութային ֆիլմ: Ժյուրիի կազմում էին ոչ միայն սեւանցիներ, այլ նաեւ Երեւանից հրավիրվել էր Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի ղեկավար Արտաշես Հովհաննիսյանը: Հանդիսատեսը հնարավորություն  ունեցավ դիտելու 11 ֆիլմն էլ, որոնք եւ խաղարկային, եւ վավերագրական ժանրի էին. 1-ից 10 րոպեների ընթացքում դրանք  ներկայացնում էին տարբեր պատմություններ, պատումներ` մեկ մարդու պատմությունից մինչեւ Սեւանին նվիրված սյուժեներով: «Coldencityե կինոփառատոնի կազմակերպիչ, մշակութային կենտրոնի ռեժիսոր Հերմինե Անդրիկյանի փոխանցմամբ` կազմակերպվել էր  մի այնպիսի բան, որը դեռեւս չի եղել Սեւանում: «Ի սկզբանե որոշված էր, որ այն լինելու է փոքր լսարանի համար: Երբ տեղեկացա, որ մեր քաղաքում շատ են ոչ միայն կինոսիրողները, այլ նաեւ ստեղծողները, որոշեցինք խրախուսել նրանց` ստեղծված ֆիլմերը դարձնելով մեծ լսարանի սեփականությունը: Մեր քաղաքին պետք են ստեղծագործող երիտասարդներ, որովհետեւ նաեւ նրանց միջոցով է ձևավորվում մեր քաղաքի մշակութային այցեքարտը»,- նշեց Հերմինե Անդրիկյանը: Ըստ ժյուրիի անդամ Հրաչ Բեգլարյանի՝ ֆիլմերում կար այն հատիկը, որը դրական էր եւ գնահատելի: Ժյուրիի մյուս անդամ Նովիկ Դարբինյանն էլ նկատեց, որ սկիզբը խոստումնալից է, նախաձեռնությունը` արժանի գովեստի, որը խոսում է հաստատուն ընթացքի մասին: «Խորհրդային Միության տարիներին կային սիրողական ստուդիաներ, որոնք 90-ականների սկզբներին մեկը մյուսի հետեւից փակվեցին: Փաստորեն, լավագույն ավանդույթները վերականգնվում են, եւ դա սկսվում է Սեւանից»,- հավելեց ժյուրիի անդամ Արտաշես Հովհաննիսյանը: Ֆիլմերի ցուցադրությանը հաջորդեց մրցնակաբաշխությունը: «Coldencity» կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր դարձավ Կոլյա Հայրապետյանի «Little Day» խաղարկային ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորին հանձնվեց կինոփառատոնի խորհրդանիշ արձանիկը, մյուս մասնակիցներին` հավաստագրեր: Փառատոնի ավարտից հետո Հերմինե Անդրիկյանը նշեց, որ նպատակ կա փառատոնը դարձնել առավել ընդգրկուն եւ մեծամասշտաբ: «Նախատեսել ենք 2015-ին այն անցկացնել Սեւանա լճի ափին: Եթե 1-ին կինոփառատոնի ժամանակ ցանկալի էր, որպեսզի ֆիլմերի թեմայի առանցքում լինեն Սեւանն ու սեւանցին, ապա հաջորդ տարի թեմատիկ առումով այն լինելու է ազատ. իրավունք կունենան մասնակցելու հանրապետության այլ քաղաքների կինոստեղծողներ, որոնք կարող են ներկայացնել վավերագրական եւ խաղարկային կարճամետրաժ ֆիլմեր»,- նշեց Անդրիկյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]