Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Մեր գյուղը» ֆիլմը Տորոնտոյում երկու մրցանակի է արժանացել

«Մեր գյուղը» ֆիլմը Տորոնտոյում երկու մրցանակի է արժանացել

ԵՐԵՎԱՆ, 27  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեր գյուղը» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը Տորոնտոյում անցկացվող «Նուռ» կինոփառատոնում արժանացել է «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» եւ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակների: Հանրային հեռուստաընկերության եթերում նախորդ տարի հեռուստադիտողները հնարավորություն են ունեցել դիտելու 16 մասից բաղկացած «Մեր գյուղը» խորագրով ֆիլմաշարը, որն այնքան է սիրվել հեռուստադիտողների կողմից եւ այնքան դրական արձագանքներ է ստացել, որ դրա արդյունքում որոշում է կայացվել ֆիլմաշարի լավագույն հատվածները միացնել իրար եւ դարձնել մեկ ամբողջական գեղարվեստական ֆիլմ: Փառատոնի կազմակերպիչներն ամիսներ առաջ առաջարկել էին ընդգրկել ֆիլմը փառատոնի օրակարգում, եւ օրերս հայտնի է դարձել, որ ֆիլմը մրցանակների է արժանացել:  

Ժապավենի ռեժիսոր Ելենա Արշակյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում շնորհակալություն հայտնեց այն բոլոր մարդկանց, ովքեր աշխատել են ֆիլմաշարի ստեղծման գործում: «Երբ նոր էինք սկսում աշխատել ֆիլմաշարի վրա, մի փոքր թերահավատ էի, քանի որ չէի պատկերացնում, թե ինչ կստացվի: Սակայն նկարահանման ողջ ընթացքը չափազանց մեծ հաճույք է պատճառել»,- ասաց նա՝ հավելելով, որ հիացած է Դսեղի բնակիչների հյուրընկալությամբ, հյուրասիրությամբ եւ անկեղծությամբ:

Ռեժիսորի համար կրկնակի հաճելի է, որ ֆիլմը սիրվել է եւ գնահատվել ինչպես ժյուրիի կողմից, այնպես էլ հանդիսատեսի. դրա մասին են վկայում փառատոնի 2 մրցանակները: «Չէի սպասում, որ ֆիլմը նման արձագանք կստանա: Այն կարծես իմ հոգու պարտքը լիներ»,- ասաց Ելենա Արշակյանը՝ հավելելով, որ մրցանակները խթան են դարձել իր համար՝ նոր աշխատանքներ իրականացնելու եւ ստեղծագործելու:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Հանրայինի եթերում այժմ տեղական արտադրության բազմասերիանոց նովելներին փոխարինելու են եկել 16 մասից բաղկացած ֆիլմերաշարերը, Ելենա Արշակյանը կարծիք հայտնեց, որ նման մոտեցման արդյունքում բարձրանում է ֆիլմերի որակը:

«Մեր գյուղը» ֆիլմաշարի նկարահանումներն իրականացվել են Լոռու մարզի Դսեղ գյուղում: Այն պատմում է գյուղական իրականության մասին՝ ներկայացնելով մերօրյա գյուղացու կյանքը՝ իր լավ ու վատ կողմերով, առօրյա հոգսերով ու երազանքներով: Այն փորձում է բացահայտել հայ գյուղացու պարզ ու մաքուր, հումորով հագեցած տեսակը, ինչի օգնությամբ էլ հաճախ կարողանում է լուծել այն տարատեսակ խնդիրները, որոնց հետ ստիպված է առերեսվել յուրաքանչյուր օր:

Դերակատարներից յուրաքանչյուրը ֆիլմում իրեն հատուկ երանգն է փոխանցում, որի ամբողջությունից էլ ձեւավորվում է հայ գյուղի ողջ գունապնակը: Ֆիլմաշարում նկարահանվել են Վրույր Հարությունյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Դավիթ Հակոբյանը, Սոֆիկ Սարգսյանը, Արա Դեղտրիկյանը, Գուրգեն Սարգսյանը, Արևիկ Գևորգյանը, այլք: Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Ելենա Արշակյանը, սցենարի հեղինակներն են Հովհաննես Երանյանը և Սարգիս Հովսեփյանը: Ֆիլմի սաունդթրեքի հեղինակը Միքայել Ոսկանյանն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]