1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պարենային շուկայում թանկացումներ են. ՏՄՊՊՀ-ն կփորձի պարզել` կան արդյոք չարաշահումներ

Պարենային շուկայում թանկացումներ են. ՏՄՊՊՀ-ն կփորձի պարզել` կան արդյոք 
չարաշահումներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պարենային ապրանքների շուկայում թանկացումներ են սկսվել: Նախատոնական շրջանին բնորոշ գնաճը, սակայն, մտահոգիչ է դարձել, քանի որ գների բարձրացմանը զուգահեռ վերջին օրերին էապես արժեզրկվել է նաև ՀՀ դրամը` ազդելով բնակչության գնողունակության վրա: Պարենային և ոչ պարենային շուկաներում գների զգալի աճը մտահոգել է նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, որտեղ ձևավորված հատուկ աշխատանքային խումբն այսօրվանից սկսել է ամենօրյա մոնիթորինգը Հայաստանի խոշոր առևտրային կենտրոններում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ նախնական դիտարումներով` արդեն արձանագրվել են որոշ ապրանքատեսակների գների բարձրացում:

«Նախնական գնահատականով` նկատվում են որոշակի ապրանքատեսակների թանկացումներ, սակայն դրանք հիմնականում ներկրված ապրանքներ են, իսկ տեղական արտադրության ապրանքների շուկայում էական գնային փոփոխություններ չեն նկատվել: Ներկրված ապրանքների թանկացումը, նախնական գնահատականով, պայմանավորված է տարադրամի փոխարժեքի փոփոխություններով: Վերջին մի քանի օրերի ընթացքում ազգային արժույթի արժեզրկումը  չէր կարող չանդրադառնալ ներկրված ապրանքների գների վրա: Սակայն հանձնաժողովը չի սահմանափակվում սրանով, և մենք ուսումնասիրություն ենք սկսել` հասկանալու` որքանով է տարադրամի փոփոխությունը համահունչ տեղի ունեցած թանկացումներին»,- ասաց Սահակյանը:

ՏՄՊՊՀ մամուլի քարտուղարի խոսքով` այս պահին ուսումնասիրությունն ընթացքի մեջ է, և հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հրահանգով այն պետք է ավարտվի հնարավորինս արագ: «Առաջիկա օրերին հստակ կարող ենք որոշ ապրանքայիn շուկաների վերաբերյալ տալ գնահատականներ և հասկանալ, թե որքանով է գնային բարձրացումը օբյեկտիվ»,- հավելեց նա:

ՏՄՊՊՀ-ն ստուգումներ է անցկացնելու սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ապրանքային շուկաներում, ինչպես օրինակ` շաքարավազի, կարագի, ձեթի, կաթնամթերքի, ձավարեղենի, հրուշակեղենի և այլն, ինչպես նաև ոչ պարենային պարանքատեսակների շուկաներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]