Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանահայերը նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային

Իրանահայերը նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային

ԹԵՀՐԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հայ և ասորի եկեղեցիների առաջնորդները և Իրանի խորհրդարանի հայ ու ասորի պատգամավորները բաց նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որը ընթերցվել է Իրանի խորհրդարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Թեհրանում հրատարակվող «Ալիք» պարբերականը, նամակի հեղինակները  շեշտել են, որ երկրում ապրող կրոնական փոքրամասնություններն ունեն հավասար ներկայություն Իրանի օրենսդիր մարմնում, օժտված են կրթական, կրոնական և մայրենի լեզվի ուսուցման ազատությամբ:

«Իրանն այն երկիրն է, ուր դավանանքով միմյանցից տարբերվող ժողովուրդները, դարեր շարունակ ապրել եւ միասին են հաղթահարել պատմության ցավերն ու վայրիվերումները եւ ունեն համընդհանուր հիշողություն` Իրանի լավ ու վատ ժամանակների ու պատմական պահերի մասին:

Իրանի քրիստոնեական համայնքների ապրումներն ու Իրանի մուսուլման ժողովրդի հետ ունեցած կենսափորձը գալիս է հուշելու, որ Իրանի մուսուլման ժողովուրդն, իր հարուստ պատմությամբ ու մշակույթով, կարեւորում է կրոնական ծեսերն ու օրենքները: Ավանդույթ, որը սկիզբ է առել իրանական քաղաքակրթության եւ մշակույթի, ինչպես նաեւ կրոնական ու հավատամքի հիման վրա` արմատապես ազդելով իշխանության գաղափարախոսության ու բարոյականության, ինչպես նաեւ քաղաքական կյանքի եւ հասարակությունների միջեւ հարաբերությունների վրա: Երեւույթի պարզ օրինակներից կարելի է համարել այն, որ կրոնական փոքրամասնությունները հավասարապես ունեն ներկայություն՝ Իրանի օրենսդիր մարմնում, եւ համապատասխան կրոնական ծեսերի, ինչպես նաեւ հասարակական-համայնքային կյանքի, կրթական, կրոնական եւ մայրենիի ուսուցման ազատություն, որը պետք է համարել այս իրականության ամենաշոշափելի ձեռքբերումը»,- գրված է նամակում: Նամակի հեղինակներն անդրադարձել են նաեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող վեցյակի բանակցություններին` նշելով, որ բանակցային դրական արդյունքները համարում են խաղաղության հիմնական գրավական:

«Մենք` հայ եւ ասորի եկեղեցիների առաջնորդներս, ինչպես նաեւ խորհրդարանում` հայ եւ ասորի պատգամավորներս, սատարելով Իրանի եւ «վեցյակ»-ի միջեւ շարունակվող բանակցային գործընթացին, ակնկալվող դրական արդյունքները համարում ենք խաղաղության հիմնական գրավական: Միեւնույն ժամանակ համոզված լինելով, որ բանակցություններից ակնկալվող արդար ելքը, կարող է տարածաշրջանում հանգեցնել խաղաղության եւ համագործակցության ոգու, որը կփոխարինի տիրող անմարդկային ագրեսիային»,- ասված է նամակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]