Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գործարարները ստացան ԵՏՄ-ին վերաբերող որոշ հարցերի պատասխաններ

Գործարարները  ստացան ԵՏՄ-ին վերաբերող որոշ հարցերի պատասխաններ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրասիական տնտեսական միության տարածք հունվարի 1-ից հետո արտահանում իրականացնելու համար հայ տնտեսավարողները պետք է համապատասխանեցնեն իրենց արտադրանքը ԵՏՄ տեխնկական կանոնակարգերին: Իսկ այն գործարարները, ովքեր իրենց արտադրանքը սպառում են միայն հայկական շուկայում, դեռևս մեկ տարի ժամանակ կունենան տեխնիկական կանոնակարգերի փոփոխման համար:

Այս մասին գործարարների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը: Պատասխանելով գործարարների բարձրացրած այն հարցին, թե տեխնիկական կանոնակարգման ինչպիսի փոփոխություններ են սպասվում` Տարասյանը նշեց, որ հաստատված մեկ տարի անցումային շրջանում (2015 թ.) Հայաստանում գործելու են ինչպես տեղական, այնպես էլ ԵՏՄ կանոնակարգերը, իսկ 2016-ից հետո կգործեն միայն միության կանոնակարգերը: «Այս պահին մշակված է 34 տեխնիկական կանոնակարգ, իսկ դրանց ընդհանուր թիվը լինելու է 66: Այսինքն, այդքան ապրանքատեսակի մասով լինելու են ճշգրտումներ»,- ասաց Տարասյանը և խոստացավ, որ գործարարները կստանան մանրամասն տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին:

Տեքստիլ ոլորտում գործող արդյունաբերողներից մեկը բարձրացրեց այն հարցը, թե ինչպես է լուծվելու երրորդ երկրից ներմուծվող հումքի սերտիֆիկացման հարցը և արդյոք Հայաստանում գործելո՞ւ է տեքստիլի սերտիֆիկացման լաբորատորիա: Էմիլ Տարասյանը  տեղեկացրեց, որ ներկայումս պատրաստվում է լաբորատորիան, որը կգործի տեխնիկական կանոնակարգերի հստակեցումից հետո: «Հայաստանում մինչ օրս տեքստիլի սերտիֆիկացում չի իրականացվել, սակայն ԵՏՄ-ում դրվել է այդ պահանջը: Հետևաբար այն տնտեսավարողները, ովքեր պատրաստվում են  արտահանում իրականացնել միության տարածք, պետք է անցնեն սերտիֆիկացում»,- ասաց Էկոնոմիկայի փոխնախարարը:

Սննդի գործարաններից մեկի  ներկայացուցիչը  ցանկացավ տեղեկանալ, թե  հունվարի 1-ից հետո արտադրողները լրացնելո՞ւ են արդյոք մաքսային հայտարարագիր: Էկոնոմիկայի փոխնախարարն ասաց, որ մաքսային սահմանի վրա վարչարարության որևէ աշխատանք չի կատարվելու: «ԵՏՄ-ի ամբողջ իմաստն այն է, որ մաքսային ձևակերպումներ չիրականացվեն: ԵՏՄ անդամ երկրների միջև մաքսակետերը բացակայելու են, իսկ մեր պարագայում մաքսակետեր կլինեն, քանի որ չկա ընդհանուր սահման ԵՏՄ-ի հետ: Դեպի Եվրասիական  միության երկրներ արտահանման ժամանակ իրականացվելու են միայն տրանզիտ ձևակերպումներ, որը Վրաստանի պահանջն է»,- ասաց նա:  

Գործարարների հետ հանդիպումը կազմակերպել էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը: «Եվրասիական տնտեսական միության երկրներ-Հայաստան. արտահանման պրոբլեմները» խորագիրը կրող հանդիպման ժամանակ մասնակիցները հարցեր էին ուղղում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]