Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից շահում են նաև միության անդամ մյուս երկրները. Գագիկ Մինասյան

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից շահում են նաև միության անդամ մյուս 
երկրները. Գագիկ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը Հայաստանի համար տնտեսական զարգացման լայն հնարավորություններ է ստեղծում: Այս մասին նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Դա մեզ հնարավորություն է տալիս առանց խոչընդոտների արտահանել մեր ապրանքները 170 միլիոնանոց շուկա: Նաև շատ կարևոր է այն հանագամանքը, որ արդեն բազմաթիվ երկրներ ցանկություն են հայտնել տարբեր եղանակներով համագործակցել Եվրասիական տնտեսական միության հետ, ինչը ևս Հայաստանի տնտեսությանը զարգացման լայն հնարավորություններ է տալու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Գագիկ Մինասյանը:

Նա ընդգծեց, որ, անդամակցելով ԵՏՄ-ին, Հայաստանը միության անդամ երկրներում քաղաքացիների և ծառայությունների ազատ տեղաշարժի հնարավորություն է ստանում: «Այսինքն, մեր այն քաղաքացիները, ովքեր միության անդամ երկրներում, հատկապես Ռուսաստանում աշխատելու կարիք ունեն, սահմանափակումների չեն հանդիպուլու, իսկ առկա սահմանափակումների մասին, վստահ եմ, բոլորդ գիտեք»,- ընդգծեց Մինասյանը:

Պատգամավորը շեշտեց, որ, ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացնելիս, հաշվի է առնվել առաջին հերթին Հայաստանի ազգային պետական շահը: Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից շահում են նաև միության անդամ մյուս երկրները: «Միության անդամ երկրներից միայն Հայաստանն է, որ ունի GSP+ համակարգ, ինչը հնարավորություն է տալիս մեր երկրում արտադրվող ապրանքները դյուրացված տարբերակով արտահանել Եվրոպական Միության անդամ երկրներ: Քանի որ մյուս երկրները չունեն այդ համակարգը, նրանց համար Հայաստանը շատ լավ հարթակ է դառնում՝ իրենց արտադրանքը Եվրոպա հանելու համար»,- ընդգծեց պատգամավորը:

Այս ամենից շահելու է նաև Հայաստանը: Գագիկ Մինասյանը նկատեց, որ ԵՏՄ անդամ մյուս երկրները, իրենց ապրանքը Եվրոպա հանելու համար Հայաստանում պետք է հիմնեն սեփական արտադրությունը, ինչի արդյունքում երկրում կստեղծվեն նոր աշխատատեղեր, կլինեն հարկային նոր եկամուտներ, ինչպես նաև ներդրումների աճ կգրանցվի երկրում: «Սակայն այս ամենի մասին, որ մենք հիմա խոսում ենք, հնարավորություններն են: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս հնարավորությունները կյանքի կոչենք: Թե ինչպես մենք կկարողանանք իրականություն դարձնել այս հնարավորությունները, ցույց կտա ժամանակը, սակայն այն, որ Հայաստանն իսկապես շատ լուրջ հնարավորություններ ունի իր տնտեսությունն այս միությունում առաջ տանելու համար, դա փաստ է»,- նշեց Գագիկ Մինասյանը:

Նա նաև հիշեցրեց, որ օրերս Հայաստանի խորհրդարանում տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության թեմայով՝ վստահություն հայտնելով, որ թե լրագրողների, թե քաղաքական գործիչների մոտ առաջացած հարցերը ստացել են սպառիչ և ամբողջական պատասխաններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]