Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արմեն Մուրադյանը ծանոթացել է մայրական մահացության դեպքերի վերլուծության արդյունքներին

Արմեն Մուրադյանը ծանոթացել է մայրական մահացության դեպքերի վերլուծության 
արդյունքներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի նախագահությամբ տեղի է ունեցել մայրական մահացության, մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի հերթական նիստը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմեն Մուրադյանը շեշտել է, որ մայրական մահացության դեպքերի վերլուծության նպատակը, անկախ իրավական և վարչական տույժերից, կազմակերպչական և բժշկական բացթողումների առկայության բացահայտումն է և առաջիկայում դրանց բացառումը։

Մանրամասն ներկայացվել են նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովների կատարած ուսումնասիրությունների արդյունքները։ Խորհրդի անդամների լրացուցիչ հարցերն ուղղված են եղել ստեղծված իրավիճակների և իրականացված քայլերի առավել հստակ գնահատմանը։ Օրակարգում ընդգրկված դեպքերը մանրամասն վերլուծության են ենթարկվել։ Խորհրդի անդամներն ու նախարարության գլխավոր մասնագետները ներկայացրել են իրենց տեսակետները։ «Մայրական մահացությունն ամենից ցավոտ հարցն է, և պետք է ամեն ինչ անենք դրանք հնարավորինս կանխելու համար»,-ասել է նախարարը` ընդգծելով, որ բուժհիմնակներում թույլ տրված կազմակերպչական  բացթողումների համար հավասարապես պատասխանատու են ինչպես հերթապահող կամ վարող բժիշկները, այնպես էլ բուժհաստատությունների ղեկավարները։

Արմեն Մուրադյանը հանձնարարել է շրջաբերականներ ուղարկել առաջնային օղակի մանկաբարձագինեկոլոգիական բոլոր կազմակերպություններին, որպեսզի խստորեն հետևեն հղիության վարման և ծննդալուծման գործող չափորոշիչներին։ Նախարարը միաժամանակ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին հանձնարել է մասնագետների հետ քննարկել և առաջարկություններ ներկայացնել հղիության վարման գործող չափորոշիչներում փոփոխություններ կատարելու, մասնավորապես, հղիության միջին ժամկետում էլեկտրասրտագրություն ներառելու մասին։

Արմեն Մուրադյանն առաջնային օղակի և ծննդատների մասնագետներին խստորեն հանձնարարել է աշխատել համագործակցված, հղիներին այս կամ այն բուժհաստատություն ուղեգրելիս լիարժեք տեղեկատվություն տրամադրել, այնուհետև հետաքրքրվել նրանց հետագա վիճակով։  Նաև հանձնարարվել է Արմավիրի և Գավառի մարզերի հղիների մահվան դեպքերը ևս մեկ անգամ խորությամբ քննարկել առողջապահության վարչություններում` ուշադրության կենտրոնում պահելով բոլոր մանրամասներն ու հանգամանքները։ «Անրաժեշտ է նոր մոտեցումներ որդեգրել, օգտվել ընձեռված բոլոր հնարավորություններից, այդ թվում` հեռաբժշկությունից»,-ասել է նախարարը։

Արմեն Մուրադյանի հրամանով այսուհետև կքննարկվեն նաև կրիտիկական վիճակներից ծննդկանների դուրս բերման բոլոր դեպքերը։ Դրանց խորությամբ վերլուծությունն էական օժանդակություն կլինի ապագայում նման դեպքերի զարգացումը կանխելու և մայրական մահացության ցուցանիշները նվազեցնելու գործին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]