Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Խոցված ուղղաթիռից տարհանված որոշ սարքավորումներ կենթարկվեն փորձաքննության

Խոցված ուղղաթիռից տարհանված որոշ սարքավորումներ կենթարկվեն 
փորձաքննության

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական օդուժի կողմից նոյեմբերի 12-ին հայկական ուղղաթիռը խոցելու դեպքով ծառայողական քննություն անցկացնելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Հանձնաժողովն ուսումնասիրության կենթարկի դեպքի վայրից ԼՂՀ ՊԲ հատուկ ջոկատայինների դուրս բերած որոշ սարքավորումներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հանձնաժողովի կազմում են ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, քննիչներ, փորձագետներ: «Այդ ուսումնասիրությունն առաջին հերթին կատարում են մեզ համար` հասկանալու, թե ինչ է կատարվել: Ուսումնասիրության ավարտին պատրաստ ենք արդյունքները տրամադրել նաեւ միջազգային կառույցներին` միջազգային դատավարության իրականացման համար»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ուղղաթիռի խոցման դեպքով հարուցվել է քրեական գործ` ազգային ատելության շարժառիթով երկու եւ ավելի անձանց սպանության, գույքը դիտավորյալ ոչնչացնելու համար:

Սկսած նոյեմբերի 12-ից միջազգային գրեթե բոլոր կառույցներն ու դեսպանները Ադրբեջանին մի քանի անգամ խաղաղության եւ մարդասիրության կոչ են արել: Խաղաղության կոչով է հանդես եկել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունը: Լրագրողների հարցին, թե որն է լինելու հայկական Զինված ուժերի պատասխանը, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն ասել էր, որ հայկական կողմը կշարունակի ջանքեր գործադրել դիվանագիտական ճանապարհով հարցը կարգավորելու ուղղությամբ: Սակայն տասը օրվա ընթացքում հարեւան երկրում չհասկացան ոչ դիվանագիտական լեզուն, ոչ մարդասիրական կոչերը եւ ԼՂՀ հատուկ ստորաբաժանումներն իրականացրեցին օպերացիա, որի արդյունքում տարհանվեցին Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Արցախի ռազմօդուժի ուղղաթիռը խոցվել էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12­ին` ժամը 13.45­ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ: Հակառակորդը մի քանի օր շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ` չանսալով միջազգային հանրության կոչերին` դադարեցնել կրակը` մարմինների դուրսբերման հնարավորություն տալով: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Նոյեմբերի 25-ին «Եռաբլուր» պանթեոնում տեղի է ունեցել օդաչուների հուղարկավորությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]