Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամփոփվել է Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը

Ամփոփվել է Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի եզրափակիչ փուլ դուրս եկած մասնակիցներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկաներին ուղղված ողջույնի խոսքում Երևանի  քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, կարևորելով նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ու երիտասարդ վավերագրողների աշխատանքը, նշել է, որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է աջակցել նման գեղեցիկ նախաձեռնություններին:

«Մենք միշտ պատրաստակամ ենք օժանդակելու գեղեցիկ նախաձեռնություններին, հնարավորություն ընձեռելու հատկապես երիտասարդ ստեղծագործ սերնդին ու մարդկանց: Վավերագրությունը հայ իրականությունում նոր երևույթ չէ, սակայն տարեցտարի փոփոխվում է, և յուրաքանչյուր ժամանակաշրջան ու սերունդ իր վավերագրումն ու փաստավավերագրումն է բերում:  Օրեցօր փոփոխվող աշխարհում այսօր էլ մենք տեսնում ենք երևույթներ, որոնք անհրաժեշտ է հրատապորեն արձանագրելու, փաստելու և վավերագրելու, և շատ լավ է, որ երիտասարդ սերունդը ձեռնամուխ է եղել իր կյանքի, կենսագրության և կենսակերպի պայմաններն ու նախադրյալները, նաև իր տեսածը վավերագրելու, ժապավենին հանձնելու գործին, որը կարող է ծառայել հաջորդ սերունդներին»,- ընդգծել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: 

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն էլ, շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հյուրընկալության ու քաղաքապետարանի ճեմասրահում մրցույթի ամփոփիչ միջոցառումը կազմակերպելու հնարավորության համար, նկատել է, որ այս ձևաչափը ևս մեկ միջոց է երիտասարդների աշխատանքը հանրությանը ներկայացնելու և այն քաջալերելու ուղղությամբ:

«Վավերագրական ֆիլմերը կարևոր և լավ գործիք են սոցիալական, քաղաքական և տնտեսական խնդիրները ներկայացնելու, վերհանելու համար: Իսկապես ուրախալի էր տեսնել, թե ինչպես են երիտասարդ վավերագրողներն աշխատում տեղացի և օտարերկրացի փորձառու մասնագետների հետ: Նրանք մեզ մոտ եկան գաղափարով և գաղափարը կարողացան վերածել տեսլականի և, իրենց ձեռքը վերցնելով տեսախցիկը, այդ գաղափարները վերածեցին ֆիլմերի»,- նշել է դեսպանը:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանն էլ նշել է, որ իսկապես հետաքրքիր ու հաճելի է հենց քաղաքապետարանի  ճեմասրահում դիտել լավագույնը ճանաչված ֆիլմերը:

«Մեր նպատակն է խրախուսել ու ոգևորել երիտասարդ վավերագրողներին, և պիտի ասեմ, որ մենք տվեցինք մեկնակետը և իսկապես գոհ ենք արդյունքներից, ինչն էլ մեզ հնարավորություն է տալիս ասելու, որ այս գաղափարը լինելու է շարունակական: Շնորհակալություն եմ ուզում հայտնել քաղաքապետարանին, որ մեր կողքին են ու քաջալերում են մեր այս աշխատանքը»,- նշել է Մարի Լու Փափազյանը:

ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ կազմակերպված փաստավավերագրական ֆիլմերի մրցույթին ներկայացվել էին 28 ֆիլմեր, որոնցից ընտրվել են 14-ը: Մրցույթի 3 անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն պատմություն» և «Լավագույն կինեմատոգրաֆիա» հաղթողներ են ճանաչվել «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)», «Իմ տնից սկսվող հայրենիքը» և «Գեղեցիկ մարդիկ» ֆիլմերը։ 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]