Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արարատի մարզի ոռոգման ջրի խնդիր ունեցող 12 համայքներում կիրականացվի ներդրումային ծրագիր

Արարատի մարզի ոռոգման ջրի խնդիր ունեցող 12 համայքներում կիրականացվի 
ներդրումային ծրագիր

ԱՐՏԱՇԱՏ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզպետարանում նոյեմբերի 25-ին կայացավ 2015 թվականին մարզի ոռոգման ցանցի արդիականացման ներդրումային ծրագրի քննարկումը: Հանդիպմանը ներկա էին Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Ֆելիքս Մելիքյանը, ոռոգման ջրի խնդիր ունեցող 12 համայնքների ղեկավարները, մարզի վեց ՋՕԸ-ների տնօրեններ, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, վարչության աշխատակիցներ, ԾԻԳ-ի գրասենյակի մասնագետներ, բնապահպան Մարտիրոս Նալբանդյանը, սոցիոլոգ Մարինե Վարդանյանը, այլք:

Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդգծեց, որ 2015 թվականի ոռոգման տարեշրջանին մարզը նախապատրաստվում է այսօրվանից: Շարունակելով` ասաց, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ոռոգման համակարգում Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի գրասենյակը ոռոգման ջրի մշտական խնդիր ունեցող մարզի 12 համայքներում կիրականացնի ներդրումային ծրագիր:

Ծրագիրն առավել մանրամասն ներկայացրեց Ֆելիքս Մելիքյանը: Գառնու կիրճից ինքնահոս եղանակով հաջորդ տարի ոռոգման ջուր կստանան նշված 12 համայնքները: Ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկը ներդրել է 2 մլն ԱՄՆ դոլար: Այս ներդրումային  ծրագրով, ինչպես նաեւ առաջիկայում Վեդու ջրամբարի կառուցումով` ամբողջովին կլուծվի ոռոգման ջրի հիմնախնդիրը մարզում:

Բնապահպան Վռամ Թեւոսյանը քննարկման ընթացքում անդրադարձավ էկոլոգիական խնդիրներին: Նա ասաց, որ շինարարական աշխատանքների ընթացքում հաշվի են առնվելու շրջակա միջավայրի, «Կարմիր գրքում» ներառված բուսատեսակների պահպանման խնդիրները: Չի անտեսվել նաեւ բնակիչների հողատարածքների հետ կապված փոխհատուցման հարցը:

2015 թվականին նախատեսված է նաեւ 80 կմ ներքին ցանցի նորացում, արդիականացում, մայր ջրատարների վերանորոգում, փոքր ջրամբարների կառուցում, ինչը կնվազեցնի խորքային ջրերի օգտագործումը: Նշվեց նաեւ, որ կտեղադրվեն խոնավաչափեր, ինչը զգալիորեն կբացառի ոռոգման ջրի վատնումը:

Ամփոփելով ծրագրի հանրային քննարկումը` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հորդորեց շահառու 12 գյուղապետերին, ՋՕԸ-ների ղեկավարներին, նախագծողներին` հետեւողական լինել ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրի իրականացման գործում: Մարզի ղեկավարն առաջարկեց ստեղծել աշխատանքնային խումբ, ինչպես նաեւ 12 շահառու համայնքների, ՋՕԸ-ների ղեկավարների եւ ԾԻԳ-ի գրասենյակի մասնագետների հետ մարզպետարանում քննարկել ծրագիրը, հարկ եղած դեպքում` փոփոխություններ մտցնել ծրագրի քարտեզի մեջ:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]