Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Առողջապահության նախարարը ծանոթացավ «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի զարգացման հեռանկարներին

Առողջապահության նախարարը ծանոթացավ «Միքայելյան» վիրաբուժության 
ինստիտուտի զարգացման հեռանկարներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նոյեմբերի 25-ին այցելել է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ: Նախարարը շրջել է հիվանդանոցում,  եղել  Ընդհանուր վիրաբուժության, Վերակենդանացման, Օրթոպեդիայի և պլաստիկ վիրաբուժության, Ուրոլոգիայի բաժանմունքներում, վիրահատարանում, ընդունարանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության  նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արմեն Մուրադյանը զրուցել է բժշկական անձնակազմի հետ, հետաքրքրվել իրականացվող  ծրագրերով, ծանոթացել աշխատանքային պայմաններին: Նախարարին  ներկայայցվել է  նաև ինստիտուտի վերանորոգված  նորաբաց հարկաբաժինը, որտեղ տեղակայված են թե' մասնագիտական աշխատասենյակներ,  թե'  ուսումնական հատված: 

Այնուհետև Արմեն Մուրադյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ինստիտուտի բժշկական անձնակազմի  հետ: Քննարկվել են բազմապրոֆիլ հիվանդանոցի ֆինանսական կառավարման արդյունավետության բարձրացմանը,  բժշկական ծառայությունների որակի բարելավմանը, ինստիտուտի զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Նախարարը նկատել է, որ կատարվել  է մեծ աշխատանք, վերանորոգվել են առանձին բաժանմունքներ: Անդրադառնալով  ինստիտուտի  բուժաշխատողների աշխատավարձի պարտքերին՝ Արմեն Մուրադյանը նշել է, որ հարցը քննարկվել է, կատարվել են  մասնակի մարումներ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև տարեվերջ պարտքի մյուս մասը վճարել:

«Այս ինստիտուտի զարգացման հեռանկարները հստակ են, իսկ զարգացումը պետք է ապահովենք միասնական ջանքերով՝ յուրաքանչյուրս ունենալով մեր պարտավորությունը»,- ասաց նախարար Մուրադյանը:

«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի տնօրեն Արթուր Թամազյանը նշել է, որ խնդիրները հնարավոր է լուծել՝ մեծացնելով հիվանդանոցի աշխատանքային ծավալները: «Նոր բաժանմունքներ են ստեծվել, նոր տեխնիկական ծրագրեր են մշակել, որոնք կնպաստեն հիվանդանոցի արդյունավետ գործունեությանը: Մենք այժմ իրականացնում ենք քայլեր, որպեսզի վճարվեն բուժքույրերի և կրտսեր բուժանձնակազմի աշխատավարձերի կուտակված պարտքերը»,-ընդգծել է ինստիտուտի տնօրենը: Նշվել է, որ հիվանադանոցում  կատարվում է օրական միջինը 8 վիրահատություն, ամսական այստեղ դիմում է 200-220 այցելու:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ինստիտուտի ֆինանսավորման մեխանիզմներին  վերաբերող հարցեր: Ներկայացվել է նաև պետպատվերի տեղադրման խնդիրը: «Պետպատվերը կտեղադրվի այն հիվանդանոցներում, որոնք կունենան նվազագույն ռիսկայնություն, ինչը գնահատելու ենք բուժական աշխատանքի որակով.  թե ինչպիսի բուժական ցուցանիշներ է ապահովում այդ հիմնարկը, կատարվո՞ւմ են արդյոք վերլուծություններ, իրականացվում են պաթանատոմիական, կլինիկական կոնֆերանսներ:  Այսինքն՝ բժշկական հիմնարկները գնահատվելու են համապատասխան  սանդղակով»,- նշել է Արմեն Մուրադյանը: Նախարարն ընդգծել է, որ այդ չափանիշների ապահովման դեպքում պետությունը պատրաստ է ավելացնել գնումների ծավալը տվյալ հիվանդանոցի բժշկական ծառայություններից:  Ներկայացվել են նաև առողջապահության ոլորտի առաջնահերթությունները: Հաջորդ տարվանից փորձարարական եղանակով կներդրվի էլեկտրոնային առողջապահության համակարգը:

«Առանձին մասնագիտությունների համար մենք պետք է ունենանք չափագրված չափորոշիչներ: Մասնավորապես` կան ոլորտներ, որոնք արդեն իսկ պատրաստ են անցնելու այս համակարգին, օրինակ՝ ուրոլոգիան, սրտային վիրաբուժությունը, անեսթեզիոլոգիան: Այս համակարգի ներդրմամբ  վերահսկելի կլինեն թե բժշկական ծառայությունների որակը, թե ֆինանսական կարգավիճակը, թե տեղեկատվական դաշտը»,- ընդգծել է նախարար Մուրադյանը:

Բուժանձնակազմի հետ քննարկվել են նաև դատաբժշկությանը, բժիշկների անվտանգության  երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր:  Այս համատեքստում  նախարարը շեշտել է չափագրված փաստաթղթերի վարման անհրաժեշտությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]