Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԶԼՄ-ներն ինչպես առաքյալներ. Մայր Աթոռում ջերմությամբ ընդունեցին առաջատար գործակալությունների ներկայացուցիչներին

ԶԼՄ-ներն ինչպես առաքյալներ. Մայր Աթոռում ջերմությամբ ընդունեցին առաջատար 
գործակալությունների ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զարգվածային լրատվամիջոցները ոչ միայն ճշմարտությունը տարածողն են, այլև ունեն կարևոր առաքելություն` նպաստելու աշխարհում խաղաղության հաստատմանն ու պահպանությանը: Այս մասին տարածաշրջանային երկրների ազգային լրատվական գործակալությունների գլխավոր տնօրենների ընդունելության ժամանակ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հայեցակարգային» գրասենյակի ղեկավար Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի 7-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Կիպրոսի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ալբանիայի ազգային լրատվական գործակալությունների ղեկավարները: Նոյեմբերի 25-ին Երեւանում կլինի նաեւ Թուրքիայի «Անադոլու» գործակալության միջազգային լրատվության բաժնի խմբագիրը: Համաժողովի բացմանը ներկա կլինի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նոյեմբերի 25-ի տեղի կունենա նաեւ ԱՊՀ երկրների պետական լրատվամիջոցների ղեկավարների խորհրդի 19-րդ նիստը:  

Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյանների» Մատենադարանում հյուրընկալելով Ռուսաստանի, Վրաստանի, Կիպրոսի, Ռումինիայի, Բելառուսի, Ղազախստանի, Բուլղարիայի, Ալբանիայի ազգային լրատվական գործակալությունների գլխավոր տնօրեններին եւ խմբագիրներին` Սրբազան Հայրը ողջունեց հյուրերի այցը համայն հայության հոգևոր կենտրոն և նրանց փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույններն ու օրհնությունը: Բագրատ Սրբազանը կարևորեց նման խորհրդաժողովների անցկացումը, որոնք հնարավորություն են ընձեռում ոչ միայն ընդլայնելու լրատվական գործակալությունների միջև փոխհամագործակցությունը, այլև այս բարդ ու դժվարին ժամանակներում դառնալու խաղաղության տարածման յուրօրինակ քարոզիչներ: «Սուրբ Էջմիածինը կարևոր դեր է խաղում ոչ միայն Հայաստանում բնակվող հայերի, այլև սփյուռքի հայերի համար բոլոր ժամանակներում: Այս վայրը խորհրդանիշն է ոչ միայն հավատքի, այլև պատկանելության, այդ պատճառով էլ ինձ համար մեծ պատիվ է ընդունել ձեզ այստեղ: Ձեզ հրավիրում եմ ճանապարհորդության, ուր դուք կարող եք լսել պատմության ձայնը, հաղորդակից լինել մեր ժողովրդի ինքնությանը»,-ասաց Բագրատ Սրբազանը:

Դիմելով ներկաներին` բարձրաստիճան հոգևորականը շեշտեց զանգվածային լրատվամիջոցների կարևոր դերն աշխարհում փոփոխություններ մտցնելու, այն ավելի լավը դարձնելու հարցում: «Դուք տարբեր երկրների տարբեր լրատվական գործակալությունների ներկայացուցիչներն եք, ովքեր եկել են այստեղ միավորելու իրենց մտքերը, սրտերը, ձեռք ձեռքի տալու, մտածելու ավելի լավ աշխարհ կերտելու մասին: Ես չեմ, որ պետք է ձեզ ասեմ, թե որն է այս աշխարհում ձեր դերը, բայց իմ դիտարկումները զանգվածային լրատվամիջոցների վերաբերյալ իմ մեջ այն միտքն են արթնացրել, որ դրանում կա հոգևորի խորը մակարդակ: Երբ մենք կարդում ենք Աստվածաշունչը, մենք հանդիպում ենք առաքյալներին, որոնց առաքելությունն է փոխանցել Աստծո խոսքը: Ինչ-որ իմաստով իրենք ԶԼՄ-ների դերն են կատարել ու կատարում»,-ընդգծեց Բագրատ Սրբազանը` հավելելով, որ հավատում է այն մտքին, որ ճշմարտության փոխանցումը ԶԼՄ-ների ամենակարևոր առաքելությունն է:

«Գաղտնիք չէ, որ ապրում ենք բազմաթիվ անհանգստություններով լի աշխարհում, և դուք ունեք ուժ` փոխելու աշխարհը, այն դարձնելու ավելի լավը: Ձեզանից ամեն մեկը ներկայացնում է երկիր, մշակույթ, որն անցնում է տարբեր դժվարությունների միջով, իսկ մեր երկիրը եղել է այդպիսի դժվարությունները հաղթահարելու խորհրդանիշը: Ամենացանկալի երևույթը, որի համար մենք պայքարում ենք, աղոթում ու մտածում ենք, այն է, որ աշխարհում խաղաղություն լինի, դա ձեր երկրորդ առաքելությունն է` իմ խորին համոզմամբ: Աշխարհում խաղաղության հաստատումը ձեր անհատական ու խմբային առաքելությունն է: Ձեր համագործակցությունը երաշխավորում է խաղաղությունն ամբողջ աշխարհում»,-եզրափակեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը` շնորհակալություն հայտնելով «Արմենպրես» լրատվական գործակալությանը հանդիպումը կազմակերպելու համար:

Հյուրերն «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի ուղեկցությամբ եղան Մայր տաճարում, ծանոթացան դրա ստեղծման պատմությանը, հնարավորություն ունեցան հաղորդակից լինել Էջմիածնի Մայր տաճարի թանգարանի նմուշներին: Հյուրերը նոյեմբերի 24-ի առավոտյան հասցրել էին հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդում, իսկ մշակութային օրը շարունակեցին Սարդարապատի հուշահամալիր և ազգագրության թանգարան այցելությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]