Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանում դոլարը կտրուկ թանկացել է

Հայաստանում դոլարը կտրուկ թանկացել է

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան մեկ դոլարի վաճառքի գինը հայաստանյան բանկերում հասել է միջինում 435  դրամի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախորդ օրվա նկատմամբ դոլարը թանկացել է 16.6 դրամով: Մեկ օրում դրամի նկատմամբ կտրուկ աճ են գրանցել նաև եվրոյի (19.38 դրամով), ֆունտ ստեռլինգի (26.55 դրամով) և ռուբլու (0.57դրամով) փոխարժեքները:

Դոլարի փոխարժեքի նման դրսևորումը կարող է պահանջարկի կտրուկ բարձրացման արդյունք լինել: ԱՄՆ դոլարի պահանջարկի աճին նպաստող հանգամանքներից կարելի է դիտարկել ինչպես ռուսաստանյան տնտեսությունում տիրող անորոշությունը և ռուբլու արժեզրումը, այնպես էլ նավթի համաշխարհային գների անկումը և դոլարի կայունացումը` այլ արժույթների նկատմամբ: Տնտեսության մեջ օրինաչափ է համարվում այն իրավիճակը, երբ խուճապային տրամադրվածության ֆոնին` հասարակությունը նախընտրում է  խնայողություններ անել որոշակի արժույթով, ինչի արդյունքում բարձրանում է այդ արժույթի պահանջարկը, որին էլ հետևում է փոխարժեքի աճը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այս երևույթը պայմանավորեց գլոբալ տեղաշարժերով և միջազգային տնտեսության մեջ կատարվող փոփոխություններով: «Միացյալ Նահանգների տնտեսության աշխուժացումը և դոլարի փոխարժեքի կայունացումը կարող են հանգեցնել մյուս արժույթների արժեզրկմանը: Որպես կանոն` բոլոր արժույթները «պտտվում» են ԱՄՆ դոլարի շուրջ, իսկ վերջին շրջանում հարաբերակցությունը հօգուտ դոլարի է փոփոխվում: Ավելին, հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության և Արաբական աշխարհի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները, ինչպես նաև նավթի գների անկումը` Միացյալ Նահանգների արժույթը հայտնվել է նպաստավոր դիրքում»,- ասաց նա: Տնտեսագետը խուսափեց որևէ փոխարժեքի փոփոխման վերաբերյալ կանխատեսումներից:

Նշենք, որ վերջին եռամսյակի ընթացքում ՀՀ դրամի անվանական փոխարժեքն արժեվորվել էր: Կենտրոնական բանկի տվյալներով` 2014 թ. երրորդ եռամսյակում նախորդի համեմատ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամն արժեվորվել էր 1.1 տոկոսով:

Այդ ժամանակահատվածում ՀՀ  կենտրոնական բանկն արժութային շուկայում հանդես է եկել որպես արտարժույթի զուտ գնորդ` հարթելով արժութային շուկայում կտրուկ տատանումները: ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի միջին շուկայական փոխարժեքը  2014 թ. երրորդ եռամսյակի վերջին կազմում էր 407.6 դրամ. նախորդ  եռամսյակի վերջի համեմատ մնալով գրեթե անփոփոխ` դրամի արժեզրկումը կազմել է 0.08 տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]