1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լեհաստանն աջակցում է Մինսկի խմբին եւ խաղաղության հաստատման երեք սկզբունքներին

Լեհաստանն աջակցում է Մինսկի խմբին եւ խաղաղության հաստատման երեք 
սկզբունքներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանը հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ շահագրգիռ կողմերը խաղաղ երկխոսություն ծավալեն: Լեհաստանը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ այն սկզբունքներին, որոնք ենթադրում են խաղաղ լուծում (Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնական սկզբունքները` ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, ազգերի ինքնորոշում եւ տարածքային ամբողջականություն- խմբ.): Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին` նոյեմբերի 24-ին առաքելության ավարտի կապակցությամբ լրագրողների հետ հանդիպմանը: «Ցանկացած տեսակի լարվածություն, որ կարող է տեղի ունենալ հակամարտող կողմերի շփման գծում, ինչպես նաեւ ագրեսիվ ռազմական հռետորաբանությունը չեն ծառայում հակամարտության խաղաղ կարգավորմանը, կայունության ապահովմանն ու հետագա լուծմանը: Նույնիսկ Եվրոպայում հարյուրամյա պատերազմն ավարտվեց համաձայնագրով, Հայաստանն ու Ադրբեջանը դատապարտված են խաղաղության, նրանք հարեւաններ են եւ աշխարհագրությունը չեն կարող փոխել: Կարելի է փոխել աշխարհաքաղաքականությունը, իսկ այսօր անհրաժեշտ է դաստիարակել այնպիսի հասարակություն, որ պատրաստ լինի խաղաղության»,- ասաց դեսպանը` հավելելով, որ ԵՄ-ի ստեղծման գաղափարախոսությունը հենց ծնվել է խաղաղության եւ բանակցության հիմքի վրա:

Դեսպանի գնահատմամբ, հակամարտության կարգավորման այլ ձեւաչափ, քան ԵԱՀԿ Մինսկի խումբն է, գոյություն ունենալ չի կարող, սակայն հակամարտող կողմերը պետք է հասկանան, որ չի կարելի գերագնահատել միջնորդների դերը: Ըստ Ռաչինսկու, կողմերը պետք է հակամարտության կարգավորման ցանկություն դրսեւորեն, իսկ միջնորդների դերը միջնորդությունն ու բանակցության գործընթացի դյուրացումն է:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ եւ նրանց ներկայացրած առաջարկությունների հիման վրա:

Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]