1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հին հայկական տների ինտերիերն ու ազգագրության բացօթյա թանգարանի բացակայության պատճառները

Հին հայկական տների ինտերիերն ու ազգագրության բացօթյա թանգարանի 
բացակայության պատճառները

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հարություն Մարությանն իր գիտական ուղին սկսել է հայ ավանդական մշակույթի ուսումնասիրությամբ՝ հետազոտելով հայկական բնակավայրերը, բնակելի տները, կահույքը և արհեստները: Հին հայկական ավանդույթների, ինտերիերի տարրերի ժամանակակից կիրառման ու այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց Հարություն Մարությանի հետ:

- Ազգագրության ուղին դուք ընտրել եք խորհրդային համակարգի գոյության վերջին տարիներին, արդյոք չե՞ք հանդիպել խոչընդոտների՝ հաշվի առնելով խորհրդային քաղաքականությունը` ջնջել ազգերի միջև գոյություն ունեցող սահմանները:

- Պատմագիտությունը քաղաքական գիտություն է, և ես հատուկ ընտրեցի ազգագրությունը, որպեսզի չգնամ դեպի քաղաքական պատմագիտություն: Իմ թեման բավականին անմեղ էր՝ հայկական տների ինտերիերը ըստ XIX դարի վերջի - XX դարի սկզբի նյութերի. այստեղ ոչ քաղաքականություն կա, ոչ ազգերի ինքնորոշման խնդիր:

- Մի՞թե ազգագրությունն ընկալվում էր որպես անմեղ ոլորտ և չէր առաջանում անհրաժեշտությունը` շրջանցելու խորհրդային համակարգի քաղաքականությունը:

- Մի դեպք պատմեմ։ Իմ համակուրսեցի, հետագայում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանն ընտրեց «Երկլեզվության զարգացումը քաղաքաբնակ հայերի մեջ (ըստ Երևանի բնակչության էթնոսոցիոլոգիական հետազոտության նյութերի)» (Развитие двуязычия среди городских армян (по материалам этносоциологического обследования населения города Еревана)) թեման: «Անմեղ» վերնագիր ունեցող այս թեման անդրադառնում էր հրատապություն ներկայացնող մի շարք խնդիրների։ Այպես, Համբարձումի հետազոտությունը, ի թիվս այլ հարցերի, ցույց էր տալիս, որ էթնիկական տեսանկյունից ամենամիատարր հանրապետությունում, որտեղ ռուսական դպրոցների մեծ քանակությունը Երևանում էր, այդ դպրոցների բարձր վարկանիշը պայմանավորված է նրանով, որ այդտեղ հիմնականում դիմում էին մտավորական ընտանիքների երեխաներ, իսկ հայկական դպրոցներ հաճախում էին բանվորական խավի ընտանիքների երեխաները: Ու հետևաբար, ռուսական դպրոցների մակարդակը բարձր էր շնորհիվ այնտեղ հաճախող մտավորական ընտանիքների երեխաների և ոչ թե ռուսալեզու ուսուցման պատճառով, ինչպես դա ներկայացվում էր քաղքենիական հասարակությունում: Եվ այն առասպելը, որ ռուսական դպրոց ավարտածն ավելի կրթված է ռուսակա´ն դպրոցի շնորհիվ, փաստորեն չուներ և ոչ մի իրական հիմք։ Եվ դա Համբարձումը ցույց էր տալիս թվերով և փաստերով:

- Համեմատելով հարյուր տարի առաջ հայկական ազգային տների ինտերիերն ու այսօրվա մեր տները, կա՞ն արդյոք տարրեր, որոնք, այնուամենայնիվ, պահպանվել են մեր տներում, սակայն մենք չենք նկատում դրանք:

- Հիմնականում ոչինչ չի պահպանվել: Եթե նույնիսկ պահպանվել է, ապա շատ քիչ: Մեծ քանակությամբ տարրեր տեղ չեն գտնում մերօրյա կառույցներում։ Օրինակ՝ Շիրակում և Ջավախքում, որտեղ ձմեռները ցրտաշունչ են, մարդիկ ձմեռում էին գոմասենյակներում (գոմի օդաներում): Դրանք գոմի մեջ, երկու կողմից կենդանիների համար նախատեսված բաժանմունքներով շրջապատված բնակելի տարածքներ էին: Նախկինում նորածինների օրորոցները պատրաստում էին  հատուկ անցքերով, առանձին աղջիկների և տղաների համար, որոնց ավելի շատ հանդիպել եմ արևելահայերով բնակեցված տարածքներում, ու վայրեր կան, որտեղ մինչև հիմա օգտագործում են: Երեխաների տակը փռում էին «խարկած հող», բարուրում: Մահճակալի վրա կար հատուկ անցք, որով դուրս էր հանվոմ մեզը: Կար եռոտանի քայլակ, որի օգնությամբ երեխաները սովորում էին քայլել: Հիմա այդ գիտելիքը պարզապես չկա, ներկայումս երիտասարդները գերապատվություն են տալիս ժամանակակից դիզայն ունեցող իրերին, կահկարասուն:

- Իսկ ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի տարբեր հատվածներում կահույքի վրա հարուստ զարդարանքի առկայությունն ու բացակայությունը։ 

- Այն տարածաշրջաններում, որտեղ փայտը շատ էր, կահույքը պատրաստում էին հարուստ զարդանախշերով։ Օրինակ, անտառներով հարուստ Լոռիում ավելի շատ են հանդիպոում զարդանախշված փայտյա առարկաները, մինչդեռ Շիրակում, որտեղ փայտը սուղ է, փայտակերտ իրերը շատ ավելի «զուսպ» տեսք ունեն:

- Ունենալով այդքան հարուստ ներքին ինտերիերի ավանդույթներ, ինչու մենք այսօր չունենք բացօթյա ազգագրության թանգարան, ինչպիսի՞ն է, օրինակ, Թբիլիսիինը, որտեղ Վրաստանի յուրաքանչյուր տարածաշրջան ներկայացված է առանձին տան տեսքով:

- Դեռևս 1984 թ. Մոսկվայի ազգագրության ինստիտուտում պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն, ենթադրվում էր, որ կվերադառնամ Հայոց ազգագրության թանգարան (Սարդարապատ) և կզբաղվեմ բացօթյա ցուցադրության կազմակերպման հարցերով, սակայն վերադառնալուց հետո խնդիրներ առաջացան թանգարանի ղեկավարության հետ և մտահղացումը հնարավորություն չեղավ իրականացնել։ Սակայն ժամանակի ընթացքում այդ տները ոչնչացան կամ դարձան մառաններ: Ու այսօր Հայաստանում գրեթե չեն պահպանվել մեր անցյալից կահույքի նմուշներ: Նմանատիպ ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ է պետության մասնակցությունն ու կապիտալը:

- Ո՞րն է պատճառը, որ, ի տարբերություն այլ երկրների, մեզ մոտ չեն պահպանվում հին տները:

- Այն իրողությունը, որ մենք բողոքի ալիք ենք բարձրացնում, օրինակ, Ջուղայի խաչքարերի ոչնչացման համար, այն ժամանակ, երբ մեր իսկ երկրում քանդվում են պատմամշակութային արժեք ունեցող շենքերը, ունի խորը հիմքեր: Խորհրդային գաղափարախոսությունից ելնելով` հոգևոր արժեք ունեցող կոթողները՝ վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր ներկայացնում էին որպես պատմամշակութային հուշարձաններ: Ու 70 տարի շարունակ խորհրդային համակարգի կողմից պահպանվող գրեթե ոչ մի հասարակական կամ բնակելի շենք չկար: Այդ էր այն պատճառներից մեկը, որ շատ-շատերի համար ձևավորվել էր մտայնություն, որ 100 տարվա պատմություն ունեցող շենքն իրենից պատմական արժեք չի ներկայացնում: Եվ բնակչության այդ ստվար մասի համար տասը տարի պահանջվեց, որպեսզի առաջանա հին շենքերի կարևորությունը գնահատելու գիտակցությունը: Դեռևս 1998 թ. այդ գիտակցությունը դեռ չկար: Այդ իսկ պատճառով Բուզանդի փողոցի տեղում գտնվող շենքերի տարածքները պետական գերակա շահի ձևակերպմամբ տրվեցին մասնավոր ընկերություններին, քանի որ քաղաքի կենտրոնում խիստ շահավետ էր վաճառել նորակառույց տարածքներ:

- Ձեր մայրիկի ընտանիքը խորհրդային տարիներին, ի թիվս տասնյակ հազարավոր հայ մարդկանց, ենթարկվել էր ռեպրեսիայի: Այդ հանգամանքն արդյոք ազդե՞լ էր ձեր մասնագիտական ընտրության վրա` նկատի ունենալով, որ դուք չցանկացաք զբաղվել քաղաքական պատմագիտությամբ:

- Մայրիկիս ու նրա հարազատների հետ պատահածն ազդեց հենց պատմության ուղղության ընտրության վրա։ Այն ժամանակ խորհրդային գիտության մեջ դեռ չկային պատմական և կոլեկտիվ հիշողության հետազոտական ուղղությունները: Ութսունականների վերջին բարձրացած համազգային շարժման շնորհիվ Օպերայի բակը դարձավ ազգագրագետների համար ուսումնասիրության «դաշտ», որտեղ մենք կարող էինք շփվել մարդկանց մեծ բազմության հետ, տեսնելև զգալ հասարակական տրամադրությունների ձևավորման, փոփոխությունների դրսևորումները։ Սումգայիթյան իրադարձություններից հետո մարդիկ ավելի շատ սկսեցին անդրադառնալ ցեղասպանության թեմային: Այդ թեմայի ուսումնասիրության համար էլ 2011-ին արժանացել եմ Հա¬յոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ա¬վանդ ներդրած անձանց շնորհվող ՀՀ Նախագահի մրցանակին։

- Ի դեպ, այս տարի դուք կրկին պարգևատրվեցիք Նախագահի կողմից (այս անգամ՝ Մովսես Խորենացի մեդալով): Ի՞նչ զգացումներ ունեք այդ առիթով:

- Առաջին հերթին հպարտություն եմ ապրում: Երբ 2012 թ. ստացա նախագահական մրցանակը, շատ հաճելի և պատվաբեր էր: Ինձ համար կարևոր էր նաև այն, որ նման ընտրություն կատարեց նախ և առաջ մասնագիտական հանձնաժողովը։

Հարցազրույցն` Անահիտ Մինասյանի



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]