1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աշոտ Մելքոնյանը բացառում է Էրդողանի Հայաստան գալը

Աշոտ Մելքոնյանը բացառում է Էրդողանի Հայաստան գալը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Թուրքիայից հայերի պահանջատիրության խնդրի, Թուրքիայում հայերին տարբեր պաշտոններում նշանակելու և 2015թ. Հայոց Մեծ եղեռնի տարելիցին նվիրված պատմագիտական հանրության ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ։  

-Պարոն Մելքոնյան, ի՞նչ ենթատեքստ է պարունակում «Ակոս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Էթյեն Մահչուփյանին Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելը։

-Ես համոզված եմ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին, թուրքական սուտը այն աստիճանի ծիծաղելի է դարձել համաշխարհային հանրության համար, որ Թուրքիան այլևս չի կարող ժխտողական կեցվածքով ներկայանալ աշխարհին։ Այժմ թուրքերը փորձում են նոր տարբերակներ գտնել իրենց խորամանկ-ենթատեքստային քաղաքականությունն առաջ մղելու համար և դրա վառ վկայությունն էր ընթացիկ տարվա ապրիլի 24-ի նախօրյակին այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կիսատ-պռատ հայտարարությունը, որտեղ ճիշտ է նա ցեղասպանություն բառը չէր գործածել և չէր ասել, որ նման բան է եղել, բայց եթե ցավ էր ապրում տեղի ունեցածի համար, (իհարկե հավելելով, որ այդ ցավը հավասարապես վերաբերում է նաև մահմեդականներին՝ որոնք երկուստեք կորուստներ են կրել), ապա դա ևս մեկ ապացույց է, թուրքական ընդհանուր ռազմավարությունը փոխվել է և թուրքերը փորձում են նոր ձևեր փնտրել իրենց քաղաքականությունը առաջ տանելու համար։

Էթյեն Մահչուփյանի նշանակումով նրանք փորձում են ապացուցել, որ այնքան ժողովրդավար են, որ վերականգնում են Օսմանյան Կայսրությունում գոյություն ունեցող ավանդույթները, երբ հայ ամիրայական դասը կանգնած էր սուլթանի կողքին, և նրանք նույնիսկ Թուրքիայի պետական քաղաքականության մեջ եղանակ էին ստեղծում։ Սա, իհարկե, հերթական շղարշն է և պետք է շատ զգույշ լինել և Թուրքիայում մեր պատրիարքարանը պետք է իր հայտարարություններում շատ զգույշ լինի, քանի որ Թուրքիայում չկա ժողովրդավարական միջավայր և այնտեղ չես կարող ազատորեն քո կարծիքը հայտնել և շատ հնարավոր է, որ թուրքական իշխանություններն իրենց փոփոխված քաղաքականության նոր ձևերն առաջ տանեն հայ պաշտոնյաների միջոցով, և մենք պետք է պատրաստ լինենք միջազգային հանրությանը ծանոթացնելու վերը նշված թուրքական այս ճարպիկ քայլերին։ 

-Հավանական համարո՞ւմ եք Էրդողանի ժամանումը Երևան 2015թ. ապրիլի 24-ին։

-Ես բացառում եմ նրա գալը, քանի որ դա կնշանակի, որ Թուրքիան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ինչը ներկա վարչակարգից սպասել ուղղակի անհնարին է։ Սակայն, եթե Թուրքիան ուղարկի որևէ պաշտոնյայի, դա Թուրքիայի` Հայոց ցեղասպանության իրողությունն ընդունելու հետ կապված Արևմուտքի ճնշումներին հակադարձելու մի փորձ կլինի և նրանց նոր մարտավարության կիրառման ձևերից մեկը։ Այդ կերպ իրենց ցավը հայտնելով 1915թ. իրադարձությունների կապակցությամբ` հաջորդ տարի նրանք կարող են հայտարարել, որ, օրինակ, 1975-1982թթ. իբր հայ ահաբեկիչների, իսկ իրականում մեր նոր ազատամարտի պայքարի ներկայացուցիչների կողմից (ԱՍԱԼԱ - Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ-հեղ.) սպանված թուրքերի հիշատակին մի միջոցառում կազմակերպեն և դրանով մեզ դարձյալ փորձեն նույն նժարի վրա դնել, և այդ պատճառով այս հարցում պետք է շատ զգույշ լինել։

-Արմեն Մարուքյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները» գրքի շնորհանդեսին Դուք նշեցիք, որ 1965թ.-ից մենք ընկանք Թուրքիայի լարած թակարդի մեջ և մեզ ներքաշեցին անիմաստ ճանաչման գործընթացի մեջ, ու հիմա ողջ հայությունը պետք է միավորվի պահանջատիրության գաղափարի շուրջ։

- Մենք մինչև 1965թ.-ը ճիշտ ուղու վրա ենք եղել, սակայն Խորհրդային Հայաստանը ստալինյան վարչակարգի պայմաններում հնարավորություն չուներ բարձրաձայնելու Հայոց ցեղասպանության խնդիրը, իսկ այդ ռեժիմն այս խնդիրը փորձում էր լռեցնել, իսկ սփյուռքը դեռևս շատ թույլ էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ ավելի հեշտ էր և խնդիրը շատ հստակ էր դրված, որ մենք հայրենիքի վերադարձի պահանջ ունենք, բայց 1965թ.-ից թուրքերը ճարպկորեն մեզ ներքաշեցին Հայոց ցեղասպանության լինել-չլինելու վերաբերյալ բանավեճի մեջ, և մենք  մոռացանք մեր հիմնական խնդիրը, չնայած կուսակցական մակարդակով, Հայ դատի հանձնախմբերի միջոցով շարունակվեց խոսվել պահանջատիրության մասին։ Մենք սկսեցինք  կարևորել  թուրքական ստի ջրի երես հանելը և առանց հասկանալու, որ աշխարհի տարբեր պառլամենտների մակարդակով խորհրդարանական բանաձևերի ընդունումը մեզ գրեթե ոչինչ չտվեց, բացի 1995թ. ապրիլի 14-ին Ռուսաստանի Դաշնության պետական դումայի հայտարաության, որտեղ փաստված էր, որ հայերի ցեղասպանությունը կատարվել էր իրենց պատմական հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում, այսինքն՝ այլ երկրների ընդունած բանաձևերի մեջ միայն այս փաստաթղթում էր պահանջատիրությունը հստակ ձևակերպում ստացել։ Իհարկե, մարդիկ ասում են, որ ցեղասպանությունը պետք է ճանաչվի  և նոր գա հատուցման խնդիրը։ Բայց Հայոց ցեղասպանությունն ինքնին արդեն ճանաչված էր, որովհետև այն այնպիսի մասշտաբային երևույթ է, որ ամեն երկիր իր արխիվային փաստաթղթերով, տպագիր մամուլում եղած նյութերով, կարող է ուսումնասիրել խնդիրը և գալ այն եզրակացության, որ այն իսկապես եղել է։ Եթե հեռավոր Արգենտինայում և Ուրուգվայում հատորներով նյութեր կային Հայոց ցեղասպանության մասին և դրանք հրապարակվեցին , ապա պատկերացրեք, թե Գերմանիայի, Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի արխիվներում որքան նյութեր կան։

-Փաստորեն՝ Հայաստանը պետք է վերանայի՞ իր քաղաքականությունը այս հարցում։

- Ես հասկանում եմ նաև մեր իշխանությունների զգուշավորությունը, որովհետև թուրքական կողմի հակազդեցությունը պահանջատիրության կապակցությամբ կարող է շատ վայրագ լինել, բայց համենայն դեպս, երբ խոսում ենք Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման մասին, ապա անպայմանորեն պետք է առաջ քաշել պահանջատիրության խնդիրը, քանի որ մեզ ցեղասպանության են ենթարկել հայրենիքից զրկելու համար և հատկապես Արևմտյան Հայաստանի արևելյան հատվածներում եղան սարսափելի ջարդեր՝ նպատակ ունենալով վերացնել հայկական սեպը, որը գոյություն ուներ Կովկասի թաթարների և օսմանյան թուրքերի միջև՝ դրանով իսկ իրագործելով Մեծ Թուրանի գաղափարը։

-Ի՞նչ նախադեպային բազա գոյություն ունի ցեղասպանությունների դատապարտման գործում միջազգային դատական պրակտիկայում։

- Հենց դրան են նվիրված Արմեն Մարուքյանի աշխատությունները և դրանում խոսվում է ցեղասպանությունների դատապարտման պատմաիրավական հենքի մասին, թե ինչ նախադեպեր կան պատմության մեջ, միջազգային իրավունքը ի՞նչ մակարդակով է խնդիրը լուծելի դարձնում։ Այդ իրավական հենքի վրա Մարուքյանը տեղադրում է նաև Հայոց ցեղասպանության խնդիրը և գալիս է այն նույն եզրակացությանը, որին տարիներ առաջ եկել էր շվեյցարացի իրավաբան Ալֆրեդ Դե Զայասը, ով 14 տարի Մարդու իրավունքների հանձնախմբի նախագահն է եղել, ով մենագրություն է գրել, որտեղ ասվում է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից հատուցման խնդիրը միանգամայն հնարավոր է։ Իհարկե, Թուրքիան միջազգային դատարանում կփորձի շրջանցել այդ հարցը՝ պատճառաբանելով վաղեմության խնդիրը, քանի որ Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիան ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 9-ին, իսկ 1915թ. իրադարձությունները տեղի են ունեցել դրանից առաջ և օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ։ Բայց ինչպես չի կարող ունենալ, երբ հրեաների հոլոքոստը տեղի էր ունեցել 1933-1945թթ, իսկ հատուցումը եղել է 1948թ.-ից հետո՝1952թ.-ից։  Ռաֆայել Լեմկինը բանաձևել է այդ կոնվենցիան՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանության իրողությունը, հաշվի առել հենց Հայոց ցեղասպանության իրողությունը։

-Ե՞րբ մեր պետությունը Հայոց ցեղասպանության գործով դատական հայց կներկայացնի Թուրքիայի դեմ, և ի՞նչ անել, որ միջազգային դատարանը անաչառ գործի և չենթարկվի արտաքին ճնշումների:

-Միջազգային իրավունքը խոցելի է այն տեսանկյունից, որ դատապարտելի և քրեորեն պատժելի է համարում միայն ցեղասպանություն գործողության համար, որը պետականորեն իրականացված սպանդի գործողություն է էթնոկրոնական հենքի վրա՝ էթնոսը կամ կրոնական հանդրույթը ամբողջապես կամ մասնակիորեն վերացնելու համար, այսինքն այն ինչ տեղի է ունեցել մեր և հրեաների հետ։ Սակայն մեզ ենթարկել են նաև հայրենազրկման և միջազգային իրավունքը պետք է քրեական պատասխանատվություն նախատեսի նաև այդ դեպքի համար, քանի որ ներկա պահին միջազգային իրավունքը քրեական պատասխանատվություն է ենթադրում միայն ժողովրդին սպանելու համար և այն պետք է բարելավվի հենց հայրենազրկման ձևակերպումով, որը մեզ հստակ հնարավորություն կտա հասնելու հատուցման խնդրին, որը, իհարկե, դժվար ճանապարհ է, սակայն բացի մեզնից աշխարհում նույնպես կան ազգեր, որոնք հայրենազրկվել են, և ՄԱԿ-ում մեզ հետ միասին կարող են այդ խնդիրը բարձրաձայնել և տանել առաջ, ինչպես դա ժամանակին արեցին հրեաները։ 

-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Պատմության ինստիտուտը ի՞նչ ծրագրեր է նախատեսել 2015թ.-ին։

-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսված է անցկացնել մի շարք գիտաժողովներ. Պոտսդամի Յոհաննես Լեփսիուսի անվան գիտահետազոտական ինստիտուտը կազմակերպելու է գիտաժողով, որն անցկացվելու 2015թ. մարտի 1-3-ը Բեռլինում և Պոտսդամում և այդ գիտաժողովին ցեղասպանության խնդիրը պետք է քննարկվի զանազան տեսանկյուններից։

Նախատեսվում է նաև Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի հետ համատեղ կազմակերպել միջազգային գիտաժողով 2015թ. հունիս-հուլիսին, թերևս դա կլինի գիտական աշխարհում ամենակարևոր իրադարձությունը։Բացի այդ՝ նախատեսվում են գիտաժողովներ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Մենք երիտասարդների մի խումբ ենք պատրաստել, ովքեր տարբեր լեզուներով Լեռնային Ղարաբաղի և Հայոց ցեղասպանության հարցերով նյութեր են ներկայացնում տարբեր գիտաժողովներին և մենք աշխատում ենք լուծել նրանց բոլոր ֆինանսական հարցերը, որպեսզի նրանք կարողանան մասնակցել այդ գիտաժողովներին։

Բազմաթիվ հրապարակումներ կլինեն 2015թ. ցեղասպանության թեմայի կապակցությամբ։ Մենք հոկտեմբերին ավարտեցինք «Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը` պատմություն և արդիական խնդիրներ» միջազգային կարևոր  գիտաժողովը և արդեն սկսել ենք նյութերի հավաքագրումը և համանուն ժողովածուն լույս կտեսնի 2015թ.-ին։

Կլինեն նաև այլ մենագրություններ, որոնք դարձյալ նվիրված կլինեն պահանջատիրության խնդրին, բացի այդ՝ Մարուքյանի «Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները»   աշխատությունը Մեծի Տանն Կիլիկիո պատրիարք Արամ Ա կաթողիկոսը նախատեսում է թարգմանել անգլերեն։ Շատ կարևոր է, որ վերջին երկու-երեք տարիներին մեր հանրությունը Հայոց Ցեղասպանության խնդիրը սկսել է դիտարկել պահանջատիրության տեսանկյունից։

-Կարծիքներ կան,  որ մենք կարող էինք կանխել Հայոց ցեղասպանությունը և մեղավոր ենք, որ թույլ տվեցինք երիտթուրքերին կյանքի կոչելու իրենց ծրագիրը և դրանում իրենց մեղքի բաժինը ունեն հայկական կուսակցությունները ։

-Բացարձակ ճշմարտության հասնել այս կապակցությամբ հնարավոր չէ, միշտ կարծիքներ կլինեն, որոնք կփորձեն վերանայել նախորդ մոտեցումները։ Ինչ վերաբերում է մեղքի խնդրին, ապա ես հոկտեմբերի 1-ին Առաջին աշխարհամարտի գիտաժողովին իմ «Հայոց ցեղասպանության պատճառներն ու հետևանքները» զեկույցում անդրադարձել եմ այդ հարցին։ Գիտեք, այդ մոտեցումները շատ են, բայց ես չեմ ընդունում մեր մեղքը Հայոց ցեղասպանության հարցում և պատահական չէր, որ Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը հումորային ենթատեքստով բացատրել էր, որ կգան սերունդներ, որոնք կփորձեն գտնել մեր մեղքի բաժինը Հայոց ցեղասպանության մեջ, բայց արդարությունը պահանջում է ասել, որ թերևս մեր միակ մեղքը այն էր, որ չկանխեցինք Առաջին համաշխարհային պատերազմը։

Դեռևս 1911թ.-ի հունական Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովում երիտթուրքերը որոշել էին հայերին կոտորել և Առաջին համաշխարհային պատերազմը նպաստավոր միջավայր էր ստեղծել նրանց համար՝ այն իրականցնելու համար։ Սակայն դա չէր նշանակում, որ մենք չպետք է նախապատրաստվեինք այդ ջարդերին և այստեղ արդեն մենք ունենք մեղքի բաժին։ Մենք հավատացինք 1908թ.-ի երիտթուրքերի հեղափոխությանը, զինաթափվեցինք, 10 պատգամավոր ունեցանք թուրքական խորհրդարանում և սա մոլորության մեջ գցեց մեզ։ Հայերը մտածեցին, որ գործ ունեն արդեն ժողովրդավար Թուրքիայի հետ և հավատացին երիտթուրքերի այն հայտարարությանը, թե ազատությունների դիմաց հայերը և մյուս ժողովուրդները պետք է ապահովեն Օսմանյան կայսրության միասնականությունը և նրանք ենթադրեցին, որ ապահովելով թուրքերի ասածը մենք անվնաս կլինենք, բայց, ցավոք, կյանքը ապացուցեց ճիշտ հակառակը։

-Գոյություն ունի՞ 1890-1920թթ. իրադարձությունները նկարագրող աշխատություն։

-Մասնակի այդպիսի աշխատություններ մեզանում կան. ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանը, Պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ Ռուբեն Սահակյանը, Մկրտիչ Ներսիսյանը, Վարդգես Միքայելյանը, Գալուստ Գալոյանը, ինչպես նաև Մակիչ Արզումանյանը, Ջոն Կիրակոսյանը բոլորն էլ այսպիսի աշխատություններ գրել են՝ իսկ սպառիչ աշխատություն կլինի միայն այն ժամանակ, երբ կբացվեն Օսմանյան կայսրության արխիվները։

Հարցազրույցը՝  Հենրիխ Մարգարյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]