Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթվա լրահոսը կրկին հագեցած էր ադրբեջանական կողմից խոցված հայկական ուղղաթիռի շուրջ ստեղծված իրավիճակի մասին լուրերով: Հայաստանում էլ հիմնական իրադարձությունները ծավալվեցին ներքին քաղաքական հարցերի շուրջ: «Արմենպրես»-ը ներկայացնում է անցնող շաբաթվա ուշագրավ իրադարձությունների ամփոփ պատկերը:

ԼՂ հակամարտություն. Հայկական կողմը տարհանեց ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը

Նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի հետ կապված հարցերը քննարկեցին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը: Վերջինիս հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ ԱԳ նախարարն ուղղաթիռի խոցումը համարեց մարտահրավեր ԵԱՀԿ ՄԽ խաղաղարար ջանքերին: Նույն հարցի շուրջ քննարկում կայացավ նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի միջև: Խնդրի մասին քննարումներ ծավալվեցին նաև Սեյրան Օհանյան-Անջեյ Կասպրշիկ հանդիպման ժամանակ:

ԼՂՀ-ն նոյեմբերի 19-ին երկրորդ անգամ դիմեց ԿԽՄԿ-ին` ուղղաթիռի օդաչուների ճակատագիրը պարզելու պահանջով: Հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքն (ԱՄՆ) ու Պիեր Անդրիուն (Ֆրանսիա): Նրանք Ադրբեջանին հորդորեցին թույլ տալ մոտենալ ուղղաթիռին:

Ուղղաթիռի անձնակազմի վերադարձման հարցով ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին նամակ հղեց ՀՀ օմբուդսմենը: «Կոչ եմ անում Ձեզ անմասն չմնալ և նպաստել ուղղաթիռի անձնակազմի՝ հայկական կողմին վերադարձմանը, ինչպես նաև միջադեպի համակողմանի, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննության անցկացմանը»,- ասված էր նամակում:

ՀՀ պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ թեև խոցված ուղղաթիռի խնդիրը լուծելու և անձնակազմի անդամների դիերը վերցնելու համար կան բազմաթիվ տարբերակներ, սակայն Հայաստանը կշարունակի ջանքերն ուղղել դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը միաժամանակ հայտարարեց, որ ուղղաթիռի խոցումը սադրանք էր, որը Ադրբեջանը նախապես էր մշակել: Նախարարը նաև վստահություն հայտնեց, որ մեր հարեւան պետությունը` Ադրբեջանը, ոչ հիշում է իր պատմությունը, ոչ էլ անցյալից դասեր քաղում եւ սխալներից սովորում: Սեյրան Օհանյանն, այնուամենայնիվ, Ադրբեջանին խորհուրդ տվեց վերհիշել անցյալն ու արկածախնդրության չդիմել:

Չնայած հայկական կողմի նախազգուշացումներին ու միջազգային ատյաններից հնչող խաղաղության կոչերին` Ադրբեջանը շարունակեց կրակի տակ պահել հայկական ուղղաթիռի անկման վայրը: Նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը նշված հատվածում ադրբեջանական բանակը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի ռեժիմը խախտեց շուրջ 190 անգամ, որից 8-ի դեպքում՝ նռնականետից և խոշոր տրամաչափի այլ զինատեսակներից:

Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը` ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմեցին ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվեցին ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հատուկ գործողության ընթացքում հայկական կողմից զոհեր չեն եղել, իսկ ահա Ադրբեջանը մի քանի զոհ է տվել: ԼՂՀ նախագահը ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներին հետմահու պարգևատրեց «Արիության համար» մեդալով:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը facebook-ի իր էջում գրառում կատարեց` նշելով, որ ադրբեջանական կողմի կորուստներն այնքան շատ են, որ Ադրբեջանի Զինված ուժերի բրիգադի հրամանատարը պաշտոնանկ է արվել:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ հատուկ գործողության ընթացքում հակառակորդի կազմակերպած ծուղակն ամբողջովին ոչնչացվել է: Սեյրան Օհանյանը միաժամանակն ընգդծեց, որ սադրանքների դեպքում հայկական կողմից միշտ լինելու են համապատասխան քայլեր:

ԼՂՀ ՊԲ-ն էլ հատուկ գործողությունից ժամեր անց հրապարակեց խոցված ուղղաթիռի անձնակազմի տարհանման տեսանյութը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 22-ին հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Դավիթ Տոնոյանն Անջեյ Կասպրշիկի ներկայացրեց ուղղաթիռի անձնակազմի դիակների տարհանման անհերքելի փաստեր:

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների գործով դատական նիստը: Նիստերից մեկի ժամանակ ադրբեջանցի դիվերսանտները միմյանց մեղադրեցին Սմբատ Ցականյանի դին դեպքի վայրից տեղափոխելու մեջ, իսկ Ամբաստանյալ Ասկերովն իր համախոհին մեղադրեց ստախոսության մեջ:

ԵԽԽՎ-ն ընդունեց Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու համար Ադրբեջանին դատապարտող բանաձեւ: Հանձնաժողովը դատապարտեց Ադրբեջանին այն հարցում, որ վերջինս, օգտագործելով ԵԽ կոնվենցիաներից մեկը, դատապարտյալ Ռամիլ Սաֆարովին էքստրադիցիայից անմիջապես հետո ազատ է արձակել:

Ներհայաստանյան իրադարձություններ

ԱԺ-ում անցնող շաբաթ կայացավ կառավարության նախաձեռնած արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 29 հարց: Նիստում ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 70, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 31 պատգամավոր:

Օրենսդիրն ընդունեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նաև սահմանամերձ համայնքներում գործունեության ծավալումը հարկերից ազատելու մասին օրինագիծը:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հղիության նպաստի մասին օրինագիծը, ըստ որի, աշխատող կանայք հղիության նպաստ կստանան իրենց աշխատավարձի 100 տոկոսի չափով, եթե աշխատավարձը չի գերազանցում 1 մլն դրամի սահմանը: Իսկ չաշխատող մայրերը նպաստ կստանան նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով:

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նաև շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 89, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 4 պատգամավոր:

ՀՀ կառավարության այս շաբաթվա նիստում հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ է գործուղղվում ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Արմեն Գալստյանը:

Գործադիրը հաստատեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրով ՌԴ-ն հայկական ԱԷԿ-ի շահագործման երկարաձգման համար տրամադրում է 270 մլն դոլարի վարկ, իսկ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը կիրականացվի «Ռոսատոմ»-ի հետ համատեղԳործադիրը ՀՀ մաքսակետերը ԵՏՄ չափանիշներով արդիականացնելու համար ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացրեց 1 մլրդ դրամ:

Անցնող շաբաթ Հայաստանում էր Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությունը: Յանակիս Օմիրուն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումներից զատ, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հանդես եկավ ելույթով: Անդրադառնալով երկկողմ համագործակցության հարցերին` պաշտոնյան երախտագիտություն հայտնեց Հայաստանին Կիպրոսին մի շարք քաղաքական հարցերում աջակցելու համար:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ժամանակ էլ Յանակիս Օմիրուն նշեց, որ Կիպրոսը պատրաստ է մշտապես աջակցելու Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության հարցում: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին ընդունեց նաև ՀՀ վարչապետը: Հանդիպմանը զրուցակիցները կարևորեցին առևտրատնտեսական համագործակցության աշխուժացումը` անհրաժեշտ համարելով գործարարների փոխադարձ շփումների ակտիվացումը: ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ էլ Յանակիս Օմիրուն ընդգծեց, որ Կիպրոսի և հայ ժողովուրդները փորձությունները դիմագրավել են համամարդկային արժեքների վրա հիմնվելու շնորհիվ:

Հայաստան կատարած այցի շրջանակներում Յանակիս Օմիրուն հանդիպեց մի խումբ լրագրողների հետ: Պաշտոնյան հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Կիպրոսում մի շարք միջոցառումներ են անցկացվելու և Գալուստ Սահակյանին հրավիրեց մասնակցելու այդ միջոցառումներին: Կիպրոսի Ներայացուցիչների պալատի նախագահը նաև նշեց, որ Հայաստանը և Կիպրոսը վճռական են թուրքական ժխտողականության դեմ պայքարը շարունակելու հարցում:

Հայաստանի` ԵՏՄ անդամակցություն

ՌԴ-ի կառավարության օրենքի նախագծերի պատրաստմամբ զբաղվող հանձնաժողովը նոյեմբերի 18-ին հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի վավերացման մասին օրինագծին: ՌԴ-ի կառավարությունն էլ նոյեմբերի 21-ին հավանություն տվեց պայմանագրին: Վլադիմիր Պուտինին ներկայացնելու որոշումն ընդունվեց նախարարների կաբինետի նիստի արդյունքում: Փաստաթղթին ծանոթանալուց հետո պետության ղեկավարը պետք է Հայաստանի հետ պայմանագիրը ներկայացնի վավերացման:

Հայաստանյան  մսամթերք արտադրող և վերամշակող 11 կազմակերպություններ հնարավորություն ստացան իրենց արտադրանքը արտահանել ՌԴ:

ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտարարեց, որ ԵՏՄ-ի տարածքում աշխատանքային միգրանտները որոշ արտոնություններ կստանան. աշխատաշուկաները դառնում են միասնական, և  աշխատանքի գործունեություն ծավալելիս ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիեները հավասար վիճակում են հայտնվում: ԵՏՄ անդամ երկրների տարածքներ մուտք գործելուց հետո միգրանտները հաշվառման կանգնելու համար կունենան 30 օր:

Գագիկ Եգանյանը տեղեկացրեց նաև, որ ՌԴ միգրացիոն ծառայությունը 374 հայերի թույլատրել է կրկին մուտք գործել Ռուսաստան:

ՀՀ վարչապետի այցը Թուրքմենստան 

Անցող շաբաթ աշխատանքային այցով Թուրքմենստանում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության ղեկավարին ընդունեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Կողմերը կարևորեցին առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացումը և անհրաժեշտ համարեցին գործնական քայլերի իրականացումը՝ ուղղված առկա ներուժի իրացմանը:  

Աշգաբադում ՀՀ վարչապետը մասնակցեց ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Մեր երկրին առնչվող կարևորագույն հարցերից մեկը, որը քննարկվեց նիտի ժամանակ, մշակույթի բնագավառն էր: Մասնավորապես, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին շնորհվեց գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման բնագավառում բազային կազմակերպության կարգավիճակ:

ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում կայացավ նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի եւ Ղրղզստանի վարչապետների ոչ պաշտոնական հանդիպումը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից

Հայաստանում և ամբողջ աշխարհում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստությունները: Մինչեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը իսպանական «Վեգա Մեդիա Պրես» լրատվամիջոցի հայկական բաժինը կներկայացնի իսպանախոս երկրների մի քանի տասնյակ հեղինակների ստեղծագործություններ, հոդվածներ Մեծ Եղեռնի վերաբերյալ:

Կանադայում ՀՀ դեսպանի հովանավորությամբ Մոնրեալում նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համար նախատեսված անդրանիկ հանգանակությունը: Հանգանակությանը մասնակցեց մոտ 400 հոգի և հավաքագրվեց մոտ 150 000 կանադական դոլար:

Ատրպատականում նոյեմբերի 17-ին բացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես: «Հայոց ցեղասպանության լուսաբանումը՝ համաշխարհային մամուլի առաջին էջերին» երկօրյա ցուցահանդեսում ներկայացվեց շուրջ 60 լուսանկար, իսկ Նյու Ջերիսում լույս տեսավ Իրեն Ոսբիկյանի` Հայոց ցեղասպանությունից փրկված եւ ԱՄՆ-ում հաստատված Պետրոսի մասին «Պետրոս» գիրքը:

Սպիտակ տան այցելուների սրահում նոյեմբերի 18-23-ը ցուցադրվեց հայ որբերի գործած գորգը: Այս փաստը ողջունեցին ԱՄՆ կոնգրեսականները: Թեհրանում բացվեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» ցուցահանդեսը և տեղի ունեցավ համանուն գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաև գրքի հեղինակ Հայկ Դեմոյանը: 

Ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարեց, որ Ուկրաինայի ղեկավարությունը դիտարկում է հանրապետության արեւելքում հակամարտության հետագա զարգացման տարբեր սցենարներ և նախապատրաստվել է նույնիսկ «տոտալ պատերազմի սցենարին»: Հանրապետության ղեկավարը գերմանական Bild թերթին տված հարցազրույցում նշեց, որ Ուկրաինայի համար դեռեւս վաղ է ՆԱՏՕ-ին անդամակցելը:

Լեհաստանի ԱԳ նախարար Գժեգոժ Սխետինան նշեց, որ մեկ ամիս առաջ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների առիթով վեճերը Եվրամիությունում ավելի քիչ էին, քան հիմա: Նա միաժամանակ հայտարարեց, որ իրենք չեն կորցնում Ռուսաստանի հետ փոխըմբռնման հասնելու հույսերը: Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Լոնդոնում կայացած բանակցություններից հետո հայտարարեցին, որ Լոնդոնը եւ Վաշինգտոնը կշարունակեն ՌԴ-ի վրա ճնշում գործադրել ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ:

Կրեմլը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամագրվելու երաշխիքներ պահանջեց: Այս մասին BBC News-ին տված հարցազրույցում հայտարարեց ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: ՆԱՏՕ-ի արձագանքը չուշացավ: ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն հայտարարեց, որ իրենք զարմացած են դաշինքին Ուկրաինայի չանդամագրվելու երաշխիքների մասին ՌԴ-ի հայտարարությունից: «Ռուսաստանի պաշտոնատար անձի նման հայտարարությունը զարմացնում է, կտրված է իրականությունից եւ խախտում է միջազգային այն պարտավորությունները, որոնք Ռուսաստանն ինքն է ստորագրել»,-հայտարարեց Լունգեսկուն:

Օտարերկրյա դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ հերթական հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ նախագահը: Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համագործակցել ներքին գործերին չմիջամտելու և իրավահավասարության հիման վրա: «Մենք պատրաստ ենք ամերիկացի գործընկերների հետ  գործակցել ամենատարբեր ուղղություններով՝ միմյանց շահերի փոխադարձ հարգման, իրավահավասարության եւ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով»,- ընդգծեց Պուտինը:

Սիրիա

Իրավիճակը շարունակում է լարված մնալ Սիրիայում: Նոյեմբերի 18-ին Հոմսում և մերձակա գյուղերում 131 զինյալներ վայր դրեցին զենքերը և հանձնվեցին իշխանություններին: Նախկին զինյալները պարտավորվեցին չձեռնարկել քայլեր, որոնք ուղղված կլինեն հայրենիքի անվտանգության դեմ: Նույն օրը քրդական ուժերը Քոբանիի կենտրոնում 6 շինություն ազատագրեցին ԻՊ-ից: Իսկ ԻԼԻՊ-ը նոյեմբերի 19-ին մահապատժի ենթարկեց ներքին պառակտումներ թույլ տված անդամներին` այդ թվում ադրբեջանցի մեկ հրամանատարների:

ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային դաշինքի օդանավերը 72 ժամվա ընթացքում Սիրիայում 6 օդային հարվածներ հասցրին «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ, ևս 24 հարված ուղղվեց Իրաքում իսլամիստների դիրքերին:

Հայտնի դարձավ, որ Սիրիայի փոխվարչապետ, Արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ Մուալլեմը նոյեմբերի 26-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Նախատեսվում է, որ Ուալիդ ալ Մուալլեմը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կքննարկեն Սիրիայում և նրա շուրջ կատարվող իրադարձությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]