Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գերմանիայի եւ Միացյալ Թագավորության դեսպաններն Ադրբեջանին խաղաղության կոչ են անում

Գերմանիայի եւ Միացյալ Թագավորության դեսպաններն Ադրբեջանին խաղաղության 
կոչ են անում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Գերմանիայի եւ Միացյալ Թագավորության դեսպանները դատապարտում են ադրբեջանական օդուժի կողմից հայկական ուղղաթիռի խոցումն ու Ադրբեջանին մարդասիրության կոչ անում` շեշտելով, որ սահմանին եւ դեպքի վայրում պետք է հաստատվի խաղաղություն: «Այն, ինչ տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին, սարսափելի իրադարձություն է, ողբերգություն: Մենք ցավակցում են զոհված երեք օդաչուների ընտանիքների անդամներին, հարազատներին եւ ընկերներին: Սա մեծ ողբերգություն է, եւ Մեծ Բրիտանիան միանում է այն բոլոր հայտարարություններին, որ արվել են նախապես միջազգային կառույցների կողմից»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթի Լիչը:

«Այս ողբերգությունը հերթական անգամ փաստեց, որ ԼՂ հակամարտության կարգավորումն այլ տարբերակ չունի, քան խաղաղ բանակցությունների ու երկխոսության ճանապարհը: Այս առումով Գերմանիան հերթական անգամ իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին` փաստելով, որ կարգավորումը պետք է կայանա այդ կառույցի շրջանակներում»,- ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը:

«Արմենպրես»-ի հարցին` «Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես Միացյալ Թագավորությունն ու Գերմանիան, միջազգային մի շարք կառույցների անդամ են. արդյոք մտահոգիչ չէ, որ ԵԽ եւ ԵԱՀԿ անդամ պետությունը ոչ մարդասիրական սկզբունքներով է հանդես գալիս»,- Գերմանիայի դեսպանն ասաց, որ ութ օր շարունակ թույլ չտալ, որպեսզի զոհվածների դիակները տեղափոխվեն, ոչ մարդասիրական քայլ է եւ անշուշտ նման դեպքերում պետք է ցուցաբերել հումանիզմ, քանի որ մարդկային կյանքն ամենամեծ կորուստն է: «Մենք կոչ ենք անում ԼՂ հակամարտությունը կարգավորել խաղաղ բանակցությունների հիման վրա ԵԱՀԿ երեք սկզբունքների կիրառմամբ եւ պահպանել անվտանգություն տարածաշրջանում»,- ասաց Քեթի Լիչը:

Սկսած նոյեմբերի 12-ից միջազգային գրեթե բոլոր կառույցներն ու դեսպանները Ադրբեջանին մի քանի անգամ խաղաղության եւ մարդասիրության կոչ են արել: Խաղաղության կոչով է հանդես եկել նաեւ ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Լրագրողների հարցին, թե որն է լինելու հայկական Զինված ուժերի պատասխանը, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն ասել էր, որ հայկական կողմը կշարունակի ջանքեր գործադրել դիվանագիտական ճանապարհով հարցը կարգավորելու ուղղությամբ: Սակայն տասը օրվա ընթացքում հարեւան երկրում չհասկացան ոչ դիվանագիտական լեզուն, ոչ մարդասիրական կոչերը եւ նոյեմբերի 22-ի գիշերը ԼՂՀ հատուկ ստորաբաժանումներն իրականացրեցին օպերացիա, որի արդյունքում տարհանվել են Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Արցախի ռազմօդուժի ուղղաթիռը խոցվել էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12­ին` ժամը 13.45­ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ: Հակառակորդը մի քանի օր շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ` չանսալով միջազգային հանրության կոչերին` դադարեցնել կրակը` մարմինների դուրսբերման հնարավորություն տալով: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]